Երբ աջ ձեռքը գիտի՝ ձախն ինչ է անում․ Քաղաքապետարանը 47 մլն 500.000 դրամ կտա Ավինյանի կառավարմամբ գործող ՀՈԱԿ-ին՝ ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու համար
Երևանի քաղաքապետարանը հերթական պայմանագիրն է կնքել իր ենթակայության տակ գործող «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ի հետ։
Փետրվարի 26-ին կնքված պայմանագրով ՀՈԱԿ-ը 47 միլիոն 500.000 դրամով պետք է իրականացնի Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ։
2023 թվականի մայիսին էր Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ): ՀՈԱԿ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք մինչ այդ ստանձնել էր «Ձևավորում» ՓԲ ընկերությունը։
ՓԲԸ-ի անարդյունավետության հիմնավորմամբ ստեղծված ՀՈԱԿ-ի կառավարումն իրականացնում է հենց Երևանի քաղաքապետը, այս պարագայում՝ Տիգրան Ավինյանը։ Ասել է թե՝ քաղաքապետը մի ձեռքից մյուսն է փոխանցել գումարը։
Ավելին՝ ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էլ Արտյոմ Սաֆարյանն է, որը ոչ վաղ անցյալում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության առաջատար մասնագետի պաշտոնում էր։ Մեկ այլ հետաքրքրական հանգամանք էլ այն է, որ ՀՈԱԿ-ի ստեղծումից երկու տարի անց էլ Արտյոմ Սաֆարյանը շարունակում է մնալ դեռևս իբրև ժամանակավոր պաշտոնակատար։
Ստեղծման օրից, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, ՀՈԱԿ-ը Երևանի քաղաքապետարանի հետ արդեն 9 պայմանագիր է կնքել՝ 160 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Պայմանագրերը կնքվել են բացառապես մեկ անձ գնման ընթացակարգով, իսկ գնման առարկաները եղել են ապամոնտաժման աշխատանքների, մշակութային միջոցառումների կազմակերպման, Հայոց բանակի տոնին նվիրված միջոցառումների ձևավորման, հիմնային պատվանդանների դրոշների փոխման, մաքրման և սպասարկման աշխատանքների ծառայությունների ձեռքբերումը։



