ՀՔԾ-ի մեղադրանքը չհաստատվեց. Վանաձորի դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել

Հունիսի 7-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել և հռչակել է Վանաձորի բնակչուհի, ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Աստղիկ Հովհաննիսյանի անմեղությունը:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել Քր. օր.-ի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ապօրինի ձեռնարկատիրություն, որով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` 7 մլն  800 հազար դրամի սահմաններում:

Քրգործը հարուցվել էր 2011 թ. դեկտեմբերի 22-ին Լոռու մարզի դատախազության կողմից, ապա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, որի կողմից էլ մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն և մեղադրյալի գույքի վրա կալանք էր դրվել:

Ձեռքբերված ապացույցները բավարար համարելով` ՀՔԾ հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գորիկ Հովակիմյանն ավարտել էր նախաքննությունը և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան: Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Նադոյանը: Դատավոր Սուրիկ  Բաղդասարյանը, սակայն, կայացրեց արդարացման դատական ակտ, վերացրեց խափանման միջոցը և Աստղիկ Հովհաննիսյանի գույքի վրա դրված արգելանքը:

Վերջինիս դեմ բողոք էր ներկայացրել հարազատ եղբայրը:  Եվ մեղադրանքի կողմի վկաների մեջ էլ հարազատ եղբայրն էր, հարազատ քույրը, քրոջ աղջիկը, նրանց հարևանները կամ նրանց հետ առնչություն ունեցող անձինք: Ընտանիքի անդամների միջև թշնամական հարաբերություններ էին ստեղծվել` սեփականության պատճառով:  Բողոքում էին, թե ինչու է Վանաձորի «Կալաբոկ» սրճարանը մոր կողմից նվիրատվությամբ Աստղիկ Հովհաննիսյանին տրվել, ոչ թե իրենց:

Մինչ ոստիկանությունում  նրա դեմ հաղորդում տալն էլ հարազատները սպառնանցել էին նրան, զրպարտություններ տարածել նրա հասցեին, ծեծկռտուքներ սարքել: Այդ բոլոր դեպքերը գրանցվել էին ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում, նյութեր էին նախապատրաստվել, որոնք մերժվել էին  մի դեպքում` բողոքի բացակայության, մյուս դեպքում` սպառնալիքի իրականացման իրական հնարավորություն չլինելու հիմքով:

«Տեսնելով, որ իրենց ապօրինի, հակաբարոյական գործողությունները արդյունք չեն տալիս, դիմել էին հետևյալ քայլին. Աստղիկ Հովհաննիսյանի եղբայրը ներկայացրել էր դիմում, որտեղ շարադրել էր մի շարք հանցագործություններ, որոնք կատարել է իբրև թե իր քույրը, տարբեր ապօրինություններ, բայց դիմումի տակ իր ազգանունը և հայրանունը ուրիշ էր նշել, երևի որ սկզբից չիմանան, որ հարազատ եղբայրը հարազատ քրոջ դեմ նման քայլ է կատարել»,- պատմում է Աստղիկ Հովհաննիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հրավիրվել էին նախապես մասնավոր հարցման ենթարկված 13 վկաներ, հարցաքննվել, պաշտպանի կողմից գրավոր հարցումներ էին ուղարկվել տասնյակից ավելի պետական հիմնարկների: Եվ ապացուցվել էր, որ «Կալաբոկ» սրճարանը չէր կարող աշխատել 2005-2009թթ. ընթացքում, ինչը, սակայն, նախաքննական մարմինը հիմնավորված էր համարել իր մեղադրանքում: Ըստ մեղադրանքի կողմի վարկածի` «Կալաբոկ» սրճարանը 2005-2009 թթ,` այսինքն  5 տարի շարունակ, ամեն օր, ներառյալ շաբաթ-կիրակի օրերին, աշխատել է ժամը 9.00-24.00-ն, միացված են եղել գովազդային վահանակներ, լույս, երաժշտություն:

«Ստացվում է, որ այդ ամենը վրիպել էր նույն շենքի, հարևան շենքի բնակիչների, դիմացի շենքում առևտրային, տնտեսական գործունեություն իրականացնող մի շարք աշխատողների, համատիրության նախագահի, Հարկային տեսչության, սոցիալական վճարների գծով տեսուչների, Պետական եկամուտների կոմիտի օպերատիվ հետախուզական բաժնի պլանային և արտապլանային ստուգումներ իրականացնող տեսուչների, քաղաքապետարանի, Հակահամաճարակային պետական տեսչության, Աշխատանքի պետական տեսչության, Զբաղվածության կենտրոնի, հարկային ոստիկանության, ոստիկանության տեղամասային տեսուչների, պրոֆիլակտիկայի աշխատակիցների, պարեկապահակային ծառայության աշխատակիցների, քրեական հետախուզության աշխատակիցների տեսադաշտից. այդ թվականներին բոլորի աչքից վրիպել էր: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք տեսականորեն: Բնական է` առողջ բանականություն ունեցող մարդու մոտ այդ վարկածը կարող է կասկածի տեղիք տալ»,-ասում է Ռուբեն Հակոբյանը` շեշտելով, որ վանաձորցիներին հայտնի «Կալաբոկ» հաստատությունը քաղաքի կենտրոնական փողոցներից Թումանյան փողոցում է գտնվում` փողոցի տեսանելի հատվածում:

Եվ ընդամենը մեղադրանքը կառուցված է եղել 6 վկաների ցուցմունքների վրա, որոնցից 4-ը կապակցված են ազգակցական կապերով, ընտանիքի անդամներ էին և ընտանիքին մոտ կանգնած անձինք: Իսկ 2-ը դատաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց նախաքննական ցուցմունքներից: Դրան ի հակակշիռ` պաշտպանական կողմի ապացուցողական բազայով հիմնավորվել էր, որ ոչ թե պաշտպանյալի գործողություններում բացայակում է հանցակազմի որևէ հատկանիշ, այլ ընդհնարապես  հանցագործության դեպքն է բացակայում:

«Ես չգիտեմ դատարանը դատական ակտը ինչպես կպատճառաբանի, ինչ հետևություններ և հիմնավորումներ կներկայացնի,  բայց միանգամայն ճիշտ եզրահանգման է եկել:  Ողջունում եմ, որ կան դատավորներ, որոնք ունեակ են կայացնելու ճիշտ և օբյեկտիվ որոշումներ»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Լուսանկարում Ռուբեն Հակոբյանն է:

Տեսանյութեր

Լրահոս