Վահան Հովհաննիսյանը՝ Անահիտ Բախշյանին. Դա լվացք անողի չափանիշ է
168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, թե «Ժառանգություն» կուսակցությունը իշխանական կոալցիայի մաս երբեք չի կազմել ու ունի «մաքուր անցյալ»:
168.am-ն այսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի՞տ եք, տիկին Բախշյանի հնչեցրած գնահատականին.
«Ֆրանսիայում կան փոքր կազմակերպություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ինչո՞ւ հիշեցի Ֆրանսիան, որովհետև այդ կազմակերպությունների գործունեությունը արգելված է: Հայատանում կան բազմաթիվ կուսակցություններ՝ մանր-մունր տարբեր չափերի, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Բայց եթե դա «մաքուր մնալու» չափանիշ է, կարծում եմ, սխալ է: Դա լվացք անողի չափանիշ է: Շորը, որը երբեք չես հագել ու դուրս չես եկել այդ շորով, միշտ շկաֆում մթան մեջ կախված է, իհարկե, մի քիչ մաքուր է, քան այն շորը, որով դու աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ, նշանակում է, որ աշխատանքի այն բաժինը չես վերցրել քեզ վրա ու փորձ էլ ձեռք չես բերել: Երբ աշխատում ես, այո, կարող ես նաև փոշոտվել, բայց փոշին կարելի է մաքրել: Իսկ շկաֆում կախված վերարկուն կարող է երկար կախվի ու դուրս գա մոդայից»:
Մեր հարցին, թե իշխանության մաս չկազմելը այս պայքարում առավելություն չէ՞, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ իշխանության մեջ երբեք չլինելը առավելություն է: Եթե իշխանության մաս չկազմելը առավելություն է, մի էլ ձգտեք իշխանության: Տենց մաքուր մնացեք: Տրամաբանական է, չէ՞»:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ինքը նկատո՞ւմ է ընդդիմության դաշտում միմյանց վիրավորելու, միմյանց դաշտը «քարեր նետելու» միտումներ, ավելի ընդդիմադիր երևալու ցանկություններ: Ի պատասխան, Վահան Հովհաննիսյանը նշեց. «Այնքան կազմակերպություններ կան, որոնց բոստանը «քցելու» այնպիսի քարեր կան, բայց մենք դա չենք անում: Վերջերս, օրինակ, սկսել են տարածել Տարոն Մարգարյանին անհատապես վիրավորող նութեր, օրինակ, մենք նման բան չենք անում: Ոչ մի ընդդիմադիր ուժի կամ իրեն այլընտրանք հռչակած ուժի նկատմամբ, մենք երբեք որևէ վիրավորական բառ չենք ասել:
Մենք համարում ենք, որ պետք էր միավորվել՝ չստացվեց: Համարում ենք, որ հիմա էլ թշնամանալ միմյանց նկատմամբ, անել բաներ, որոնք կամուրջ են այրում ու զրկում են հետագա հնարավորություններից, կարծում եմ՝ չի կարելի: Դա նույնիսկ իշխանության հետ չի կարելի անել: Ոչ մի հայկական քաղաքական ուժի որպես թշնամի դիտել չի կարելի: Դա ստրատեգիական սխալ է, իսկ մենք դա երբեք թույլ չենք տալիս: Մենք տեսնում ենք հակառակորդների, մրցակիցների, ապուշների էլ ենք տեսնում, բավականին հաճախ, բայց թշնամի ասել չի կարելի»:
Նա նշեց, որ ՀՅԴ-ի զուսպ ու պարկեշտ կեցվածքը քաղաքական մյուս ուժերի նկատմամբ պետք է ճիշտ հասկանալ, ինչից, նրա խոսքով, շատերը ասել են. «Դուք իսկական ընդդիմություն չեք»: Բայց արդյո՞ք իսկական ընդդիմությունը, Վահան Հովհաննիսյանի հարցադրմամբ, նա է, ով հայհոյում է. «Հայհոյողներն ո՞ւր են հիմա: Հիշո՞ւմ եք, ովքեր էին ամենից բարձր հայհոյում՝ պարոն Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը… ո՞ւր են հիմա: Մենք իրենց էլ չենք հայհոյում: Բոլորին էլ փորձում ենք հարգանքով վերաբերվել: Մենք աշխատում ենք չանել բաներ, սխալներ, բոլորն էլ կարող են թույլ տալ, որոնց համար հետո կափսոսենք կամ կամաչենք»:
Ըստ նրա՝ եթե անհրաժեշտ լինի համագործակցել այս կամ այն քաղաքակական ուժերի հետ՝ հանուն Հայաստանի, պետք է մինչ այդ չստեղծել այնպիսի վիճակ, որ համագործակցությունը հնարավոր չլինի: