«Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է խուսափենք անցյալի սխալներից». Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «խորապես զգում» է, որ Ուկրաինայի ապագան «կենսական» է Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար:
Բրիտանիայի խորհրդարանում նա շարունակեց պնդել, որ Ռուսաստանը «սպառնալիք» է Մեծ Բրիտանիայի համար, և ընդգծեց՝ կանգնած են Ուկրաինայի կողքին, քանի որ դա է ճիշտը և դա բխում է իրենց երկրի շահերից։
«Ուժեղ խաղաղություն, արդար խաղաղություն, տևական խաղաղություն. դա հիմա պետք է լինի մեր նպատակը»,- ասաց Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերն անդրադարձավ նաև անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը՝ ընդգծելով, որ ողջունում է դրական քննարկումները, որոնք ունեցել են եվրոպական անվտանգության վերաբերյալ․ «Ներառյալ նրա (Թրամփի) հստակ աջակցությունը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին։ Ես ողջունում եմ մեր երկխոսության այն ըմբռնումը, որ մեր երկու երկրները միասին կաշխատեն անվտանգության միջոցառումների վրա՝ Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար: Ես նաև ողջունում եմ նախագահի շարունակական հավատարմությունը այդ խաղաղությանը, որի անկեղծությանն այս պալատում ոչ ոք չպետք է կասկածի մեկ վայրկյան»:
Սթարմերը շեշտեց, որ Ուկրաինա բրիտանական խաղաղապահ զորքեր տեղակայելու վերաբերյալ ցանկացած առաջարկ երբ և եթե ավարտվի պատերազմը, առաջինը կներկայացվի պատգամավորներին։
Վարչապետը կրկնեց, որ Միացյալ Թագավորությունը պետք է առաջնորդի ցանկացողների կոալիցիա՝ ընդունելով, որ ոչ բոլոր երկրներն են նույն տեսակետին։
«Մյուս երկրները կարող են իրենց տեսակետն ունենալ՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ»,-ասաց Սթարմերը:
Հարցին, թե ինչպես կարող են օգտագործվել ռուսական սառեցված ակտիվները, Սթամերը պատասխանեց, որ սա «շատ բարդ խնդիր է», բայց աշխատանքները շարունակվում են:
«Պատժամիջոցները նույնպես չպետք է չեղարկվեն Ռուսաստանի նկատմամբ միայն այն պատճառով, որ մարտերը դադարում են։ Կարևոր է, որ Եվրոպան խուսափի անցյալի սխալներից»,- ընդգծեց նա։



