«Իմ ղեկավարն ինձ այդ հարցը տվել է, ես իրեն պատասխանել եմ: Խնդրում եմ բավարարվե՛ք՝ ինչ որ գրված է կայքում». Մետրոպոլիտենի տնօրենը՝ ապօրինի կրպակների մասին.
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենին՝ Փայլակ Յայլոյանին, խիստ նկատողություն էր հայտարարել:
Պատճառը մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելն է:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար:
Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության՝ ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով Մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն»,- ասված էր Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Այցելեցինք Մետրոպոլիտենի ադմինիստրատիվ շենք: Խախտման վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի:
Նաև ավելացրեց, որ մեր այցելության ժամանակ տնօրենը տեղում չէր, հետևաբար՝ չէր կարող պատասխանել որևէ հարցի: Մետրոպոլիտենի որոշ աշխատակիցներ մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ կրպակները երեկ երեկոյան ապամոնտաժվել են: Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ տեղյակ չէ՝ ովքե՞ր են տեղադրել այդ կրպակները:
168.am-ը կատարվածի մասին փորձեց տեղեկություններ ստանալ նաև Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանից: Վերջինս մեզ հորդորեց բավարարվել Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկատվությամբ. «Քաղաքապետարանի կայքում մանրամասն գրված է նրանց հայտարարության մեջ, խնդրում ենք, բավարարվե՛ք դրանով: Ես ավելացնելու բան չունեմ»:
Մեր դիտարկմանը, որ քաղաքապետարանի կայքում նշված է միայն իրեն խիստ նկատողություն հայտնելու և դրա պատճառների մասին, իսկ այն մասին, թե ինչո՞ւ է առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ Մետրոյի տարածքում կառուցապատում իրականացվել, որի մասին որևէ տեղեկություն նշված չէ քաղաքապետարանի կայքում, Յայլոյանը պատասխանեց. «Շատ ճիշտ է գրված, ինչ որ գրված է, շատ ճիշտ է գրված»:
Հարցին, թե՝ ինչո՞ւ է նման խախտում եղել, Յայլոյանը պատասխանեց. «Այդ ի՞նչ հարց եք տալիս, ինչո՞ւ է նման խախտում եղել… Իմ ղեկավարն ինձ այդ հարցը տվել է, ես իրեն պատասխանել եմ այդ հարցին: Խնդրում եմ, բավարարվե՛ք՝ ինչ որ գրված է կայքում: Ինչո՞ւ եք արել: Հիմա սա…»: Այս խոսքերն ասելով՝ նա կախեց հեռախոսը:
Նշենք, որ մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում ապօրինի կերպով 60 մետր երկրարությամբ կրպակաշար էր տեղադրվել: Այդ կրպակներում, ամենայն հավանականությամբ, գրքեր էին վաճառվելու. «Այստեղ լինելու է գրքի կրպակներ» բովանդակությամբ ծանուցում էր փակցված կրպակների վրա: