Զգուշացեք խոզի գրիպից
Չնայած շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում խոզի գրիպի համաճարակ է սկսվել, ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` մինչ այժմ հանրապետությունում «խոզի գրիպից» մահվան 2 դեպք է արձանագրվել: Երկրում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H2N3) և Բ տեսակները: H1N1 ենթատեսակը բնակչության շրջանում առավել հայտնի է՝ որպես «խոզի գրիպ»: ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալներով` H1N1 ին բնորոշ են գրիպոզային երևույթները` բարձր ջերմություն, հազ, գլխացավ, մկանների ու հոդերի ցավ, հարբուխ, կոկորդի ցավ, երբեմն՝ նաև սրտխառնոց:
ԱՀԿ տվյալների համաձայն` հիվանդության խոցելի խմբի մեջ են մտնում հղի կանայք, երեխաները, հատկապես մինչև 2 տարեկան փոքրիկները, մարդիկ, ովքեր տառապում են որևէ քրոնիկ հիվանդությամբ (սրտանոթային համակարգի հիվանդություններ, դիաբետ, ասթմա և այլն), թույլ իմունային համակարգ ունեցող անձինք: ԱՀԿ-ն հղի կանանց և առահասարակ ռիսկային խմբում ընդգրկված բոլոր անձանց խորհուրդ է տալիս պատվաստվել գրիպի այս ենթատեսակի դեմ, ձեռնարկել բոլոր քայլերը` հիվանդության տարածումը կանխելու նպատակով:
ԱՀԿ տվյալներով` նշված ենթատեսակի գրիպով վարակված մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում, նրանք բավական հեշտ բուժվում են: Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմել բժշկի. երեխաներն ու հղիները հատկապես հիվանդության ախտանշանների առկայության դեպքում պետք է մասնագետի օգնությանը դիմեն: Չնայած գրիպի այս ենթատեսակով հիվանդության թեթև ընթացքով դեպքերը կարող են բուժվել տնային պայմաններում, ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժությամբ, մանավանդ, եթե բարձր ջերմությունը պահպանվում է 3 օրից ավելի:
H1N1 վիրուսով չվարակվելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումը հնարավորինս կրճատել. նրանցից ամենաքիչը 1 մետր հեռավորության վրա գտնվել, հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել բերանին, քթին, աչքերին դիպչելուց, հաճախակի օդափոխել սենյակները, առողջ ապրելակերպ վարել (առողջ քուն, սննդարար մթերքների օգտագործում, ֆիզիկական ակտիվություն), պատվաստվել վիրուսի դեմ:
Գրիպի նախանշաններ ունենալու կամ վարակված լինելու դեպքում ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մնալ տանը, խուսափել մարդաշատ տարածքներում գտնվելուց, պահպանել հազի և փռշտոցի հիգիենայի կանոնները, հետևել տեղական առողջապահական մարմինների խորհուրդներին, առանց բժշկի նշանակման՝ չօգտագործել դեղամիջոցներ: Երեխաներին կրծքով կերակրող մայրերն, ըստ ԱՀԿ-ի, հիվանդության ընթացքում կարիք չունեն դադարեցնելու երեխայի կրծքով սնուցումը, եթե, իհարկե, համապատասխան մասնագետը նման անհրաժեշտություն չի տեսնում: Կազմակերպությունը հիվանդության առկայության դեպքում խորհուրդ չի տալիս ճանապարհորդել: