
Միքայել Ոսկանյանը նոր տեսահոլովակ է թողարկել

Թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը նոր տեսահոլովակ է թողարկել՝ «Չթողնես երբեք», որը հանրահայտ երգիչ Ժակ Բրելի «Ne me quitte pas» երգի հայերեն տարբերակն է նորարար և ժամանակակից գործիքավորմամբ:
«Ինձ համար կարևոր էր հարգել ստեղծագործության սկզբնական ոգին՝ ստեղծելով նոր մեղեդի ու ներդնելով հայկական մշակութային նրբերանգներ, որ կարձագանքեին թե հայկական ու թե ֆրանսիական մշակույթներում: Այսպիսով ստեղծվեց նոր մի երգ, որ կամրջում է հայկական ու ֆրանսիական երաժշտական երաժշտական մշակույթները», – մեկնաբանում է Միքայել Ոսկանյանը:
Միքայելը հայտնի է իր բազմաոճ գործունեությամբ՝ ժողովրդական երգերի համարձակ մշակումներից մինչև ջազային հեղինակային ստեղծագործություններ՝ իր հիմնադրած խմբերի կատարմամբ (Միքայել Ոսկանյան և ընկերներ, Թառափ): «Չթողնես երբեքն» ընդգծում է նրա երաժշտական գործունեության նոր ուղղությունը, որտեղ նա հանդես է գալիս որպես մենակատար և երգիչ՝ խմբային գործունեությունից դուրս: Որպես մենակատար նա փորձարկում է նոր ժանրեր ու գործիքավորումներ՝ համագործակցելով ամենատարբեր երաժիշտների հետ թե՛ Հայաստանից և թե՛ Հայաստանից դուրս՝ հայկական թառը հնչեցնելով ամենատարբեր ձևաչափերում:
«Չթողնես երբեք» ստեղծագործությունն, ըստ Միքայելի, իր փորձարկումներից է ժամանակակից կամ այլընտրանքային փոփ ժանրում: Երգի թարգմանության հեղինակը Լիլիթ Բլեյանն է, իսկ գործիքավորումն ու ամբողջական արտադրությունը՝ Միքայել Ոսկանյանինը: Երգի երաժշտական մեկնությունն ամբողջականացրել է տեսահոլովակը, որը լսողական և տեսողական բովանդակային լուծումների ներդաշնակ փոխկապակցվածության և ստեղծագործողի յուրահատուկ մոտեցման դրսևորում է: Տեսահոլովակի բեմադրումն Անդո Բերբերյանինն է, տեսանկարահանումը՝ Նիկ Կոռնյեվինը, իսկ արտադրությունը՝ Օբերտոն երաժշտական ընկերությանը:
Հատկանշական է, որ «Չթողնես երբեք» երգի և տեսահոլովակի թողարկման մասին Միքայելը հայտնել է Ֆրանսիայում կայացած իր հյուրախաղերի ընթացքում՝ ի նշան հայ-ֆրանսիական մշակութային կապի և համագործակցության: Հյուրախաղերի ընթացքում Միքայելը ելույթ է ունեցել Մարսելում, Լիոնում, Սենտ Էտիենում և Փարիզում՝ համագործակցելով ու նվագելով ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ երաժիշտների ու ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
Նա նաև դասընթացներ է անցկացրել հայկական երաժշտության և հայկական թառի մասին Սենտ Էտիենի կոնսերվատորիայում և Ֆրանսահայ երիտասարդական միության Փարիզյան դահլիճում: Դասընթացների ու հանդիպումների արդյունքում ստեղծվել են հայկական երաժշտության հանրայնացմանն ու զարգացմանը խթանող նոր կապեր ու համագործակցություններ: Օրինակ՝ դասընթացի մասնակից մի երիտասարդ թառահար գտավ հայակական թառի վարպետ, ինչպես նաև ստացավ դասասվանդման առաջարկ Փարիզում:
«Ես հավատում եմ, որ մի շարք հայանպաստ նախագծեր ու համագործակցություններ հենց այսպիսի հանդիպումներից են սկիզբ առել՝ խմբված հայկական երաժշտության ու մշակույթի շուրջ: Նպատակ ունեմ ընդլայնել այս ծրագիրն ու մանսագիտացված ու խորքային կրթական ձևաչափ մշակել, որը կներկայացնեմ թե հայկական ու թե միջազգային լսարաններին՝ հանրահռչակելով հայկական թառն ու ինչպես ավանդական այնպես էլ ժամանակակից հայկական երաժշտությունը»,– ամփոփեց Միքայելը: