Քաղաքացիները չեն ուզում խմբեր կազմել ու Փաշինյանին օգնության հասնել. Հարցում
Նիկոլ Փաշինյանն արդեն երկար ժամանակ շարունակում է փնտրել «Իրական Հայաստան»-ը՝ չմոռանալով մերժել նաև «պատմական» Հայաստանը։ Նրա փնտրտուքներն անգամ աչքի ընկան գեղագիտական դրսևորումներով, որի հետևանքով ծնունդ առավ «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը՝ 29.743 քառակուսի կիլոմետրի մասին։
«Իրական Հայաստան»-ի մասին պնդումները, պարզվում է, չեն ավարտվում միայն Ամանորյա ուղերձով, ֆեյսբուքյան գրառումներով, Ազգային ժողովում ու Կառավարության նիստերին առիթ ու անառիթ պնդումներով․ Փաշինյանն օրերս նոր հորդորակ էր տարածել՝ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագիծը քննարկելու կոչով։
«Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու։
Ձևավորեք Ձեր խմբերը և հանդիպման հայտն ուղարկեք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների անվանական ցանկը։ Հանդիպման հայտ կարող եք ներկայացնել նաև անհատապես, և Ձեզ հանդիպման կհրավիրենք՝ 25-30 հոգանոց խմբեր ձևավորելով։ Մինչ հանդիպում։
Հ.Գ. 70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,- նշել էր նա:
168․am-ը գնացել է Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» մտքի հետքերով՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, թե պատրաստվո՞ւմ են արդյոք խմբեր կազմել և քաջ Փաշինյանին օգնության հասնել։
Իրական Հայաստանի մասին մեր հարցադրումները, սակայն, մեզ հանդիպած քաղաքացիների համար խորթ էին։
«Գիտե՞ք ինչ․ աշխարհում կա 200 պետություն։ «Իրական Ֆրանսիա», «Իրական Գերմանիա» ե՞ն ասում, դա ի՞նչ բան է ընդհանրապես, դա կեղծ խոսք է։ Չի՛ կարելի նման բան ասել։ Ամեն ազգ պետք է իր անցյալը հիշի, որ մնա։ Իր ասելով՝ երբ ասում ես՝ «իրական», նշանակում է՝ պետք է մինչև 2018 թվականն ինչ եղել է, ջնջես։ Ամո՛թ է, լա՛վ է»,- հարցմանը զայրույթով արձագանքեց մեր համաքաղաքացիներից մեկը։

Մի կին էլ վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի հասկանում իր կողմից շրջանառվող «իրական» բառի իրական իմաստը։
44-օրյա պատերազմին մասնակցած մի երիտասարդ էլ վստահեցրեց՝ այս օրակարգը ձեռնտու է թշնամուն․ «Ի՞նչ իրական-պատմական Հայաստան։
Ամբողջ աշխարհում հողի, տարածքների համար կռիվ է գնում․ միայն Հայաստանն է, որ իր տարածքները մի բան էլ նվիրում է։ Ասում է՝ դե, սարեր է, մեզ պե՞տք է այդ սարը․ հո էդպե՞ս չի կարգը»։
Մանրամասները՝ տեսանյութում



