BlueQubit․ ինչպես է հայ հիմնադիրներով ստարտափը քվանտային հաշվարկները մոտեցնում բիզնեսին
BlueQubit-ը քվանտային հաշվարկների ոլորտում գործող deep-tech ընկերություն է, որը ստեղծել են հայազգի Հրանտ Ղարիբյանն ու Հայկ Տեփանյանը։ Ընկերության նպատակն է քվանտային տեխնոլոգիաները դարձնել ավելի հասանելի ոչ միայն ոլորտի նեղ մասնագետներին, այլև ծրագրավորողներին, հետազոտողներին և բիզնեսներին։
Վերջին շրջանում BlueQubit-ը շարունակում է ընդլայնել իր գործունեությունը, իսկ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է նաև ներդրումային շրջանակներում։ Այս համատեքստում BANA Angels-ը հայտարարել է BlueQubit-ում ներդրում կատարելու մասին։ Ներդրումն իրականացվել է BANA-ի The Syndicate ծրագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս ցանցի ներդրողներին համատեղ մասնակցել հեռանկարային ընկերությունների ֆինանսավորմանը։
Քվանտային հաշվարկը համարվում է տեխնոլոգիական աշխարհի հաջորդ խոշոր ուղղություններից մեկը։ Այն կարող է ապագայում փոխել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են դեղերի ու նոր նյութերի մշակումը, ֆինանսական մոդելավորումը, կիբերանվտանգությունը, օպտիմալացման խնդիրները և արհեստական բանականությունը։ Սակայն քվանտային համակարգերի հետ աշխատելը շարունակում է մնալ բարդ և բարձր մասնագիտացում պահանջող գործընթաց։
Հենց այս խնդրի լուծման վրա է կենտրոնացած BlueQubit-ը՝ 2022 թվականին հիմնադրված քվանտային ծրագրային ապահովման ընկերությունը։ Այն ստեղծել են Հրանտ Ղարիբյանը և Հայկ Տեփանյանը՝ նպատակ ունենալով «ժողովրդավարացնել» քվանտային հաշվարկների հասանելիությունը և արագացնել դրանց գործնական կիրառումը։
Հրանտ Ղարիբյանն ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Նա տեսական ֆիզիկոս է, ունի Stanford University-ի դոկտորի աստիճան և մասնագիտացել է քվանտային տեղեկատվության ու սև խոռոչների ֆիզիկայի ոլորտում։ Նախկինում նա նաև հետազոտական աշխատանք է իրականացրել Caltech-ում։ Ընկերությունում Ղարիբյանը հիմնականում զբաղվում է քվանտային տեխնոլոգիաների կիրառական ուղղությամբ և իրական աշխարհի բիզնես խնդիրները քվանտային հաշվարկների հնարավորություններին համապատասխանեցնելով։
Հայկ Տեփանյանը BlueQubit-ի համահիմնադիրն ու տեխնիկական տնօրենն է։ Նա Stanford-ի շրջանավարտ է, մասնագիտությամբ համակարգչային գիտությունների մասնագետ, իսկ մինչ BlueQubit-ն աշխատել է Google-ում՝ AI/ML ենթակառուցվածքների ուղղությամբ։ Այժմ նա ղեկավարում է ընկերության տեխնոլոգիական զարգացումը՝ հատկապես քվանտային ալգորիթմների, սիմուլյացիաների և քվանտային սարքավորումների հետ աշխատանքի ուղղությամբ։
Այս երկու մասնագետների փորձառությունների համադրությունն էլ BlueQubit-ի հիմնական առավելություններից մեկն է․ մի կողմից՝ քվանտային ֆիզիկայի և տեսության խորը գիտելիք, մյուս կողմից՝ մեծածավալ ծրագրային և ինժեներական համակարգերի ստեղծման փորձ։
Ի՞նչ է անում BlueQubit-ը
Պարզեցված ձևով՝ BlueQubit-ը ստեղծում է այն ենթակառուցվածքը, որի միջոցով օգտատերը կարող է գրել քվանտային ծրագիր, այն նախ փորձարկել սիմուլյատորի վրա, ապա անհրաժեշտության դեպքում գործարկել իրական քվանտային համակարգի վրա։
Ընկերության հարթակը թույլ է տալիս աշխատել՝ ինչպես քվանտային սիմուլյատորների, այնպես էլ՝ իրական Quantum Processing Unit-ների՝ QPU-ների հետ։ Հարթակը նախատեսված է, որպեսզի քվանտային ծրագրերի գործարկումը հնարավորինս պարզ լինի և իրականացվի նվազագույն տեխնիկական բարդությամբ։
BlueQubit-ն աջակցում է տարածված քվանտային ծրագրավորման գործիքների, այդ թվում՝ Qiskit-ի և Cirq-ի օգտագործմանը։ Ընկերությունը նաև զարգացնում է սեփական SDK-ն, API-ները, սիմուլյացիոն ենթակառուցվածքը և քվանտային հետազոտությունների համար նախատեսված գործիքներ։
Այս մոտեցումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ քվանտային համակարգերի հասանելիությունը դեռևս սահմանափակ է։ Հետազոտողին կամ ընկերությանը սեփական քվանտային համակարգ կառուցելու փոխարեն՝ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծրագրային միջավայր և հասանելիություն առկա քվանտային սարքավորումներին։
Քվանտային համակարգերը դեռևս թանկ, բարդ և զգայուն տեխնոլոգիաներ են։ Դրանց վրա յուրաքանչյուր փորձարկում անմիջապես իրականացնելը միշտ չէ, որ արդյունավետ է։
Այստեղ կարևոր դեր են խաղում սիմուլյատորները։ BlueQubit-ն օգտագործում է CPU և GPU ենթակառուցվածքներ՝ քվանտային համակարգերի աշխատանքը դասական համակարգիչների միջոցով մոդելավորելու համար։ Ընկերությունը դեռ իր հարթակի առաջին տարբերակներից ներկայացրել էր GPU-ով աշխատող արագ սիմուլյատորներ և անվճար հասանելիության տարբերակ՝ մշակողների ու հետազոտողների համար։
BlueQubit-ի նպատակը պարզապես քվանտային համակարգերի սիմուլյացիա ստեղծելը չէ։ Ընկերությունը փորձում է քվանտային հաշվարկները կապել կոնկրետ կիրառական խնդիրների հետ։
Հնարավոր ուղղություններից են՝
- ֆինանսներ՝ պորտֆելների օպտիմալացում և բարդ ֆինանսական մոդելավորում,
- դեղագործություն և բժշկություն՝ մոլեկուլների և նյութերի սիմուլյացիա,
- նոր նյութերի մշակում,
- կիբերանվտանգություն և կրիպտոգրաֆիա,
- արհեստական բանականություն և machine learning,
- օպտիմալացման բարդ խնդիրներ,
- գիտական հետազոտություններ և ֆիզիկական համակարգերի մոդելավորում։
Այս ոլորտներում քվանտային համակարգերը դեռ չեն փոխարինում դասական համակարգիչներին։ Սակայն որոշակի տեսակի խնդիրների համար դրանք կարող են ապագայում ապահովել հաշվարկային առավելություն։ BlueQubit-ի սեփական նյութերում ևս ընդգծվում է, որ քվանտային համակարգերը ներկայում ավելի ճիշտ է դիտարկել՝ որպես հատուկ խնդիրների համար նախատեսված հզոր գործիք, այլ ոչ թե՝ սովորական համակարգիչների ամբողջական փոխարինող։
Ընկերությունը զբաղվում է ոչ միայն ծրագրային հարթակի զարգացմամբ, այլև քվանտային ալգորիթմների և քվանտային մեքենայական ուսուցման հետազոտություններով։
2023 թվականին Հրանտ Ղարիբյանն ու Հայկ Տեփանյանը համահեղինակել են «Hierarchical Learning» մեթոդի վերաբերյալ հետազոտություն, որի նպատակն է արդյունավետ դարձնել մեծածավալ variational quantum circuit-ների ուսուցումը։ Հետազոտության մեջ մոտեցումը փորձարկվել է նաև մեծ թվով qubit-ների վրա GPU սիմուլյացիաներով։
2025 թվականին BlueQubit-ի հարթակն օգտագործվել է նաև քվանտային պատկերների մշակման հետազոտություններում։ Գիտնականների թիմը փորձարկումներ է իրականացրել IBM-ի և Quantinuum-ի քվանտային համակարգերի վրա, այդ թվում՝ մինչև 72 qubit օգտագործող պատկերների դասակարգման փորձեր։
DARPA-ից մինչև ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
BlueQubit-ի գործունեությունը դուրս է գալիս նաև ստարտափային միջավայրից։
2023 թվականին ընկերության ալգորիթմն ընտրվել էր ԱՄՆ Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության՝ DARPA-ի IMPAQT ծրագրի շրջանակում։ Ծրագիրը կենտրոնացած էր ներկայիս՝ աղմկոտ միջանկյալ մասշտաբի քվանտային համակարգերի համար կիրառական քվանտային ալգորիթմների զարգացման վրա։
2026 թվականի հուլիսին BlueQubit-ը և գործընկերները նաև ստացել են ընդհանուր 1.5 միլիոն դոլարի ԱՄՆ էներգետիկայի նախարարության Genesis Mission դրամաշնորհներ։ Նախագծերի շրջանակում ընկերությունը Microsoft-ի, ազգային լաբորատորիաների և մի շարք համալսարանների հետ աշխատում է քվանտային սխալների ուղղման և fault-tolerant quantum computing-ի զարգացման ուղղությամբ։
BlueQubit-ը արդեն ներգրավել է խոշոր մասնավոր ներդրումներ։ 2024 թվականի վերջին ընկերությունը հայտարարել էր 10 միլիոն դոլարի Seed փուլի մասին, որը գլխավորել էր Nyca Partners-ը։ Ներդրողների թվում էին նաև Chaac Ventures, Restive Ventures, Alumni Ventures, NKM Capital, BigStory VC, DEPO Ventures, Formula VC, Untapped Ventures և Granatus Ventures։
Հայկական ներդրումային էկոհամակարգը նույնպես ներգրավված է BlueQubit-ի պատմության մեջ։ Granatus Ventures-ը նշում է ընկերությունն իր պորտֆելում և BlueQubit-ի հիմնադիրներ ներկայացնում Հրանտ Ղարիբյանին ու Հայկ Տեփանյանին։
BANA Angels-ի նոր ներդրումը
Այս ֆոնին նոր ներդրող է միանում նաև BANA Angels-ը։ Կազմակերպությունը հայտարարել է BlueQubit-ում ներդրում կատարելու մասին՝ BANA-ի The Syndicate ծրագրի միջոցով։
Ծրագիրը հնարավորություն է տալիս BANA Angels-ի ցանցի ներդրողներին համախմբվել և համատեղ ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնք զարգացնում են առաջադեմ տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ։
BANA Angels-ի գնահատմամբ՝ BlueQubit-ին միանալով՝ կազմակերպությունը նպատակ ունի աջակցել ընկերության հետագա զարգացմանը և մասնակցել քվանտային հաշվարկների ապագայի ձևավորմանը։
Նոր ներդրումը հատկապես հետաքրքիր է այն պատճառով, որ BlueQubit-ն արդեն ունի միջազգային շուկայում գործող արտադրանք, խոշոր ներդրումային փուլ և գիտահետազոտական համագործակցությունների փորձ։ Այսինքն՝ BANA-ի ներդրումը կատարվում է այն փուլում, երբ ընկերությունն արդեն անցել է գաղափարի և նախնական արտադրանքի ձևավորման փուլերը և փորձում է ընդլայնել իր տեխնոլոգիական ու կոմերցիոն ազդեցությունը։
Չնայած BlueQubit-ի հիմնական գործունեությունն ԱՄՆ-ում է, ընկերությունն ունի նաև Հայաստանի հետ կապված թիմային և տեխնոլոգիական ներկայություն։ Ընկերությունը նախկինում հայտարարել է Հայաստանում backend developer-ների հավաքագրման մասին՝ ընդգծելով, որ թիմը մասնակցելու է քվանտային լուծումների ենթակառուցվածքի և հարթակի զարգացմանը։
Այս հանգամանքը BlueQubit-ը դարձնում է նաև հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի համար հետաքրքիր օրինակ․ ընկերությունը ստեղծվել է հայկական ծագում ունեցող հիմնադիրների կողմից, գործում է գլոբալ շուկայում և միաժամանակ կապեր է պահպանում Հայաստանի տեխնոլոգիական մասնագետների հետ։
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

