Բա եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ եք 7 տարի անց դա ասում, ինչո՞ւ ժողովրդի հետ անկեղծ չեք եղել այս 7 տարիներին. Հենրիխ Դանիելյան
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018 թվականին եղել է միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը պայքարել է Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, պայքարում է նաև հիմա, ուստի այն ընդդիմադիրները, որոնք ՀՀԿ-ին մեղադրում են Նիկոլ բերելու համար, պետք է ազնիվ լինեն։ Տարօրինակ է, որ ՀՀԿ-ին հիմա մեղադրում են նրանք, ովքեր փողոցներում մեզ մերժել են 2018 թվականին,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ Երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հիշեցնելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը,- Զրո տոկոս ամբիցիա քաղաքական դաշտում, 100 տոկոս ամբիցիա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման շուրջ։ Սրանով ենք առաջնորդվում, մինչդեռ հիմա մեզ առաջարկում են համախմբում ոչ թե Նիկոլ Փաշինյանի հեռացման, այլ քաղաքական ուժի շուրջ։ Մեզ քննադատողներ, բայց չէ՞ որ դուք նույն մարդիկ եք, որոնց հետ փողոցային պայքար ենք անցկացրել, չէ՞ որ հիմա ՀՀԿ-ին մեղադրում են մարդիկ, որոնք եկել, 3-րդ նախագահից օգնություն էին խնդրում, չէ՞ որ հիմա քննադատում են այն նույն մարդիկ, որոնք 2018 թվականին Սերժ Սարգսյան էին մերժում՝ «դուխով» գլխարկով։ Այս ամենն անողները հիմա ասում են, թե՝ բա ո՞վ բերեց Նիկոլին»։

Հենրիխ Դանիելյանը պնդում է՝ այն, ինչ տեղի է ունենում ընդդիմադիր դաշտում, գալիս է ևս մեկ անգամ արձանագրելու՝ այո՛, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները, քննադատելով ՀՀԿ-ին, առաջարկում են ոչ թե համախմբում ընդդեմ Փաշինյանի, այլ՝ համախմբում իրենց շուրջ։
«Գիտեք, երբ ես և Հայկ Մամիջանյանը փակում էինք փողոցը՝ դատարանի առջև, իմ և Մամիջանյանի նկարը լրատվամիջոցները դնում և գրում էին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակել են փողոցը, ինչո՞ւ չէին այն ժամանակ այդ նույն նկարները հրապարակած իրենց լրատվամիջոցներին ասում՝ հանե՛ք այդ նկարները, այդ մարդիկ Քոչարյանի աջակիցները չեն, Նիկոլ բերողներ են։ Մեր հասցեին այս մեղադրանքների պատճառն այն է, որ տվյալ քաղաքական դերակատարները մտահոգված են ՀՀԿ-ի և 3-րդ նախագահի աճող վարկանիշից։
Փակագծեր պետք է բացել և ազնիվ ասել՝ ստացվում է՝ դու կարող ես իմ կենացը խմել, հետո ասել՝ Նիկոլ են բերել։ Բա եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ եք 7 տարի անց դա ասում, ինչո՞ւ ժողովրդի հետ անկեղծ չեք եղել այս 7 տարիներին»,- ասաց Դանիելյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։



