Ինչո՞ւ հանգեցինք նրան, որ այդ մարդը պիրսինգի սիրահար է կամ կարուձևի մասնագետ
Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի այն դիտարկմանը, թե քրեակատարողական հիմնարկներում բերանը և աչք կարելը միջոց կամ մեթոդ է, շանտաժ՝ անձնական շահերը լուծելու համար, ասաց. «Այդ դրդապատճառներից ոչ մեկն, ըստ էության, չվերլուծվեց: Ինչո՞ւ հանգեցինք նրան, որ այդ մարդը պիրսինգի սիրահար է կամ կարուձևի մասնագետ է, երբ այդ մարդն ասում է, որ 13-14 անգամ կարել է իր բերանը:
Իսկ 13-14 անգամ բերանը կարողը հոգեկան խանգարում կարող է ունենալ: Չի կարող մարդը հուզվելուց բերանը կարել: Ուրեմն, մարդը լուրջ պրոբլեմ ունի: Օրինակ, քննությամբ պարզվե՞լ է այդ մարդու հոգեվիճակը, որտեղ իր ասած կետերի մեջ նաև դա էր մտնում: Այո, խանգարված մարդը կարող է իրեն ոչ ադեկվատ պահել»:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ դա գործընթաց է, որի վրայով անցնում են: «Երկրորդ հարցը, որ շատ կարևոր է՝ քաղբանտարկյալների հարցն է: Իսկապես, մենք հիշում ենք, որ Հայաստանը Եվրախորհդրի անդամ դառնալու համար վերացրեց մահապատիժը, և բավական մեծ քանակով մարդիկ, որոնք դատապարտված էին մահապատժի, ավտոմատ դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ անցումը կատարվել է ոչ իրավական ձևով»,- նշեց պատգամավորը, ում խոսքով՝ այսօր ոչ ոք չի ուզում անդրադառնալ դրան, քանի որ դա ունի քաղաքական պատճառ, քանի որ այդտեղ կա Հոկտեմբերի 27:
«Այս ձևով անընդնհատ շարունակվել չի կարող»,- ավելացրեց ՀՅԴ պատգամավորը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, թե իրենք ահազանգով հանդիպել են Կարեն անունով մի դատապարտվածի, ով ինքնախեղել էր իրեն, և որը, այնուհետ պարզվեց, 2009թ. գրանցվել էր Ավանի հոգեբուժական դիսպանսերում, բայց նա ճանաչվել էր մեղսունակ:
Ընդ որում՝ դիսպանսերում գրանցվել էր նաև Կարենի ամբողջ ընտանիքը: Այս դիտարկումներին, սակայն, ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատգամավոր Արմեն Ռուստամյանին դիմելով՝ ասաց, թե հավատացնում է, որ քաղաքացիական վերահսկողության համակարգը վատը չէ, իրենք հասցնում են առանձնազրույցներ ունենալ, թեժ գիծ զանգերին պատասխանել, բայց, ցավոք, հասցնում են տասը նախադասություն ասել: «Իսկ երբ գալիս է խնդիրները լուծելու պահը, մենք մնում ենք մենակ: Օմբուդսմենը մնում է մենակ»,- նշեց Կ. Անդրեասյանը: