Բաժիններ՝

Գերհոգնածության աստիճանը կարելի է որոշել 30 վայրկյանում. հայ գիտնականների նոր մշակումը

Ընդամենը 30 վայրկյան բերանի խոռոչում պահելով հատուկ սթրիփը (տես նկարում)՝ կարող եք որոշել ձեր գերհոգնածության աստիճանը: Այս միջոցը մշակման հեղինակները ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողներն են: Խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Առաքելյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց իրենց մշակման մասին որոշ մանրամասներ:

Ըստ նրա ՝ անհրաժեշտ է, որպեսզի սթրիփը բերանի խոռոչում մնա մոտ 30 վայրկյան, որպեսզի այն լավ թրջվի, այսինքն՝ ներծծի այն նյութերը, որոնք առկա են մարդու թքի մեջ:

«Իրականում թքի մեջ գոյություն ունեցող որոշ կենսամոլեկուլներ արտահայտում են այդ գերհոգնածությունը, որի միջոցով հնարավոր է պարզել այդ ամենը»,- ասաց Ա. Առաքելյանը:

Նրա խոսքով՝ սթրիփը բերանի խոռոչում պետք է դնել 2 անգամ՝ մեկը մարդու ֆիզիկական ակտիվությունից առաջ, իսկ մյուսը ֆիզիկական ակտիվության վերջում: Բերանից հանելուց հետո անհրաժեշտ է դրա վրա կաթեցնել ներկանյութ և, կախված ձեր ֆիզիկական վիճակից, դրա վրա պետք է առաջանա ինչ-որ կապույտ գիծ: Այդ գծի գույնի ինտենսիվությունից է կախված՝ ձեզ մոտ գերհոգնածություն նկատվո՞ւմ է, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

«Եթե ֆիզիակական ակտիվությունից առաջ և հետո սթրիփի գույնի ինտենսիվությունը նույնն է կամ համեմատելի է, ուրեմն՝ ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, և դուք գերհոգնածություն չունեք, իսկ եթե տարբերությունը խիստ տարբերվում է, և երկրորդը՝ առաջինից ավելի մուգ է, ապա դա նշանակում է, որ ձեզ մոտ գերհոգնածություն կա»,- ասաց Ա. Առաքելյանը:

Ըստ նրա՝ այսպսով՝ կենսամոլեկուլների միջոցով հնարավոր է շատ արագ պարզել մարդու գերհոգնածության աստիճանը:

Գերհոգնածության բացահայտման այս միջոցը գիտնականները մշակել էին դեռևս 2009 թվականին: Սակայն այն ժամանակ՝ մարդու գերհոգնածությունը որոշելու համար, պահանջվում էին սարքավորումներ, և այլն: Իսկ այս տարի արդեն էքսպրես թեսթի միջոցով հնարավոր է պարզել այդ ամենը:

Այսինքն՝ այսուհետ կարելի է շատ արագ՝ հենց տեղում, տեղեկանալ այդ ամենի մասին՝ առանց որևէ լաբորատորիա դիմելու:

Արսեն Առաքելյանի խոսքով՝ իրենց կողմից մշակված այս նոր մեթոդով Հայաստանում հետաքրքրված են հատկապես օլիմպիական մարզիկները, ովքեր ցանկանում են տեղեկանալ իրենց գերհոգնածության վիճակի մասին:

«Այս պահին մենք աշխատում ենք մարզիկների, թեթև ատլետների և ըմբիշների հետ, իրենք հետաքրքրված են և պատրաստակամ են օգտագործելու այս մեթոդը՝ մարզիկների վիճակը գնահատելու համար»,- ասաց Ա. Առաքելյանը:

Գերհոգնածության մակարդակը որոշող այս միջոցի մասին հետաքրքրված են նաև Ռուսաստանում և Եվրոպական մի շարք երկրներում, քանի որ, ըստ Ա. Առաքելյանի՝ մարդու գերհոգնածության մակարդակը ստուգելու անհրաժեշտություն շատ երկրներում ունենում են ոչ միայն մարզիկները, այլ նաև տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ:

Հայ գիտնականներն առաջիկայում պատրաստվում են իրենց նոր մշակումը շուկա դուրս բերել: Նրանք նշում են, որ գերհոգնածության մակարդակի որոշման այս եղանակը թանկ չի լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս