Հնարավոր է՝ Հայաստանը դառնա ավոկադո կամ կիվի արտահանող երկիր
Ամբողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում, կլիմայի փոփոխություն է նկատվում: Կան փաստեր, որ անցած 60-70 տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը բարձրացել է 0.85 աստիճան ցելսիուս: Մենք արդեն տեսնում ենք այդ փոփոխությունների դրական և բացասական ազդեցությունը և աշխատում ենք այդ պրոցեսների մոդելավորման վրա, որն անչափ հետաքրքիր արդյունքներ է տալիս: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանության գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի Գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը: Ըստ նրա՝ կլիմայի փոփոխության արդյունքում բույսերը պետք է կամ հարմարվեն (ադապտացվեն) այդ փոփոխություններին, կամ էլ անհրաժեշտ է դրանց վայրը փոխել:
«Կլիմայի փոփոխության արդյունքում, օրինակ, եթե մենք հիմա ունենք տափաստաններ, մարգագետիններ, ապա դրանք կփոխվեն: Օրինակ՝ մարգագետինները կգնան դեպի տափաստաններ, և մենք կստանանք մարգագետնատափաստաններ»,- ասաց գիտնականը: Ըստ նրա՝ կլիմայի փոփոխությունների արդյունքում փոփոխություններ տեղի կունենան ամբողջ աշխարհում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ Գ. Ֆայվուշի՝ Հայաստանում այդ ամենի արդյունքում մեր արոտավայրերը կփոքրանան, իսկ հողերի բերրիությունը կնվազի, վերջինիս վրա կազդեն նաև օտարածին, ինչպես նաև վնասակար բույսերի տարածումը, որոնք այդ կլիմայի փոփոխությունների հետևանքով կսկսեն ավելի արագ տարածվել և ավելի մեծ տարածքներ կզբաղեցնել:
Ըստ Գ. Ֆայվուշի՝ մինչև 2030 թվականը մենք կզգանք այդ բոլոր փոփոխություններն ու տարբերությունը:
«Մեր ամենալավ արոտավայրերը մերձալպյան և ալպյան գոտիներում են, դրանք կփոքրանան: Մենք խնդիրներ ենք ունենալու՝ հողերի հետ կապված: Պետք է ինչ-որ քայլեր անենք գյուղատնտեսության մեջ՝ գյուղմթերքների նոր սորտեր, նոր տեսակներ մշակելու և աճեցնելու ուղղությամբ, որն ավելի հարմար կլինի նոր կլիմայական պայմաններին»,- ասաց գիտնականը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ ամենի արդյունքում Հայաստանում, օրինակ, սով լինի, Գ, Ֆայվուշը ասաց. «Այդ ամենը սովին չի հասնի, որովհետև այդքան էլ շատ չէ ազդեցությունը: Մենք արդեն Հայաստանում՝ Մեղիում և Նոյեմբերյանում, նոր կուլտուրաներ ունենք, փորձում ենք աճեցնել ավոկադո, կիվի և լավ արդյունքներ ենք ստանում: Այսինքն՝ դրանք նորմալ աճում են և հնարավոր է՝ մոտ 10-15 տարի հետո Հայաստանը դառնա ավոկադո կամ կիվի արտահանող երկիր»,- ասաց Գ. Ֆայվուշը: