
Փաշինյանի թաքնված տեխնոլոգիան

Հայաստանում կատարվող գործընթացներն առաջին հայացքից կարող են տպավորություն թողնել, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ընտրություններում հանձնել իշխանությունը։ Դրանից մեկ տարի կամ ավելի պակաս ժամանակ առաջ իշխանությունը միաժամանակ նախաձեռնում է այնպիսի քայլեր, որոնք միարժեքորեն նվազեցնելու են իր՝ առանց այն էլ ցածր վարկանիշը՝ հանգեցնելով ընտրություններում ՔՊ-ի տապալմանը։
Միայն անցած մի քանի ամիսներին իշխանությունները հանդես են եկել ամենատարբեր կողմերից քաղաքացիների գրպանը մտնելու բազմաթիվ քայլերով՝ սկսած տրանսպորտի թանկացումից, մինչև փոքր ու միջին բիզնեսի բեռն էականորեն ծանրացնող հարկային դրույքաչափերի փոփոխություններ/աճեր, աղբահանության վճարների անհեթեթ բարձրացումից, մինչև ընդամենը վերջերս հետաձգված եկամուտների պարտադիր հայտարարագրում, բազմաթիվ ծառայությունների հարկային դրույքաչափերի անգամներով բարձրացում։
Մակերեսային դիտարկումը կարող է ստիպել մտածել, թե իշխանությունը միտումնավոր է անում այս քայլերը՝ հանրային դժգոհությունը բազմապատկելու ու դրա արդյունքում հեռանալու համար։ Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Իշխանության այս քայլերի թիրախը հենց հանրային դժգոհությունն է, սակայն միանգամայն այլ նպատակադրմամբ ու հաշվարկներով։
Վերը նշված ու բազմաթիվ այլ քայլեր, այո, առաջացրել են ու շարունակում են բորբոքել քաղաքացիների դժգոհությունը։ Բայց դրանք բոլորը տեղային, հատվածական դժգոհության օջախներ են, ինչը գրեթե ամեն օր տեսանելի է գրեթե կենդանի ռեժիմում․ Կառավարության դիմաց բողոքի ցույց են անում շրջանառության հարկի փոփոխության դեմ բողոքող առևտրականները, տրանսպորտի թանկացումից դժգոհողները պայքարում են ավտոբուսներում, զայրացած քաղաքացիների մեկ այլ խումբ ակցիա է իրականացնում որևէ նախարարության շենքի դիմաց․․․
Բողոքի այս հատվածական գործողություններն իշխանության համար լուծում են մեկ կարևորագույն խնդիր․ բողոքը մնում է այն շրջանակում, այն համայնքի ներսում, որի շահերին դիպչում է իշխանության այս կամ այն քայլը։ Իշխանության համար կարևոր է հենց դա, որպեսզի բողոքի այդ ակցիաները՝ անգամ ամենալարված մթնոլորտում, մնան միայն կոնկրետ խմբերում և որևէ դեպքում չվերաճեն հանրային լայն համախմբման։
Նիկոլ Փաշինյանը թքած ունի, թե առանձին վերցրած ցույցի ընթացքում որքան ու ինչպես կհայհոյեն իրեն, կարևորը, որպեսզի բացառվի միջխմբային հաղորդակցությունն ու համագործակցությունը բողոքող տարբեր զանգվածների միջև։ Ներկայիս Հայաստանում, որտեղ որևէ վերանձնական, վերխմբային, վերկուսակցական գաղափար ու արժեք՝ որպես այդպիսին, չկա, դժվար չէ հասնել այդ նպատակին։ Բացի այդ, տարբեր քայլերով հարուցելով առանձին խմբերի դժգոհությունը, իշխանությունն ընտրություններից առաջ իր համար ստեղծում է այդ խմբերի հետ սակարկման հնարավորություն, ինչն էլ ավելի է թուլացնում գրեթե անհնարին հանրային մոբիլիզացիայի հնարավորությունը։
Վերջին օրինակը եկամուտների պարտադիր հայտարարագրման ժամկետի հետաձգումն էր, որը կանխեց դրա առիթով հասունացող բողոքի ծավալումը և դրան պատրաստ քաղաքացիների մեծ շերտի դարձրեց առնվազն անտարբեր ներկայիս այլ զարգացումների նկատմամբ։ Նույն մեթոդը կարող է կիրառվել մնացած բոլոր դեպքերում։
Շրջանառության հարկի փոփոխության դեմ բողոքողները կարող են ցույցեր անել ևս մի քանի շաբաթ կամ ամիս, և հարմար պահի կհայտարարվի այդ փոփոխությունը հետաձգելու կամ չեղարկելու մասին։ Իշխանությունն առաջնորդվում է դժգոհություն հարուցելու՝ խնդիրներ առաջացնելու ու այդ դժգոհությունը կառավարելու, որևէ դեպքում դրա՝ հանրային մոբիլիզացիայի վերաճելու հնարավորությունը բացառելու մեթոդով, ինչը դեռևս հաջողվում է։
Իհարկե, այսօր տնտեսությունն աղետալի վիճակի է հասցրել Նիկոլ Փաշինյանը, բյուջեն խնդիրներ ունի: Առջևում ոչ միայն ծանր ամիսներ են, այլև տնտեսությունը չի աշխատում, փոքր ու մեծ բիզնեսը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Եվ այդ ձախողումների թիվ մեկ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է:
Հետևաբար՝ իշխանությունը մտածում է՝ ինչպե՞ս լիցքաթափել հնարավոր բողոքի ալիքը: Այս խնդիրն է փորձում լուծել Փաշինյանը՝ մանիպուլացնելով և կուրացիա անելով բողոքի հնարավոր պոռթկումը: Այդ բոլոր խնդիրներն առաջացնում է հենց իշխանությունը, որի լուծումների բանալին հենց իր ձեռքին է: Այդպիսով Փաշինյանը կառավարում է իր ապաշնորհ գործողություններից, իր իսկ կառավարության անարդյունավետ գործունեությունից դժգոհ լայն մասսաների դժգոհությունը, որն օբյեկտիվորեն կարող է շատ մեծ ալիքի վերաճել:
Ընդդիմության, հակաիշխանական շրջանակներն իշխանության այս տեխնոլոգիայի դեմ պայքարելու թերևս միակ տեսական հնարավորություն ունեն՝ հանրությանը ներկայացնել վերխմբային, վերանհատական այնպիսի առաջարկ, որը մի կողմից՝ կլուծի քաղաքացիների ու տարբեր խմբերի խնդիրները, մյուս կողմից՝ կդառնա հատվածականացվող հանրային դժգոհությունը մոբիլիզացնելու իրական միջոց։
Բայց մինչ այս պահն ընդդիմությունները զբաղված են իրար միջև հարցեր պարզելով, որն ակամայից ավելացնում է իշխանության համար այդքան շահեկան՝ հատվածական պայքարի օջախները՝ փողոցներում պայքարող քաղաքացիների տարբեր խմբերի ներկապնակը լրացնելով հեռուստատեսությունների տաղավարներում ու մամուլի էջերում իրար ջախջախող ընդդիմադիրների տեսարաններով։
Հարություն Ավետիսյան