Բաժիններ՝

Հայաստանում անցկացվող մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթին Տաջիկստանից ստացվել է 40 հայտ

Հայաստանում անցկացվող մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթին Տաջիկստանից ստացվել է՝ 40, Ուզբեկստանից` 9, Հայաստանից` 8 հայտ, և այլն:

Ընդհանուր առմամբ՝ մրցույթին հայտեր են ստացվել Ուկրաինայից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղըզստանից և Վրաստանից: Մրցույթին հայտեր չեն ստացվել Թուրքմենստանից և Վրաստանից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց MLab մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ղեկավար Մարիամ Դավթյանը՝ նշելով, որ մասնակիցները ներկայանում են ինչպես՝ անհատապես, այնպես էլ՝ մինչև 5 մասնակիցներից բաղկացած թիմով: Նրա խոսքով, այս թիմը դեռևս կարող է ավելանալ, քանի որ մրցույթին գաղափարներ ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 29-ն է:

Մ. Դավթյանի խոսքով՝ վաղը՝ ապրիլի 26-ին, Երևանում տեղի կունենա «Գաղափարների ձևավորման» միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել գաղափարներ և տեղում դիմել տարածաշրջանային մրցույթին:

Տեղեկացնենք, որ  Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ, որի հաղթողը կստանա 10 հազար դրամ:

Մրցույթը կազմակերպել են mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Nokia ընկերության, Համաշխարհային բանկի Նորարարության և ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի և Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունենում Հայաստանում, քանի որ մրցույթի գաղափարն առաջացել է հենց Հայաստանում, և այստեղ է գործում նաև mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան: Բ. Ենգիբարյանի խոսքով, եթե ամեն ինչ հաջող ընթանա այս տարի, ապա հաջորդ տարի մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ավելի շատ թվով երկրներ, իսկ մրցույթը համաշխարհային նշանակություն կունենա:

«Որքան մասնակիցները շատ լինեն, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ մենք կունենանք նոր հավելվածներ, որոնք կարող են համաշխարհային նշանակություն ձեռք բերել և այդպիսով՝ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ գումարներ վաստակել սեփական ծրագրերի միջոցով»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Տեղեկացնենք, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսին:

Մրցույթի և «Գաղափարների ձևավորման» միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել այս կայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս