Մեծ տերությունների արխիվները, հայագիտական ժառանգությունն ու ադրբեջանական քարոզչությունը

Տարիներ առաջ` 2006թ., կիսատ թողնելով Մեծ Բրիտանիայի արխիվներում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության շուրջ մեր ուսումնասիրությունները, մենք այն ամփոփեցինք երկու մենագրությամբ և երկու տասնյակից ավելի գիտական հոդվածներով, որոնք լույս տեսան ինչպես հայրենիքում, այնպես էլ մի շարք լեզուներով` տարբեր երկրներում: Ցավալի էր, որ 2000թ.-ից ի վեր, ընդհուպ` մինչև 2006թ., գլխավորապես Մեծ Բրիտանիայի արխիվային նախարարությունում ձեռնարկած մեր ուսումնասիրությունն այդպես էլ չկարողացանք բաղձալի ավարտին հասցնել գլխավորապես նյութական միջոցների սղության պատճառով:

Իսկ արխիվային յուրաքանչյուր ուսումնասիրություն պահանջում է հսկայական նյութական միջոցների առկայություն, որոնք մեծի մասամբ անհրաժեշտ են պատճենահանման ծախսերը հոգալու նպատակով: Ավելի համոզիչ լինելու համար բերեմ հետևյալ հասարակ փաստը:

Մեծ Բրիտանիայի արխիվային նախարարությունում ի պահ են տրված անգլիական ողջ պետական գերատեսչությունների` ֆինանսների, արտաքին գործերի, ռազմական, անգլիական հետախուզության, Հնդկաստանի և գաղութների գործերով այն նախարարությունների պաշտոնական վավերագրերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են հայ ժողովրդի պատմության բազմաթիվ` Հայկական, Հայոց ցեղասպանության, մշակույթի, գաղթօջախների, արվեստի, Հայաստանի Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի հարցերի հետ:

Մեր ձեռքի տակ եղած սակավ միջոցները հնարավորություն ընձեռեցին գլխավորապես հայտնաբերել, միայն և մասնակի պատճենահանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ եղեռնին նվիրված մեկ տասնյակ հազար էջից ավելի անգլիական պաշտոնական վավերագրեր:

Սակայն, միջոցների և տարբեր, ի հայտ եկած դժվարությունների արդյունքում, ստիպված էինք դադարեցնել նախաձեռնած աշխատանքը: Անգլիական պաշտոնական արխիվում մեկ էջ փաստաթղթի ամենամատչելի պատճենահանման գինը կազմում էր 0,40 անգլիական ֆունտ, իսկ ծավալուն փաստաթղթերի, քարտեզների պատճենահանման ծախսը կազմում էր մի քանի, իսկ երբեմն` մի քանի տասնյակ ֆունտ:

Տրամաբանական է, որ այդ հսկայական միջոցները մենք չէինք կարող ձեռք բերել այն պայմաններում, որ այդ ժամանակ ՀՀ գիտաշխատողի ամսական աշխատավարձը կազմում էր շուրջ 30 հազար ՀՀ դրամ, իսկ 1998-2001թթ. ընթացքում, որպես ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտադրությունից կտրված ասպիրանտ մեր կրթաթոշակը, ինչպես Հանրապետության բոլոր ասպիրանտների կրթաթոշակը, կազմել է 5 հազար ՀՀ դրամ: Ավելի հասկանալի լինելու համար` բերեմ հետևյալ օրինակը. Մեծ Բրիտանիայում ժամանակին մեր ամսական աշխատավարձով հնարավոր կլիներ գնել մեկ օր Լոնդոնում հասարակական տրանսպորտից օգտվելու տոմս, կամ էլ երկու շիշ հանքային ջուր:

Բնավ չմանրամասնելով ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ասպիրանտական շրջանում մեր չորս ամսվա կրթաթոշակից զրկելու անօրինական հիմքերը, այնուամենայնիվ, անհնարին է չանդրադառնալ այն նվաստացուցիչ թվացող կրթաթոշակին, որ ՀՀ-ն հատկացնում էր իր երիտասարդ գիտաշխատողին, մանավանդ` այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին մինչ օրս հանդիսանում է Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունը: Հասարակ ընթերցողին այժմ դժվար չէ պատկերացնել, թե ինչու է գիտությունը Հայաստանի Հանրապետությունում հայտնվել այնպիսի անմխիթար վիճակում, որ գիտական որոշ հիմնարկների ստեղծագործական միտքը հանգում է համացանցային կայքեր ձևավորելու և դրանք որպես գիտական նվաճումներ ներկայացնելու մեջ:

Գիտության անմխիթար վիճակը, որի գլխավոր պատճառը ոչ միայն ֆինանսավորման պակասն է, այլև գիտական պրոդուկտը միջազգային ստանդարտներին չհամապատասխանեցնելու ձգտման բացակայությունը: Հայաստանում գիտության անկումը լրջագույն հարված է հասցնում ոչ միայն ՀՀ գիտական հեղինակությանը, այլև ուղի հարթում, մասամբ դյուրացնում` թշնամիներով շրջապատված հայրենիքի, միջազգային տարբեր ոլորտներում լիովին մեկուսացման համար:

«Հայ-թուրքական» արձանագրությունները ոչ թե Հայաստանը մեկուսացումից փրկելու իշխանությունների ձգտման հետևանքն էր, ինչպես ժամանակին շատերը փորձեցին այն ներկայացնել, կամ «հայ դիվանագիտական մտքի» թռիչքների անփառունակ արգասիքը:

Դա բնական այն հանգրվանն էր, որին հանգեցնում է պատմության չիմացությունը, կամ, ավելի շուտ, իրեն իմաստության քողով սփոփող մարտնչող դիլետանտիզմը: Աշխարհում ցեղասպանության ենթարկված ոչ մի ժողովուրդ, մասնավորապես, եթե այդ ցեղասպանությունը դատապարտված չէ հանցագործ պետության կողմից, և տասնամյակներ ի վեր նենգափոխվում ու ժխտվում է ոճրագործ պետության կողմից, չի նախաձեռնել հաշտության գործընթաց, որի գլխավոր նպատակը ոչ թե պատճառած վնասի ու կորուստների վերականգնումն է, այլ` զուտ հաշտեցում` հանուն հաշտության:

Ցեղասպանությունների պատմության մեջ այս «աննախադեպ» քայլը դեռ երկար քննարկումների ու գիտական հրապարակումների տեղիք է տալու` չնայած ոմանց ժամանակավրեպ, բայց ակնհայտ` այն պատմության մոռացության մատնելու անթաքույց ցանկությունների:

Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե մեկ անգամ ևս հիշեցնենք, որ ցանկացած ռազմական գործողության, ցանկացած պատերազմին նախորդում է տեղեկատվական և հրապարակային դաշտում թշնամու ամբողջական մեկուսացումը` ծրագրված ագրեսիայի, այդ թվում` ժողովուրդների ոչնչացման դիվային ծրագրերի իրականացման գաղափարական հիմնավորումների փնտրտուքը:

Թվում էր` մեր ժողովուրդը դասեր պետք է քաղած լիներ 20-րդ դարի այն արհավիրքներից, որոնց ենթարկվեց ոչ վաղ անցյալում, մանավանդ, որ մեր դեմ գործված բոլոր ոճիրներն իրագործվում էին թշնամու ինչպես` գերակա ֆիզիկական ուժի, այնպես էլ` տեղեկատվական շրջափակման պայմաններում, իսկ միջազգային լրատվամիջոցները և տեղեկատվական աղբյուրները մեր իսկ դժբախտությունը պարզ գործիք դարձրին իրենց տմարդի շահերի իրագործման ծրագրերում:

Բավական է նշել, որ Հայոց ցեղասպանության տարիներին, հայ ժողովրդի բնաջնջման բոլոր մանրամասները ներփակող նույն անգլիական մամուլը, որը 1915-1920թթ. ընթացքում մի քանի հազար հոդվածներ ու հաղորդագրություններ էր հրատարակել թուրքական վայրագությունների մասին, կարճ ժամանակ անց մոռացության տվեց բնաջնջված հայերին, շրջադարձ կատարելով և թուրքերին ներկայացնելով` որպես «առաքինի» զինվորներ, իսկ Քեմալ Աթաթուրքին` որպես «բարենորոգիչ»:

Բնավ զարմանալի չէ, որ հայ ժողովրդին սպանդի ենթարկած Քեմալ Աթաթուրքը, ով Հայաստանի Առաջին Հանրապետության ոչնչացմանն արշավող իր գեներալներից` Քյազիմ Կարաբեքիրին խստագույնս հրահանգել էր բնաջնջել Արևելյան Հայաստանում ապաստանած հայության մնացյալ բեկորներին` չխնայելով ոչ կին, ոչ ծեր և ոչ էլ մանուկ, ինչպես թուրքական, այնպես էլ նրա դաշնակից երկրների գիտնականների կողմից ներկայացվում է` որպես «բարենորոգիչ», իսկ երբեմն էլ` «փրկիչ»:

Պատմությունը չի ներում թույլերին, մանավանդ այն անխնա է հիմարների նկատմամբ
Հանրածանոթ է նաև այն ճշմարտությունը, որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և պատմությունը ծուռ հայելու մեջ ներկայացնելու համար անգլիական արխիվները լայնորեն օգտագործվել են թուրքական և Թուրքիայի դաշնակից համարվող տերությունների պատմագրության մի շարք սերունդների ներկայացուցիչների կողմից:

Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ մինչև 2006թ. ադրբեջանցիներն անգլիական արխիվային հաստատություններ մուտք չէին գործել: Համենայն դեպս, մեր ճանապարհը նրանց հետ երբեք էլ ո՛չ Անգլիական արխիվային նախարարությունում, ո՛չ բրիտանական մամուլի գրադարանում, ո՛չ էլ մեկ այլ արխիվային հաստատությունում չեն բախվել: Չնայած դրան, համոզված էինք, որ վաղ թե շուտ, օրեցօր հարստացող և նույն Անգլիայի միջոցով նավթ արտահանող Ադրբեջանը չի վարանելու մոտ ապագայում հսկայական միջոցներ նետել հակահայկական իր գործունեությունն անմեղության շղարշով պատելու, հայ ժողովրդին` որպես «արյունախում ահաբեկիչ» ներկայացնելու` իր պետական քարոզչության նպատակով մուտք գործել նաև այն բոլոր արխիվային հաստատությունները, որտեղ ի պահ են տրված հայ ժողովրդին առնչվող վավերագրերը:

Դեռևս 2007թ., կանխազգալով ադրբեջանցիների մոտալուտ մուտքը արխիվային հաստատություններ, մենք անձամբ գրավոր դիմեցինք դեռևս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, խնդրելով աջակցություն, որքան հնարավոր է շուտ կազմելու և հրապարակելու Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության շրջանին առնչվող այն փաստաթղթերը, որոնք մինչ օրս պահվում են Մեծ Բրիտանիայի արխիվներում: Այդ փաստաթղթերի մեջ են մտնում ինչպես Ղարաբաղի հարցում Անգլիայի վարած ոչ հայանպաստ քաղաքականության, մուսավաթին զինելու անգլիական պաշտոնական շրջանների, այնպես էլ 1918թ. Բաքվում կազմակերպված հայերի կոտորածներին (որին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ), ապա դրան հաջորդած` 1920թ. հայության բնօրրան Շուշի քաղաքի շուրջ 20 հազար հայության ողջակիզմանն ու թալանին առնչվող մի քանի հազար էջ ծավալը գերազանցող փաստաթղթերի նյութերի ժողովածուների կազմումն ու դրանք անգլերեն լեզվով հրատարակումը:

Մինչ օրս, մենք այդպես էլ սպասում ենք մեր առաջարկություններին ու գրություններին տրվելիք ինչպես` ՀՀ իշխանությունների, այնպես էլ` գիտական որոշ հիմնարկություններին ուղղված պատասխանին: Ակնհայտ է, որ դրանք չեն ստացվելու:

Իսկ հարևան Ադրբեջանն անխոնջ աշխատում է: Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը միջազգային առաջատար լրատվամիջոցների կողմից ներկայացվում է` որպես ագրեսոր, իսկ տասնամյակներ ի վեր թալանի, կոտորածների ու հայ ժողովրդին ավարի ենթարկելու շնորհիվ պետականություն ձեռք բերած Ադրբեջանը` որպես հայ «ահաբեկիչների» կողմից ագրեսիայի ենթարկված անարդար զոհ:

Այս իմաստով, ՀՀ իշխանությունների, նաև` ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հայագիտական կենտրոնների և ամբիոնների, ՀՀ ԳԱԱ շրջանակներում գործող հայագիտական ինստիտուտների համար սթափեցնող պետք է լիներ հարևան երկրի կողմից հովանավորվող մի քանի հակահայկական հրապարակումները, որոնք լույս տեսան վերջին մի քանի տարիների ընթացքում:

Բայց զավեշտալին այն է, որ հայագիտությամբ զբաղվող հաստատություններից և ոչ մեկը մինչ օրս այդպես էլ չանդրադարձավ հրապարակումներին` թողնելով դրանք անպատասխան: Գուցե լեզվի չիմացության պատճառով, ոմանց համար դրանք այդպես էլ մինչ օրս անընթեռնելի են: Իսկ ցավալին այն է, որ մեր իրականության անբաժանելի մաս կազմող «քաջ նազարները» յուրյանց «հայրենասիրական» և Ադրբեջանին «սարսափեցնող» հայտարարություններում այդպես էլ չեն հատում իրենց հայրենի և «աթոռանիստ» տիրույթների սահմանները և թշնամիներ են որոնում ու նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնում, թերևս, իրենցից մի քանի կիլոմետր շառավիղ հեռավորության վրա և սպասում` «լուսընկա» այն գիշերվան, երբ քաջ ու անվախ «մեր Նազարը» պետք է կտրի իրեն հանդիպած քարավանը:

Գալով ադրբեջանցիների կողմից հովանավորվող և օտար լեզուներով, մասնավորապես` անգլերեն լեզվով հրատարակվող աշխատություններին, փաստենք, որ 2011թ. ապրիլին, այսպես կոչված, ու նորաստեղծ «Ադրբեջանի եվրոպական» միության անունից, անգլիական հեղինակավոր և մասնավոր «Իթհաքա Փրես» հրատարակչի կողմից լույս ընծայվեց իր էությամբ մինչև ուղնուծուծը հակահայկական, «Հայկական հարցը Կովկասում. Ռուսական արիվային փաստաթղթերը ու հրապարակումները (1724-1914թթ.)», (The Armenian Question in the Caucasus Russian Archive Documents and Publications (1724-1914), Ithaca Press: 2011), շքեղ, հաստափոր եռահատորյակը, որտեղ տեղ են գտել, հեղինակների պնդմամբ` «ռուսական ցարական գաղտնի» արխիվային փաստաթղթերը:

Արխիվային վավերագրերը գլխավորապես Ռուսաստանի պատմության պետական (Սանկտ Պետերբուրգ) և Ռուսաստանի պետական ռազմական պատմության (Մոսկվա) արխիվներից են: Համաձայն հեղինակների և փաստաթղթերի` Հայկական հարցը ոչ ավելին էր, քան միջազգային հարաբերություններ ներմուծված արհեստական մի հարց, որի գլխավոր հեղինակները` Ռուսական ու Բրիտանական կայսրություններն, այն հաջողությամբ շահագործում էին` Օսմանյան ժառանգությանը տիրանալու իրենց գաղութատիրական նկրտումներն իրացնելու նպատակով:

Հայերին ներկայացնելով որպես Կովկասի «ազգայնականներ» ու «ահաբեկիչներ»` փաստաթղթերի նյութերը, որոնք բոլորն էլ թարգմանված են անգլերեն, անգլիախոս գիտական և լայն շրջաններին ավետում են այն միտքը, որ Հայկական հարցի` Առաջին համաշխարհային պատմության ընթացքում թուրքական լուծումը, մեր` ժողովրդի ոչնչացումը, «ահաբեկչական» խնդրի բնական հանգուցալուծումն էր:

Քանի որ, երկար տարիներ, գիտահետազոտական ուսումնասիրություններ ենք կատարել աշխարհի բազմաթիվ արխիվներում, և նաև ծանոթ ենք, թե ինչպիսի հսկայական նյութական միջոցներ է պահանջում ռուսերեն լեզվով փաստաթղթերի անգլերեն թարգմանությունն ու դրանց` Մեծ Բրիտանիայում հրատարակումը, ամենայն համարձակությամբ պնդում ենք, որ նման հրատարակությունը պահանջում է մոտ 300,000 անգլիական ֆունտ, հնարավոր է` ավելին, ծախս:

Նշենք միայն, որ արդեն աշխարհի շուրջ հարյուր ամենահեղինակավոր համալսարանների և ազգային` ինչպիսիք են Հարվարդի, Կոռնելի, Կոլումբիայի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի համալսարանների, Կոնգրեսի, Բեռլինի, Բրիտանական գրադարանները ձեռք են բերել այս հրատարակությունները, իսկ մի զգալի մաս էլ, վստահ ենք, ադրբեջանական իշխանությունների անխնա ջանքերով, բաժանվել է օտարերկրյա պետական և դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այս հրատարակությունը, սակայն, իր տեսակի մեջ առաջինը չէ: Նույն «Իթհաքա Փրես» հրատարակչի կողմից, կրկին ադրբեջանական նյութական աջակցության շնորհիվ, լույս են տեսել ևս մի շարք աշխատություններ, որոնց գլխավոր առաքելությունը Հայոց պատմության նենգափոխումն է, իսկ Արցախի ազգային-ազատագրական պայքարը` որպես «ագրեսիա» որակումը. ուղղված Ադրբեջանցի «անմեղ» ու «հայկական ահաբեկչության զոհ դարձած» ադրբեջանցի ժողովրդի դեմ:

Նույն տարվա ապրիլին, կրկին անգլերեն լեզվով, հրատարակվեց, ադրբեջանցի Մամադ Սայիդ Օրդուբադի հեղինակած «Արյունոտ տարիներ. Կովկասում հայ-մահմեդական բախումների պատմությունը (1905-1906թթ.)» (Mammad Said Ordubadi, Years of Blood. A History of the Armenian-Muslim Clashes in the Caucasus, 1905-1906, Ithaca Press: 2011) աշխատությունը: Քաղաքականացված և նենգափոխված այս աշխատությունը, օտար ընթերցողին, կարծես, ծանոթացնում է «այն վայրագությունների» հետ, որոնք, իբր թե, տեղատարափ հեղեղի նման թափվել են Կովկասի մահմեդական բնակչության գլխին` հեղափոխական և զինված հայերի կողմից: Հայերին բազմադարյա «ահաբեկիչներ» ներկայացնելուն միտված այս հրապարակումը, ենթագիտակացաբար, արդի անգլիախոս ընթերցողին հուշում է ժամանակակից Արցախի ազատագրական պայքարի պատմության ոչ հայանպաստ ենթատեքստը:

Ակամայից պարզ է, որ իր հակահայկական գործունեության մեջ և գլխավորապես` Արևմուտքում Արցախի պատմության նենգափոխման ապատեղեկատվական պայքարում Ադրբեջանը հաղթանակ է տանում: Այդ հաղթանակը գրավականն է ոչ միայն այն ահռելի նյութական միջոցների, որ անխնա ծախսվում է, այլ նաև մեր, իսկ գլխավորապես` այս հարցում ՀՀ իշխանությունների իսպառ անգործության:

Մենք որոշել էինք այս հարցին այլևս չանդրադառնալ, եթե օրեր առաջ մեզ չփոխանցվեր հերթական այն ահազանգը, որը ստացվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարող մեր գործընկերոջ կողմից: Ուստի, կրկին, ինչպես և նախկինում, ունենալով կանխակալ կարծիք, առ այն, թե ինչպիսի ճակատագիր է ունենալու ՀՀ իշխանություններին ուղղված մեր դիմումը, և այդպես էլ պատասխան չստանալով, որոշեցինք մեր ընթերցողին ներկայացնել, այն մանրամասները, որոնք տեղ են գտել օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում:

Մի արխիվ, ուր մի շարք անգամներ այցելել ենք` փորձելով պարզել մեր ժողովրդի պատմության հետ կապված բազմաթիվ անհայտ էջեր:

Այսպես, օրեր առաջ վեց հոգուց բաղկացած ադրբեջանցիների խումբ է եկել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվ, որն ինտենսիվ սկսել է աշխատել Արտաքին գործերի նախարարության արխիվում պահվող, հայ ժողովրդի պատմությանը, մասնավորապես` Արցախի պատմությանը նվիրված նյութերը հայտնաբերելու և դրանք Ադրբեջան տեղափոխելու առաքելությամբ:

Մեր գործընկերոջ հավաստմամբ, ադրբեջանցիները խոստովանել են, որ նմանատիպ խմբեր գործուղվել են Վաշինգտոն, Անկարա և Լոնդոն: Նպատակն է` շատ արագ հրատարակել փաստաթղթերի ժողովածուներ հայերի և Հայաստանի դեմ: Բեռլին ժամանած ադրբեջանցի գիտնականների այդ խումբը հսկայական նյութական միջոցների է տիրապետում: Համաձայն որոշ պնդումների, ադրբեջանցիները բնակվում են ամենաթանկ հյուրանոցներում, սնվում ամենաթանկ ռեստորաններում: Ակնհայտ է, որ ամեն ինչ կատարվում է Ադրբեջանի իշխանությունների ամենաբարձր հովանու ներքո:

Ամիսներ առաջ մենք` մեր կողմից, կատարելով մեր պարտքը, ՀՀ նախագահի աշխատակազմին, նաև գիտական որոշ հիմնարկների ղեկավարների տեղեկացրել էինք այն մասին, որ Գերմանիայի արտաքին գործերի արխիվում մինչ օրս պահվում են Հայկական հարցին, Հայաստանի Առաջին Հանրապետության, Օսմանյան Թուրքիայում, և ընդհանրապես` հայ ժողովրդի արվեստին, մշակույթին, պատմության բազմաթիվ այլ հարցերին առնչվող բազմահազար արխիվային փաստաթղթեր, որոնք կենսական նշանակություն ունեն հետագա գիտական աշխատությունների և հետազոտությունների համար և զգալի դեր կարող են խաղալ ադրբեջանաթուրքական միացյալ հայ ժողովրդի դեմ ուղղված տեղեկատվական պայքարը կազմալուծելու նպատակով:

Մինչ օրս այդպես էլ պատասխան չստացանք:
Թշնամին այս հարցում կրկին արագ գտնվեց: Դժվար չէ կռահել, որ կրկին հաջորդելու են օտար, այս անգամ նաև` գերմաներեն լեզվով հակահայկական հրապարակումները: Մասնավորապես, մեր համոզմամբ` ադրբեջանցիները հրատարակելու են Առաջին Հանրապետության տարիներին, հայ ժողովրդի կողմից իբր թե իրականացրած, այսպես կոչված, մահմեդականների «էթնիկ զտումներին» առնչվող փաստաթղթերի ժողովածուները:

Սակայն պետք է կանխապես հիասթափեցնեմ, ասելով, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում նման «զտումներին» առնչվող փաստաթղթեր գոյություն չունեն:
Ո՞ւմ են տարիներ անց մեղադրելու Հայաստանի պատմության նենգափոխման, իսկ հնարավոր պատերազմի դեպքում` Հայաստանի տեղեկատվական և միջազգային ատյաններում ամբողջական մեկուսացման հնարավորության ժամանակ ՀՀ իշխանություններն ու «հայագետ» գիտնականները: Բնավ չասեն, որ թշնամին ուներ ավելի մեծ ռեսուրսներ և զորեղ դաշնակիցներ: Պարզապես, Ձեր անձնական «ես»-ը ու Ձեր ժողովրդի «մենք»-ն իրար այդպես էլ համահունչ չէին: Ու Ձեր «ես»-ը կործանեց մեր հավաքչական, բայց այդպես էլ բացակայող` «մենք»-ին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Պ.գ.թ., Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան հիմնադրամի մրցանակակիր,
Գերմանիա, Կոնստանցի համալսարան

Տեսանյութեր

Լրահոս