Բաժիններ՝

«Ժամանակակից երաժշտությունը պատրաստված լսարան է պահանջում»

Ասում է կոմպոզիտոր, դաշնակահար Հայկ Մելիքյանը

Դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանի համերգների ոչ ավանդական ձևաչափն արտառոց է այն իմաստով, որ լսարանն անընդհատ անսպասելի զգացողություններ է ունենում: Նա կարողանում է երաժշտության հետ մեկտեղ` մտքեր ու գաղափարներ «ներմուծել» մարդկանց մեջ: Ընդհանրապես նա նաև էքսպերիմենտալ, այսպես ասած՝ իմպրովիզացիոն երաժիշտ է, ով իր յուրաքանչյուր ելույթ կառուցում է լսարանին սթափ պահելու, երաժշտությունը լսելուն մղելու սկզբունքի վրա:

Հ. Մելիքյանի կատարումները յուրատեսակ համերգ-ներկայացումներ են: 2000թ. Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi» 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց և բազում միջազգային փառատոներում առաջին տեղ զբաղեցնելուց հետո՝ Հ. Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և երաժշտական քննադատների կողմից ճանաչվել է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը: Նա իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ նաև համաշխարհային դաշնամուրային հարթակում է մեծ հեղինակություն վայելում: Նկատենք, որ Հ. Մելիքյանի դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումներն այսօր աշխարհի շատ դաշնակահարների նվագացանկի անբաժանելի մասն են:

2009 թվականից սկսած՝ Հ. Մելիքյանն իր սեփական նախաձեռնությամբ իրականացնում է «1900 +» նախագիծը, որի նպատակը 20-րդ դարի համաշխարհային ժամանակակից երաժշտությունը ներկայացնելն է: Այս տարիների ընթացքում նա Հայաստանում իր համերգներով ներկայացրել է ռուսական, ճապոնական, լեհական, շվեյցարական ժամանակակից հեղինակների գործերը:

Կարդացեք նաև

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյեմբերի 17-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ակյան» պատկերասրահում «1900+» համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի վեցերորդ համերգն էր, որտեղ Հ. Մելիքյանը ներկայացրեց ամերիկյան ժամանակակից երաժշտություն: Այն նվիրված էր Ջոն Քեյջի ծննդյան 100-ամյակին: Նախագիծը նաև հետաքրքիր է իր տեղեկատվական բնույթով, քանի որ Հ. Մելիքյանը, կատարումները մեկնարկելուց առաջ, նախ` ծանոթացնում է ժամանակակից դաշնամուրային արվեստի հեղինակներին: Նոյեմբերի 17-ին կայացած համերգը լսարանի համար ոչ այնքան հայտնի Ջոն Քեյջ փայլուն մի երաժշտի մասին բացահայտում էր:

Սրահում իսկական շփոթություն տիրեց, երբ Հ. Մելիքյանն ազդարարեց Ջ. Քեյջի «4՛33» ստեղծագործությունը, որը հեղինակն առաջին անգամ կատարել է 1952թ. և թեև արժանացել է բազում քննադատությունների, այդուհանդերձ, հետագայում նա համարվել է արվեստի իսկական «գյուտարար»: 4 րոպե 33 վայրկյան կոչվող կատարման ժամանակ առհասարակ դաշնամուրի ստեղնաշարը չխաղարկվեց:

Կատարման բովանդակությունն այն է, որ երաժշտությունն ընկալելուն պատրաստ լսարանը 4 րոպե 33 վայրկյան լռության մեջ բնական հնչյունները լսելու հնարավորություն ունենա: Այլ կերպ ասած՝ հիմքում լռության հնչյունների ընկալումն է: Ի դեպ, նաև նշենք, որ, լինելով ինդետերմինիզմի, էլեկտրոակուստիկ երաժշտության և երաժշտական գործիքների ոչ ավանդական կիրառման բնագավառում նորարար՝ Քեյջը դարձավ հետպատերազմյան ավանգարդիզմի առաջատար դեմքերից մեկը: Մենք Հայկ Մելիքյանի հետ զրուցեցինք ժամանակակից դաշնամուրային արվեստի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Տարիներ առաջ մասնակցեցի շատ հեղինակավոր մրցույթների, իսկ հետագայում արդեն միջազգային շատ հեղինակավոր փառատոներին մասնակցելու հրավերներ ստացա: 1999թ. Իտալիայի Ռագուսա քաղաքում մասնակցեցի միջազգային մի մրցույթի, որն ուղիղ ճանապարհ բացեց դեպի համաշխարհային երաժշտարվեստ: Անկեղծ ասած՝ այն ժամանակ դեռ փոքր էի ու այդ հաջողությունների արժեքն այնքան էլ չէի գիտակցում:

Հիմա ինձ համար ժամանակակից երաժշտությունն անփոխարինելի արժեք է, որովհետև այս տարիքում գիտակցում եմ կոմպոզիտորի ասելիքը, երաժշտության իմաստը, ինչ է ուզում կոմպոզիտորը, և ինչ եմ ուզում ես: Ընդհանրապես ժամանակակից դաշնամուրային արվեստն իսկական հանրագիտարան է, որովհետև, որքան ուսումնասիրում ես, թե կոմպոզիտորներն ինչպես և ինչու են գրում, այնքան ուսումնասիրելու նյութ դեռ կա: Արվեստի այս տեսակը մեծ ճյուղավորում ունի՝ հանճարները, անհատները շատ-շատ են:

– Հայաստանում ժամանակակից դաշնամուրային արվեստի նյութն ավելի քիչ է մատուցվում: Առավել ընդունված է դասականների գործերով նախագծեր, համերգներ իրականացնելը: Ժամանակակից արվեստը դժվա՞ր է ընկալվում լսարանի կողմից:

– Նայած կոմպոզիտոր, օրինակ՝ Արվո Պյարտ, Գեորգի Կուրտակ, ամենուրեք կատարում են: Կամ՝ նույն Ջոն Քեյջ շատ են կատարում: 20-րդ դարի երաժշտությունն ունի իր լսարանը, որը բավականին որակյալ լսարան է: Հայաստանում տարեկան երկու մենահամերգ եմ ունենում և պետք է նշեմ, որ ժամանակակից երաժշտության սիրահարները շատ են:

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մարդիկ հիմա հեշտ մարսվող նյութ են սիրում, այսինքն՝ իսկական արժեք ներկայացնող արվեստ չեն սիրում: Գոնե իմ համերգների ժամանակ ես տեսնում եմ, որ մարդիկ գալիս են լսելու դաշնամուրային արվեստ: Այն, որ մասսայական չէ հետաքրքրությունը՝ դա նորմալ է, քանի որ բոլոր երկրներում է այդպես: Բացի դա, բնական է, որ ժամանակակից երաժշտությունն ավելի քիչ լսարան պետք է ունենա, քանի որ բոլորը չէ, որ պատրաստ են նորարարությունն ընդունելու: Նորն ընկալելու համար ինչ-որ իմաստով համարձակություն է պետք: ժամանակակից երաժշտությունը պատրաստված լսարան է պահանջում:

– Ամերիկյան ժամանակակից երաժշտության, մասնավորապես՝ Քեյջի գործերի կատարման ժամանակ լսարանի մեջ շփոթ կար:

– Այո, այդպես էր, և դա ինձ դուր է գալիս: Հաճախ ես ինքս էլ շփոթության մեջ եմ ընկնում, որը նույնիսկ վերածվում է անհանգստության: Քեյջին ներկայացնելն արդեն ենթադրում է որոշակի անսպասելիություն, զարմանք և շփոթմունք, քանի որ նա իսկապես գյուտարար կոմպոզիտոր է: Ես` որպես ժամանակակից երաժշտության ջատագով, պարտավոր էի անդրադառնալ Քեյջի երաժշտությանը, հատկապես, երբ աշխարհը նշում է նրա 100-ամյակը: Նույն «4՛33» կոչվող Քեյջի գործը շշմելու գաղափար է:

 

Թեև ողջ աշխարհն ամենասկզբում չհասկացավ այդ գործի իմաստը, այդուհանդերձ, հետագայում այն ճանաչվեց իբրև հանճարեղ մի գործ, որը նաև նրան ճանաչում բերեց: Քեյջը 4 րոպե 33 վայրկյան տևողությամբ այդ գործը մեկնաբանելիս ասում էր, որ այդ գործի կատարմանն ամբողջ լսարանն է մասնակից դառնում: Նա ասում էր, որ չկա բացարձակ լռություն, և այդ գործի ժամանակահատվածում լսվում են հնչյուններ, որոնք գոյություն ունեն երկրագնդում, ընդ որում՝ այդ ձայների բազմազանությունը թույլ է տալիս ամեն անգամ հնչյունի մի նոր մեկնաբանություն ընկալել:

– Իսկ ինչո՞ւ հատկապես 4 րոպե և 33 վայրկյան:

– Նրա մեկնաբանությամբ՝ հենց այդ ժամանակահատվածից հետո մարդու գիտակցությունը գալիս է հանգստության: Այսինքն՝ սթրեսը հաղթահարվում է 4 րոպե 33 վայրկյանում, որը նա մանրամասնորեն հիմնավորել է նաև գիտական աղբյուրներից օգտվելով:

– Հայկ, Դուք նաև դասավանդում էիք Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: Ինչո՞ւ թողեցիք մանկավարժությունը:

– Անկեղծ ասած՝ ուսանողների մոտ այդ թեմայի նկատմամբ խորություն չեմ տեսնում: Մյուս կողմից էլ՝ համերգները շատացան, և ստիպված էի ավելի շատ ինձնով զբաղվել: Հաճախ էի լինում արտերկրում, և տեխնիկապես հնարավոր չէր համատեղել: Մանկավարժությունը շատ եմ սիրում, բայց նաև սիրում եմ աշխատել լավ ուսանողների հետ: Պետք է նշեմ, որ հիմա ուսանողները որակապես շատ թույլ են, և ինձ հետաքրքիր չէ աշխատել իրենց հետ:

Շատ քչերն են ցանկանում սովորել, կատարելագործվել և աշխատասեր, նպատակասլաց չեն: Աննպատակ են սովորում Կոնսերվատորիայում: Թեև աննպատակ սովորում են գրեթե բոլոր բուհերում: Կարող է շարունակեի, եթե չխանգարեր համերգային գործունեությունս, որը շատ ծանրաբեռնված գրաֆիկ ունի: Օրինակ՝ հիմա պատրաստվում եմ երեք մենահամերգի: Դեկտեմբերի 3-ին Մոսկվայի Կոմպոզիտորների տանը ժամանակակից երաժշտության ծրագրով ելույթ կունենամ:

Դեկտեմբերի 9-ին կմեկնեմ Մոնրեալ` դասական և հայ երաժշտություն ներկայացնելու, որից հետո ամսի 20-ին Ժնևում թավջութակահար Լևոն Առաքելյանի հետ կնվագեմ միայն Ռախմանինովի ռոմանսները: Ծրագիրը կոչվում է` «Միայն Ռախմանինով»: Այնուհետև կսկսեմ աշխատել Ստոքհոլմի փառատոնի համար երաժշտություն գրելու վրա, կվինտետ պիտի գրեմ` նվիրված ֆրանսիացի բարոկ երաժշտության ակնառու ներկայացուցիչներից Ժան Ֆիլիպ Ռամոյին:

Հիշեցնենք, որ Հ. Մելիքյանը հոկտեմբերի 23-ին Բուդապեշտի «Moholy-Nagy» Արվեստի համալսարանի համերգասրահում կայանալիք համերգից հրաժարվեց այն բանից հետո, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու լուրը տարածվեց: Ծրագիրը նախատեսում էր դեպի եվրոպական երկրներ 2012թ. աշնանային լայնածավալ համերգային ուղևորության շրջանակներում միանգամից երկու մենահամերգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս