Բաժիններ՝

Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Շուշիի արվեստի կենտրոնում

Մայիսի 3-ին՝ Արցախում, Շուշիի նորաստեղծ արվեստի կենտրոնում, և հունիսի 7-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացվելու են հայ հանդիսատեսին անհայտ՝ վարպետի վերջին տարիների գրաֆիկական ինքնադիմանկարները, նրա գեղանկարչության, ինչպես նաև հեղինակի երևանյան հավաքածուից հաստոցային դիմաքանդակների ընտրանիները: Նախագիծը կյանքի է կոչվել բարերար, ծագումով արցախցի մոսկվաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց ներդրման շնորհիվ է բացվելու նաև Շուշիի արվեստի կենտրոնը, արարողությանը ներկա է լինելու Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Նիկոլայ Նիկողոսյանն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: Նրա հայտնի ստեղծագործություններից են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի մոնումենտալ հուշարձանները: «Նախագծում փորձ է արվում տեսնել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով՝ ստալինյան ամպիրից մինչև «ազգային մոդեռնիզմ», և ըմբռնել գաղութային-ամբողջատիրական մշակույթի համատեքստում նրա կայանալու ու, միևնույն ժամանակ, օֆիցիոզը շրջանցելու ֆենոմենը: Հետազոտության մեջ նաև փորձ է արվում կապել արվեստագետի անձնական, մասնավոր պատումը մեծ պատումի հետ և ըմբռնել նրա ստեղծագործության մեջ դրանց արտացոլումը»,- ասել է նախագծի համադրող և պատկերագրքի կազմող Լիլիթ Սարգսյանը: Պատկերագրքի լուսանկարների հեղինակն է Գերման Ավագյանը:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս