
Անահիտ Բախշյան. Եթե Աղվան Վարդանյանը սրտնեղել է իմ հայտարարությունից, թող դրա մասին մտածի

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կայքերից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Ինձ դուր չի գալիս, որ որոշ ընդդիմադիր ուժեր սկսել են քարեր նետել մյուս ընդդիմադիրների բոստանը, իսկ իրենց ներկայացնել իդեալական և մաքուր»: Նա անդրադարձել էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի այն գնահատականին, թե՝ իրական ընդդիմությունը «ժառանգությունն» է, որովհետև երբեք իշխանության մաս չի եղել:
Այս առնչությամբ Աղվան Վարդանյանն ասել էր. «Ներողություն, բայց դա քաղաքագիտական անգրագիտություն է: Նույն կերպ, երբ «ժառանգությունն» ասում է՝ «մենք ամենամաքուրն ենք», դա կռապաշտական մոտեցում է: Մենք գտնում ենք, որ դա ճիշտ վարքագիծ չէ: Բայց, եթե այս առումով չափերն անցնեն, մենք էլ մեր ասելիքը կունենանք»:
168.am-ի հետ զրույցում Անահիտ Բախշյանը պարզաբանեց, որ ցանկացել է հասարակությանը կողմնորոշել, թե քաղաքական ուժերից որո՞նք ու հատկապես այդ ուժերում ընդգծված անհատներից ովքե՞ր՝ ինչպե՞ս են աշխատել, որքանո՞վ են «մաքուր ու անբասիր» աշխատել իշխանական կոալիցիայի կազմում լինելու ժամանակ:
«Դա թաքցնելու բան չէ: «Ժառանգությունը» կոալիցիայում երեբեք չի եղել ու ունի մաքուր անցյալ: Որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ «Ժառանգության» անդամները, նույնիսկ պատգամավոր եղած ժամանակ, ինչ-որ գործունեությամբ են զբաղվել, որի արդյունքում՝ վնաս են հասցրել հասակությանը, քաղաքացուն»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքագիտական «անգրագիտությանն» ու հայտարարության «կռապաշտական» մոտեցմանը, ինչպես ասել էր Աղվան Վարդանյանը, ապա Անահիտ Բախշյանն ասաց, որ հիմա ժամանակը չէ «իրար մաղով» անցկացնելու.
«Եթե Աղվան Վարդանյանը սրտնեղել է իմ հայտարարությունից, թող դրա մասին մտածի: Ասել ենք այն՝ ինչ ասել ենք: Մեր հայտարարությունը վերաբերում է բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր եղել են կոալիցիայի կազմում ու ծավալել են աշխատանք, որից հասարակությունը գոհ կամ դժգոհ է մնացել: Մնացածի մասին թող իրենք վերլուծեն, թող հասարակությունը վերլուծի»: