Թրամփն ու Պուտինը կորոշեն, հետո սրան կկանչեն ստորագրելու. դաս թող լինի՝ КВН-շիկն ու կլյաուզա գրող լրագրողը չպետք է երկիր ղեկավարեն. երեկ՝ Չերչիլ, այսօր՝ ստորացված. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման, սուր լեզվակռվի մասին. սա հերթական օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես հերթական անգամ գցեցին ու ստորաբար խաբեցին մի ողջ ժողովրդի։ Զելենսկին ի՞նչ էր ասում Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Ըստ էության Զելենսկին ասում էր՝ դուք մեզ ներքաշել եք էս պատերազմի մեջ, գոնե անվտանգության երաշխիքներ կտա՞ք։ Ասացին՝ ոչ։ Ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, ո՛չ անվտանգություն… ոչ մի երաշխիք: ՀԱՐՑ՝ բա ինչո՞ւ զոհվեցին ուկրաինացի այդ մեկ միլիոն տղաները։ 
  • Ես Զելենսկուն չեմ դատապարտում, բայց КВН խաղացողն (Զելենսկին) ու կլյաուզա գրող լրագրողը (Փաշինյանը) չպետք է երկիր ղեկավարեն։ 
  • Եթե անգլերենդ լավ չէ, թարգմանիչ տար հետդ, որ գոնե ասածներդ մեղմեր ու քեզ ժամանակ տար՝ հաջորդ նախադասությունն ասելուց առաջ կարողանայիր մտածել։ Ինչպես կարելի է նման հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին դիմել անունով՝ Ջեյ Դի, երբ վերջինս քեզ դիմում է «պարոն նախագահ»-ով, չգիտեմ… Դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում։ Երեկ դու Չերչիլ էիր քեզ զգում, այսօր՝ ստորացված…

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 2022թ. ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո նրան անվանել էր «մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլը»։ Նա ասել էր, որ ամերիկացիներին ոգեշնչել է Ուկրաինայի տոկունությունն ու հաստատակամությունը՝ դիմակայելու Ռուսաստանի ագրեսիային։ Բուշ-կրտսերն այս մասին գրել էր Instagram-ում՝ կիսվելով Զելենսկու հետ տեսակոնֆերանսից լուսանկարով։

 «Ինձ համար պատիվ էր այսօր առավոտյան մի քանի րոպե զրուցել նախագահ Զելենսկու՝ մեր ժամանակների Ուինսթոն Չերչիլի հետ: Ես շնորհակալություն հայտնեցի նախագահին իր առաջնորդության, օրինակի և ազատությանը նվիրվածության համար և հարգանքի տուրք մատուցեցի ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Նախագահ Զելենսկին ինձ վստահեցրել է, որ իրենք չեն ընկրկի (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի բարբարոսության և ավազակապետության դեմ պայքարում։ Ամերիկացիները ոգեշնչված են նրանց տոկունությամբ և հաստատակամությամբ: Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացիներին, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել էր Բուշ-կրտսերը։

Նման համեմատություն արել էր նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Զելենսկուն անվանելով՝ «արդիականության Չերչիլ», որն «ընդմիշտ ցրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը»։ Նման զուգահեռներ անցկացնում էին նաև որոշ եվրոպացի գործիչներ:

Հիշեցնենք նաև, որ անցյալ շաբաթ Թրամփ-Զելենսկի հեռակա լեզվակռվի ժամանակ  Զելենսկին ասել էր, թե «Թրամփը գտնվում է ռուսական քարոզչական ստերի դաշտում», Թրամփն էլ իր հերթին՝ Զելենսկուն անվանել էր «բռնապետ» (dictator), քանի որ նրա նախագահական պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, սակայն նոր ընտրություններ Ուկրաինայում չեն կայանում։ 

  • Ո՞վ է ավելի մեղավոր՝ խաբո՞ղը, թե՞ խաբվողը։ Արևմո՞ւտքը, որ խաբեց Զելենսկուն, թե՞ Զելենսկին, որ խաբվեց:

  • Ինչո՞ւ եք սուտ հույսեր տալիս, ինչո՞ւ են կեղծ լոզունգներով և կեղծ ինֆորմացիաներ շրջանառելով՝ դեմոնիզացնում քաղաքական գործիչներին։ Դա գործիք է՝ երկրներում հեղաշրջում, հեղափոխություններ անելու համար, ինչպես մեզ հետ զրույցում ասել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջեյմս Քարդենը: 

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջեյմս Քարդենն ասել է.

«Երբ մենք խոսում ենք կոռուպցիայի խնդրի մասին, իսկական կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, քանի որ, ինչպես ասաց Պիետրոն (Պիետրո Շաքարյանը,- հեղ.), ամերիկյան արտաքին քաղաքական էլիտան կոռուպցիայի դեմ կեղծ պայքարն օգտագործում է՝ որպես մեթոդ և այլ երկրներ ներթափանցելու յուրատեսակ միջոց, իսկ հետո հասարակական կազմակերպությունների օգնությամբ սկսում են իրականացնել քաղաքական ռեժիմի փոփոխության, իշխանափոխության՝ հեղափոխությունների իրենց ռազմավարությունը: Հիշեցնենք, որ մարտի վերջին Վաշինգտոնում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ էր անցկացրել «ԱՄՆ հակակոռուպցիոն ռազմավարությունը» խորագրով: Այս ամենը բավականին անմեղ մի բան կարող էր թվալ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ այս հանձնաժողովի վերջին նախագահը մի մարդ է՝ Ռոբերտ Մենենդես անունով, ով ներկայումս գտնվում է FBI-ի հետաքննության ներքո, քանի որ կասկածվում է օտարերկրյա կառավարություններից ոսկու ձուլակտորներ և կանխիկ գումար վերցնելու մեջ: Այսպիսով, երբ լսում եք, թե ինչպես են ամերիկացիները խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ ասելով, թե իրենք միշտ ունեն դա հաղթահարելու ճիշտ լուծումներ, պետք է միանշանակ չհավատալ նմանատիպ ելույթներին»,- ասել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը:

 Իսկ ԱՄՆ Միչիգանի համալսարանի մագիստրատուրայի պատմաբան, Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատմության ամբիոնի հետդոկտորանտ Պիետրո Շաքարյանն էլ իր հերթին՝ ասել էր. 

«Պետք է հասկանանք, որ նախկին խորհրդային հանրապետություններում և Արևելյան Եվրոպայի երկրներում նման լիբերալ և նեոլիբերալ հասարակական կազմակերպություններն այս գիծն ու թեզերն օգտագործում են՝ որպես գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի գործունեությունը խաթարելու միջոց՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ այլ երկրներում։ Մարդկանց այդ մեթոդներով խառնում են ամբողջ աշխարհում՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» կեղծ մեթոդներով ու լոզունգներով: Դուք հիշում եք Մոլդովայում նախագահ Մայա Սանդուի օրինակը: Շատ այլ երկրներում է դա տեղի ունենում։ Այդ ուժերը որևէ երկրում իրավիճակը խառնելու նպատակով միշտ դիմում են կոռուպցիայի քննադատության մեթոդին։ Նրանք նույնիսկ չեն քննադատում, ասենք, սոցիալ-տնտեսական անհավասարությունը, այլ միշտ հատուկ ուշադրություն են դարձնում կոռուպցիայի խնդրին։ «Կոռուպցիայի դեմ պայքարի» լոզունգը մեթոդ-միջոց է»:

  • Եթե Թրամփն ու Պուտինն արդեն Արկտիկան են կիսում, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերը հաստատ քննարկած կլինեն։ Որևէ կասկած չունենաք, որ հիմա Իսրայելը, Թուրքիան ու Ադրբեջանը Թրամփին են ներկայացնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իրենց առաջարկները։ Մեր մեջքի հետևում բանակցություններ են ընթանում։ Տեղեկություն կա, որ 1.5 միլիարդ փող են տվել Ադրբեջանին ենթակառուցվածքները զարգացնելու համար։ Էդ ենթակառուցվածքները որտե՞ղ են լինելու… Երբ փողոցից մարդ ես բերում, որ երկիրդ ղեկավարի, նման բաներն անխուսափելի են։ Այնպես որ, իրենք կորոշեն, հետո սրան (Նիկոլ Փաշինյանին) կկանչեն ստորագրելու։
  • Ուկրաինացիները մեզ պես չեն։ Նրանց տարիներով չեն ասել՝ Դոնբասը, Լուգանսկը հանձնենք, լավ կապրենք… Զելենսկին առանց արդյունքի չի կարող Ուկրաինա վերադառնալ։ Նա իր ժողովրդին առաջարկ պիտի ներկայացնի։ Պատերազմը կշարունակվի, և կրկին կյանքեր կզոհվեն։

  • Եվրոպան չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը։ Նա անգամ իր անվտանգությունն ապահովել չի կարողանում։
  • Մակրոնը խաբեց մեզ, հիմա էլ խաբում է Ուկրաինային՝ դրդելով նրանց շարունակել պատերազմը։ Եվրոպան չի կարող Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել։ Մարդիկ հոգնել են պատերազմից։ Եվրոպայում գներն աճել են մոտ 29%-ով։ Եվրոպան չի կարողանալու ռուս-ուկրաինական հակամարտության մեջ փոխարինել ԱՄՆ-ին։ 

Եթե Անգլիան ու Ֆրանսիան չկարողացան ոչինչ փոխել, Թուրքիան էլ չի կարողանալու։ Հիմա արագորեն նախապատրաստվում է Թրամփ-Պուտին հանդիպումը․ այդ խոսակցության մեջ Թուրքիան դերակատարություն չի ունենալու։

  • Եթե Թուրքիան Հայաստանում դեսպան ունենար, նա ավելի լավ չէր կարող ներկայացնել Թուրքիայի շահերը, քան դա անում է Փաշինյանը։
  • Հայաստանում հասարակության ներսում Սահմանադրության փոփոխության պահանջ չկա՛։

Փաշինյանի տեխնիկան միշտ նույնն է՝ սկզբում ինչ-որ հարցի մասին թեթև խոսել, հետո խաբել, փորձել համոզել։ Եթե մենք Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն փոխենք, նույն վայրկյանից կդադարենք լինել որպես ինքնիշխան պետություն։

  • Ալիևի և Էրդողանի նպատակն է՝ ոչնչացնել Հայաստանը։ Միշտ այդպես են արել. սկզբում՝ համոզել, հետո՝ կոտորել, մինչև Ալեքսանդրապոլի պայմանագիր… Քայլ առ քայլ, սուտ-կեղծ խաղաղություն լոզունգներով ոչնչացրեցին ողջ Հայաստանը… Հայաստանի վերաբերյալ պատմության ընթացքում 8 պայմանագիր է կնքվել, որոնք բոլորն էլ խախտվել են…
  • Ի՞նչ է ասում Փաշինյանը՝ Արցախը հանձնենք, խաղաղ ապրենք, հետո ասում է՝ Սոթքը, Տավուշի գյուղերը հանձնենք, խաղաղ ապրենք, հետո՝ Կիրանցը, հանձնենք, անվտանգ ապրենք… հետո ասում է՝ 300 000 ադրբեջանցի գա, որ խաղաղ ապրենք… Ծիծեռնակաբերդը, Մատենադարանը փակենք, որ խաղաղ ապրենք… Այսպես Արցախն ու Հայաստանը հանձնում է: Սա հիպնոս է։ Սրա արդյունքում կստեղծվի սուպեր Թուրքիա՝ Բաքվից մինչև Ստամբուլ։
  • 2014թ․ Ուկրաինային ստիպեցին ստորագրել պայմանագիր, որ գնան Եվրոպա. ԵՄ անդամակցության մասին․ հենց այսպես սկսվեց ուկրաինական ժողովրդի ողբերգությունը։ Այդ նույն հեքիաթները հիմա մեզ են պատմում։ Ուկրաինան չի՛ ընդգրկվելու ո՛չ Եվրամիության, ո՛չ ՆԱՏՕ-ի կազմում։ Եվրոպան ոչ միայն չի պատրաստվում Հայաստանին ու Ուկրաինային ընդգրկել ԵՄ կազմում, այլև չգիտի՝ վաղն իր հետ ինչ է լինելու։ Որևէ եվրոպացի պաշտոնյա որևէ հայտարարություն չի արել, որ մեզ սպասում են ԵՄ-ում։ Նման բան միայն մեր «բեսեդկագետներն» են ասում։
  • Հայաստանում Ֆրանսիայի անչափահաս դեսպանը, որ Արցախը Ալմա Աթայով Ադրբեջան է համարում, թող գա ու հստակ ասուլիս տա ու ասի՝ Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանին անվտանգության երաշխիքներ տալ։ Ֆրանսիան խոսք էր տվել, որ Արցախում էթնիկ զտում չի լինելու։ Եվ ի՞նչ արեցին: Ոչի՛նչ: Եվրոպառլամենտի ֆրանսիացի պատգամավորն ինքն ասաց՝ մենք Հայաստանին վաճառեցինք նավթի ու գազի դիմաց։ Հերի՛ք է Մակրոնը կեղծ սպասումներ առաջացնի՝ հայալեզու գեղեցիկ գրառումներ անելով թվիթերներում:
  • Ես ու իմ ընտանիքը լավ հիշում ենք 90-ականները, չենք ուզում ցուրտ ձմեռների ժամանակ մի ձեռքով ու սառը ջրով լողանալ։ ԵՄ մտնելու այս գործընթացը դա՛ է նշանակելու։ Ես չեմ ուզում, որ Ադրբեջանը որոշի՝ ինձ գազ երբ տա։ Ո՛չ ոք չի ասում՝ չպետք է մերձենալ Եվրոպայի հետ, բայց կան ռազմաստրատեգիական տարբերություններ։
  • Հայաստանում թե՛ արտահերթ, թե՛ հերթական պրոցեսների դեպքում չարաշահումներ լինելու են։ Գործի են դրվելու ուժային կառույցները՝ ոստիկանություն, և այլն, վարչական ռեսուրսը, աղանդավորական կազմակերպությունները։ 
  • Ինչո՞ւ է Փաշինյանը գումար ծախսում պարեկների, ոստիկանների, ոչ թե բանակի վրա. դրանով ինքը ցույց է տալիս՝ իր համար վտանգը որտեղից է սպասում: Փաշինյանի համար սպառնալիքը ժողովուրդն է, ոչ թե Ադրբեջանը և Թուրքիան: 
  • Հայաստանում բախվում են Արևելքն ու Արևմուտքը։ Դա կարող էր շահավետ լինել, եթե մենք խելք ունենայինք։ Պետք չէր նոր Զելենսկի դառնալ, հիստերիկություն անել։ Հիմա մեզ են նստեցնելու, ասեն՝ դե ստորագրիր։
  • Ես չեմ տեսել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, որ բուհերից ուսանողների ձեռքերը ոլորած՝ հանեն դուրս։ Այսպիսի բան Պինոչետն էր անում։ Իսկ արևմտյան երկրների դեսպանները ծպտուն անգամ չհանեցին։ Պինոչետին էլ Չիլիում նույն ուժերը ժամանակին բերեցին իշխանության:

Հիշեցնենք, 1973թ. սեպտեմբերի 11-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի Լա Մոդենա նախագահական պալատը հեղաշրջման արդյունքում շրջափակվեց ռազմական մեքենաներով և սկսեց ռմբակոծվել ուղղաթիռներից, մի քանի ժամվա ընթացքում զինուժերի ղեկավարները նախագահական պալատը զավթեցին, և ինքնահռչակ խունտան՝ գեներալ Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ, սահմանեց արտակարգ դրություն։ Այն հայտարարեց վեց կուսակցությունից բաղկացած՝ ղեկավարող Ժողովրդական միասնություն (Unidad Popular) կոալիցիան՝ անօրինական, ու արձակեց պառլամենտը:

Ժողովրդավարական եղանակով ընտրված մարքսիստ նախագահ Սալվադոր Ալյենդեն հասցրել էր իր վերջին ուղերձը հղել ժողովրդին, որում նա իր հավատարմությունն էր հղել Չիլիի ժողովրդին: Ալյենդեին խունտան չհասցրեց ձերբակալել. նա արդեն ինքնասպան էր եղել: Իհարկե, նրա մահվան մասին նաև այլ վարկածներ կան, որ ոչ թե ինքնասպան էր եղել, այլ մահվան էին հասցրել:

Ըստ որոշ աղբյուրների՝ Պինոչետին հանձնվելու փոխարեն՝ Ալյենդեն ընտրում է երկու չարիքից փոքրագույնը և ինքնասպանություն գործում։ Թեև Սանտյագո դե Չիլիում նրա մահվան հանգամանքները լիովին պարզ չեն, սակայն պաշտոնական վարկածը, որը հաստատել է նրա անձնական բժիշկը, այն է, որ նախագահն ինքնասպան է եղել ինքնաձիգով։ Մյուսները պնդում են, որ նա սպանվել է պետական ​​հեղաշրջման ժամանակ, երբ պաշտպանում էր նախագահական պալատը:

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31