Բաժիններ՝

Պետք է հարկել ոչ միայն շքեղ գույքը, այլև արտադրական տարածքները. Էդվարդ Սանդոյան

Տարբերակված գույքահարկի սահմանումը միանշանակ ճիշտ որոշում է, և դա ամբողջ աշխարհում կիրառվող մոտեցում է, որն ազգաբնակչության եկամուտների համահարթեցման լավագույն սկզբունքներից մեկն է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

Շքեղության հարկին դեմ արտահայտվողների փաստարկը, թե գուցե շքեղ առանձնատունը վաղուց է կառուցված, ու հիմա սեփականատերն ի վիճակի չէ նման չափով շահութահարկ վճարել, Է.Սանդոյանը որակեց՝ որպես շահարկում:

Ըստ նրա՝ մոտեցումը պետք է լինի այնպես, որ, օրինակ, մինչև 50 քմ բնակելի մակերեսը հարկվի 0 % դրույքաչափով, 50-200 քմ-ն կարելի է շարունակել այսօրվա կադաստրային մոտեցումներով հարկել, իսկ 200 քմ-ից ավելիի դեպքում պետք է շատ շոշափելի դրույքաչափեր լինեն, նույնիսկ կադաստրային արժեքի 3-4%:

Ընդ որում, Է.Սանդոյանի կարծիքով՝ դա ոչ միայն բնակելի, այլև արտադրական տարածքների դեպքում պետք է գործի: Օրինակ՝ պետք է հարկվեն արտադրական չգործող տարածքները, որպեսզի դա դրդապատճառ հանդիսանա արդյունավետ սեփականատիրոջ առաջ գալուն, ինչպես դա արվեց հողի դեպքում:

Կարդացեք նաև

«Պետք է հստակեցնել, թե ինչ է հասկացվում՝ շքեղություն ասելով: Օրինակ՝ եկամտահարկի նախավերջին օրենքով հրաշալի մոտեցում կար պրոգրեսիվ հարկի հետ կապված, որը 2013 թ. հունվարի 1-ից վերացավ: Այսինքն՝ հետևողականություն չեմ տեսնում: Համալիր մոտեցում է հարկավոր, կարկատաններով խնդիրը լուծել անհնար է»,- ասաց Է. Սանդոյանը՝ հավելելով նաև, որ ավտոմեքենաների շքեղության հարկի ներդրման դեպքում բարձր կարգի մեքենաների տեսակարար կշիռը խիստ նվազեց. «Դրանից բյուջեն դժվար թե շահի, բայց սոցիալական արդարության խնդիր կա, հարուստների հաշվին աղքատներին փոխհատուցելու ճանապարհ է»:

Հիշեցնենք, որ մշակվել և կառավարության հավանությանն է արժանացել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգը, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք` ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս