Բաժիններ՝

«Ֆանտաստիկ կլիներ, եթե Հասմիկ Պողոսյանին Մշակույթի նախարարի աթոռին այլևս չտեսնեինք»

Արդեն հինգ տարի «Արշավներ» ակումբն արշավներ է կազմակերպում Հայաստանի, Արցախի, ինչպես նաև՝ Վրաստանի հայկական շրջանների տարածքով։ 168.am-ի հետ զրույցում ակումբի հիմնադիր-ղեկավար Ռուբեն Բաղդիշյանը նկատեց, որ բազմաթիվ հուշարձաններ այսօր գտնվում են ողբալի վիճակում՝ փլուզման եզրին։ Մեր զրուցակիցը եկել է այն եզրահանգման, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ուղղակի փակել է պետք, քանի որ օրենքով վերապահված իր գործառույթները նախարարությունը բացարձակապես չի կատարում։

Arshavner (10)«Մենք շատ անգամներ ենք դիմել, անգամ բազմիցս արձագանքել ենք տեղափոխված 53 հուշարձանների համար։ Նրանք բացահայտ օրենք են խախտում և միևնույն ժամանակ ասում, որ չեն խախտում։  Մշակույթի նախարարությունն ընդհանրապես տիրություն չի անում հուշարձաններին և ոչ մի միջոցառում չի կազմակերպում՝ ի պաշտպանություն հուշարձանների, ի զարգացում մարդկանց գիտակցության բարձրացման։ Քանի որ նոր կառավարություն ձևավորելու առիթ կա, ֆանտաստիկ հաճելի և աննկարագրելի ուրախություն կլիներ, եթե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին այլևս իր աթոռին չտեսնեինք»,- ասաց Ռուբեն Բաղդիշյանը։

– Ռուբեն, եթե համեմատենք հինգ տարի առաջվա հետ, մարդկանց հետաքրքրությունն արշավների նկատմամբ մեծացե՞լ է։

Arshavner (3)– Բնականաբար, աճ նկատվում է։ Հինգ տարի առաջ եթե մարդկանց ասում էինք՝ արշավ ենք կազմակերպում, կամ հարցնում էին` «արշավն ի՞նչ է», կամ էլ` «դա ինչպե՞ս է լինում»։ Հիմա բոլորը գիտեն՝ արշավն ի՞նչ է և ինչպե՞ս է լինում։ Հարց է առաջանում` որքանո՞վ են մարդիկ շահագրգռված արշավներին մասնակցել։ Աճի տեմպեր նկատվում են, բայց դրանք ավելի նկատելի կլինեին, եթե արտագաղթ չունենայինք։ Բնականաբար, այն իր բացասական դերն է ունենում խմբի քանակի ձևավորման մեջ։ Աճ նկատվում է նաև մարդկանց գիտակցության բարձրացման մեջ։ Արդեն որոշակի տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր հասկանում են, որ չի կարելի փչացնել հուշարձանը, աղտոտել միջավայրը։ Լինում են մարդիկ, ովքեր ենթագիտակցորեն կամ գիտակցորեն արշավի ժամանակ սկսում են վանքի տարածքը մաքրել։ Այս երևույթը նկատելի էր նաև 4-5 տարի առաջ, բայց ավելի քիչ տոկոսային հարաբերությամբ։

Կարդացեք նաև

– Դժվարին արշավներ կազմակերպո՞ւմ եք։

– Դժվարին արշավները վրանային գիշերակացով արշավներն են։ Բարդ են համարվում նաև այն արշավները, որոնք պարունակում են ավելի երկար քայլարշավ։ Երկար քայլարշավը կարող է լինել սկսած 10-15 կմ-ից՝ մինչև 30-40 կմ։

– Այս տարիների ընթացքում կազմակերպե՞լ եք այնպիսի արշավներ և բացահայտել այնպիսի վայրեր, որոնց մասին մինչ այդ չէին խոսում։

Arshavner (6)– Գիտեք` շատ վայրերի մասին չեն խոսում։ Հիմնականում խոսում են այն վայրերի մասին, որոնք զբոսաշրջիկին ավտոմեքենայով հասանելի են (Տաթևի վանք, Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ, Սանահին, Հաղպատ և այլն)։ Չեն խոսում այն վայրերի մասին, որտեղ դժվարությամբ կարելի է հասնել։

– Արշավների ընթացքում ի՞նչ եք նկատում` հուշարձաններն ինչպիսի՞ վիճակում են գտնվում։

– Բազմաթիվ հուշարձաններ իսկապես գտնվում են օրհասական և ողբալի վիճակում։ Հնարավոր է, որ ամիսներ կամ տարիներ հետո մի շարք հուշարձաններ փլուզվեն։ Ցավալի է, որ բնակչության գիտակցական մակարդակը չի գտնվում այն աստիճանի վրա, որ վանքերի տարածքներում խրախճանքատեղիներ, մատաղատեղիներ չսարքեն, աքլորների բմբուլներ և շշեր վանքերի տարածքում չթողնեն։ Կառավարական օղակների առումով` կարծում եմ, Մշակույթի նախարարությունն ուղղակի փակել է պետք։ Եթե Մշակույթի նախարարությունում այս աշխատակազմն է լինելու, ավելի լավ է՝ այս նախարարությունը փակել, որովհետև իր գործառույթները բացարձակապես չի կատարում։ Եթե պետք է այս տեմպերով շարունակեն, ապա ավելի լավ է գլուխ գովացողների կամ պարապ-սարապների նախարարություն բացեն։

– Դուք դիմե՞լ եք ՀՀ Մշակույթի նախարարությանը։

Arshavner (4)Մենք շատ անգամներ ենք դիմել, անգամ բազմիցս արձագանքել ենք տեղափոխված 53 հուշարձանների համար։ Նրանք բացահայտ օրենք են խախտում և, միևնույն ժամանակ՝ ասում, որ չեն խախտում։  Մշակույթի նախարարությունն ընդհանրապես տիրություն չի անում հուշարձաններին և ոչ մի միջոցառում չի կազմակերպում՝ ի պաշտպանություն հուշարձանների, ի զարգացում մարդկանց գիտակցության բարձրացման։ Եվ, քանի որ նոր կառավարություն ձևավորելու առիթ կա, ֆանտաստիկ հաճելի և աննկարագրելի ուրախություն կլիներ, եթե Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին այլևս իր աթոռին չտեսնեինք։

– Կրկին անդրադառնանք արշավներին. ամենատպավորիչ արշավի մասին կպատմե՞ք։

– Երևի տպավորիչ են այն արշավները, որոնց ընթացքում արշավականը սկսում է բնությանը դիմադրություն ցույց տալ։ Արշավի ընթացքում կարող է անձրև, կարկուտ, տեղատարափ ձյուն սկսվել… Օրինակ` մի անգամ Լոռվաբերդում էինք, և այնպիսի կարկուտ սկսվեց, որ 3 վայրկյան տևեց և մեզ թվաց, թե դա աշխարհի վերջն է։ Դրանից հետո մարդիկ անճանաչելի էին (ժպտում է.- Գ.Ա.)։

– Հայաստանի ամենապոպուլյար և պահանջված վայրերը որո՞նք են։

– Ցանկացած տարիքի և խավի համար ամենապահանջված վայրը, միանշանակ, Տաթևի վանքն է։ Ավելին` վերջերս Տաթևի վանք գնալը, կոպիտ ասած, նորաձև է դարձել։ Մարդիկ գնում են այնտեղ ոչ թե վանքը տեսնելու, պատմությանը ծանոթանալու համար, այլ, որ խոսքի մեջ ասեն, թե իրենք էլ են այնտեղ եղել։ Մարդիկ կան, որ գնում են Տաթև՝ ուղղակի ասելու համար, որ իրենք էլ են այնտեղ եղել, մարդիկ էլ կան` գնում են իսկապես պատմությանը ծանոթանալու, վանքը տեսնելու համար։

– Վերջին շրջանում կարծես թե Խնձորեսկը ևս պահանջված տեղ է դարձել։

– Խնձորեսկը պոպուլյար դարձավ ճոճվող կամրջի կառուցումից հետո։ Սա ևս վերջին շրջանում պոպուլյար է դարձել այն խավի մոտ, որն ավելի «գլամուրի» կողմն է շրջված։ Նույնկերպ Տաթևը պոպուլյար դարձավ, քանի որ ճոպանուղին կառուցվեց։ Այսինքն՝ մարդիկ ավելի շատ գնում են ճոպանուղի նստելու, քան վանքը տեսնելու համար։

– Մյուս կողմից, դա ավելի լավ չէ՞, քան ընդհանրապես չգնալը։ Թեկուզ շատերը «ցուցադրական» են գնում, բայց, ամեն դեպքում, տեսնում են վանքը, և թեկուզ քիչ, բայց տեղեկացվում են։

Arshavner (1)– Համաձայն եմ, որոշ առումով մարդու գիտակցությունը չնչին չափով բարձրանում է դեպի հայրենիքը, պատմամշակութային արժեքը։ Բայց մեղք է այն մարդը, ով գնում է Տաթև՝ պարզապես ճոպանուղի նստելու և հետո գլուխ գովալու համար։

– Այսօր արշավներ կազմակերպող բավական շատ ակումբներ կան, ի՞նչ եք կարծում` ակումբների միջև մրցակցություն չկա՞։

– Կարծում եմ՝ մեր ակումբը ողջ Հայաստանում և Հայաստանից դուրս մրցակից չունի։ Շատերը սա սխալ են հասկանում` մտածելով, որ եթե ասում ենք` մրցակից չունենք, ապա մենք ամենալավն ենք։ Ոչ, դա այդպես չէ, ուղղակի մենք ունենք մեր ոճը։ Եթե մեր ոճում մարդիկ իրենց հարմարավետ են զգում, մենք իրենց համար դառնում ենք ամենալավը։

– Ինչո՞վ է Ձեր ակումբը տարբերվում մյուս ակումբներից։

– Կարող ենք մյուս ակումբներից ամենաչնչին երևույթով էլ տարբերվել։ Սկսած ավտոմեքենաների որակից, վարորդի մակարդակից, նրա լսած երաժշտությունից, արշավականի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, վերջացրած ուղեկցորդի` արշավականների նկատմամբ դրսևորած ուշադրությունից, մեր ակումբը տարբերվում է։ Մեր արշավների ընթացքում լինում են նաև կիթառային կատարումներ, որոնք հանդիսանում են նաև մեր ազգագրական, հայկական ծագումնաբանություն ունեցող երգերի ուսուցման դպրոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս