««Թրաֆիքինգը» շատ մոդայիկ բառ է դարձել, բոլոր լրագրողները ցանկանում են դրա մասին նյութ գրել». Արզուման Հարությունյան (տեսանյութ)

Թրաֆիքինգի դեպքերի ճիշտ լուսաբանումը միշտ էլ շատ արդիական խնդիր է եղել և շարունակում է մնալ այդպիսին: Մտահոգիչ խնդիր է հատկապես հասարակության իրազեկվածության բարձրացման խնդիրը, որովհետև դեպքերից շատերի պատճառը հենց իրազեկ չլինելն է: «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2003 թվականից սոցիալական տեսահոլովակների միջոցով հասարակության հուզող խնդիրների վրա շեշտադրումներ կատարելով՝ բարձրացնում է հասարակության իրազեկվածության մակարդակը: Հասարակության իրազեկվածության, թրաֆիքինգի դեպքերի ճիշտ լուսաբանման և այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ», ռեժիսոր Արզուման Հարությունյանի հետ:

–  Ի՞նչ գործունեությամբ է զբաղվում Ձեր ասոցիացիան և ներկայումս ի՞նչ ծրագրեր է իրականացնում:

–  Մենք փորձում ենք հասարակության բոլոր շերտերին տեղեկացնել թրաֆիքինգի էության և դրանից բխող հետևանքների մասին, փորձում ենք ներկայացնել իրականությունը` ինչպիսի՞ իրավիճակ է, որտե՞ղ է վտանգը, ի՞նչ է սպասվում, թրաֆիքինգի ենթարկված մարդն ի՞նչ օգնություն կարող է ակնկալել:

Ներկայացնում ենք նաև ազգային ծրագիրը, օրենսդրական դաշտը, արտադրել և ցուցադրել ենք «Ընդդեմ թրաֆիքինգի» թեմայով տասը հոլովակներ: Այս պահին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին իրականացնում ենք մի շատ լավ ծրագիր: Փորձում ենք ինտերակտիվ ճանապարհով բարձրացնել երիտասարդների` թրաֆիքինգի մասին իրազեկվածությունը:

Կարդացեք նաև

Ծրագիրն իրենից ներկայացնում է հետևյալը. երիտասարդները փորձագետների միջոցով ծանոթանալով խնդրին՝ սոցգովազդների համար գրում են տարբեր տիպի սցենարներ, մասնավորապես՝ 3 հեռուստագովազդ, 3 ռադիոգովազդ, 3 արտաքին գովազդ և 3 միջոցառումներ: Դրանք իրագործվելու են պրոֆեսիոնալ ստուդիաներում, որպեսզի ապահովենք նաև նրանց պրոֆեսիոնալ մակարդակը: Սա երիտասարդների համար ֆանտաստիկ հնարավորություն է՝ սոցիալական դաշտում դրսևորելու իրենց կարողությունները և գիտակից ու գրագետ ձևով պայքարելու աշխարհի ամենամեծ չարիքի դեմ:

– Ինչո՞ւ հենց երիտասարդներին ընտրեցիք:

– Այս ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ ոչ միայն ինֆորմացիա ունենալ, այլև այն փոխանցել իրենց հասակակիցներին: Երիտասարդների մտածողությունն իրենց հասակակիցներն ավելի լավ կհասկանան: Երիտասարդների շրջանում մենք այս խնդիրն արծարծելու և իրազեկությունը բարձրացնելու լուրջ խնդիր ունենք, այս պատճառով էլ ծրագրի համար երիտասարդներին ընտրեցինք:

– Իսկ երիտասարդներն ակտի՞վ էին մասնակցում:

– Ծրագրին մասնակցել է 30 հոգի, որից սցենարներ են ներկայացրել 14-ը, յուրաքանչյուրը՝ 4-5 սցենար: Այս պահի դրությամբ՝ ունենք մոտ 56 սցենարներ, որոնցից ընտրելու ենք 12-ը: Երիտասարդները բավական ակտիվ էին մասնակցում, բայց կրեատիվության լուրջ խնդիր ունենք: Սա շատ տխուր փաստ է: Լինելով դասախոս` չեմ կարողանում հասկանալ, մե՞նք ենք արդյոք երիտասարդների կրեատիվությունը փչացնում, թե՞ մեկ ուրիշ պատճառ կա:

Անհասկանալի է, թե ինչո՞ւ են երիտասարդներն այդքան ստանդարտ մտածում: Մեծ է ալարկոտությունը, ամբիցիաներ չունենալը կամ ունենալը, բայց լրիվ անկապ դաշտում: Երիտասարդները պրոֆեսիոնալ ամբիցիաներ չունեն, իսկ դա շատ վատ է: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ունենա պրոֆեսիոնալ ամբիցիա` դառնալ ամենալավը: Պետք է շատ կարդալ, շատ նայել, շատ տեսնել, ուշադիր լինել, և այլն: Բայց, ամեն դեպքում, առաջընթաց նկատվում է: Նոր եկող սերունդն ավելի կազմակերպված և ավելի պահանջատեր է:

– Երիտասարդների պատրաստած սոցգովազդները ցուցադրվելո՞ւ են:

– Մենք պլանավորել են դրանց ցուցադրությունները: Մարզային հեռուստաընկերությունների հետ որևէ խնդիր չկա, բայց «Շանթի», «Արմենիայի» հետ խնդիրներ կան, Հանրային հեռուստաընկերությունն ընդհանրապես փակ է: «Երկիր մեդիան» և «Շողակաթը», ինչպես նաև՝ «Ռադիո Վանը» սոցգովազդներ տեղադրելու և ցուցադրելու ձև գտնում են:

– Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, թրաֆիքինգի մասին մարդկանց իրազեկվածությունը բարձրացե՞լ է:

– Մենք ունենք բնակչության իրազեկության բարձրացման կտրուկ աճ, բայց դա բավարար չէ: Գալիս է նոր սերունդ, գալիս են թրաֆիքինգի նոր ձևեր, ուստի մարդկանց իրազեկելու աշխատանքը պետք է շարունակական լինի: Ցավոք սրտի, այս տարի ունենք օրգանների թրաֆիքինգ: Անցյալ տարի ունեինք մանկական թրաֆիքինգի 4 դեպք:

Պետք է նկատի ունենալ, որ եթե անցած տարի մենք գտնվում էինք Պետդեպարտամենտի տարեկան զեկույցի 3-րդ խմբում` որպես պետություն, որտեղ կա այս երևույթը, բայց կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում, ապա այս տարի, շնորհիվ կատարած աշխատանքների և ազգային ծրագրի, 2-րդ խումբ ենք տեղափոխվել:

– Դեպքերի թվերն աճո՞ւմ են:

– Բացահայտումների թվերն են աճում, բայց այն չպետք է շփոթել դեպքերի թվերի հետ: Իրականում ոչ մի երկիր չի կարող ասել, թե քանի՞ դեպք է տարեկան տեղի ունենում, քանի որ թրաֆիքինգը կազմակերպված հանցավորության տեսակ է: Այն շատ բարդ հանցատեսակ է և բացահայտելը բավականին դժվար է: Մենք կարող ենք ասել, որ անցած տարի ունեցել ենք 15 բացահայտված դեպք, այս տարի` 18 դեպք, այդ թվում՝ կան այնպիսի գործեր, որոնք անցած տարվանից են փոխանցվել: Մինչև տարեվերջ, երևի, կունենանք 20 դեպք:

– Իսկ մեր օրենսդրական դաշտը բավարա՞ր է:

– Այո, Հայաստանն այն եզակի երկրներից է, որն ունի թրաֆիքինգի մասին հատուկ օրենք: Այն հստակ որակավորում է, թե ինչ է թրաֆիքինգը: Ունենք նաև ազգային ծրագիր, ուղղորդման մեխանիզմ, հասարակական կառույցներ, որոնք զոհերի վերադառնալուց հետո որոշակի ժամանակ նրանց կացարաններ են տրամադրում, նաև կառավարությունն է բյուջեից ֆինանսական աջակցություն դրսևորում: Այս առումով մեզ մոտ լավ վիճակ է, և օրենքներն ու ծրագրերը հստակ գործում են:

– Մոտ ապագայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Մենք լրագրողների շրջանում շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացնում: Շուտով սպասվում է սեմինար` «Ինչպե՞ս լուսաբանել թրաֆիքինգը» թեմայով: Այսօր, ցավոք սրտի, մեր լրագրողները թրաֆիքինգի թեմային անդրադառնում են շատ վատ ձևով: Առանց խորանալու երևույթի մեջ, առանց, գոնե, կարդալու թրաֆիքինգի սահմանումը, որակավորումներ են տալիս, ընդհուպ՝ մինչև արձանների կոտրվելու հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին «թրաֆիքյոր» հանեցին:

Սա ծիծաղելի է: Լրագրողները կոպիտ սխալներ են անում` հրապարակում են զոհերի անուն-ազգանունը, դեպքի վայրը, և այլն: Սա մի քանի առումներով անթույլատրելի է: Նախ` գաղտնիության խնդիր կա, հետո էլ` այդ մարդիկ դեռ ընտանիք և հասարակություն են վերադառնալու, իսկ լրագրողն այդպես գրելով` միանգամից խաչ է դնում նրանց` հասարակությանը վերաինտեգրվելու հնարավորության վրա:

Եթե թրաֆիքինգի ենթարկված մարդը չվերաինտեգրվի, նրա հաջորդ ճանապարհը կա՛մ նորից թրաֆիքինգի ենթարկվելն է, կա՛մ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թրաֆիքյոր դառնալն է: Եթե հասարակությունը չի ընդունում նրանց, չարությունից նրանք են դառնում թրաֆիքյոր: «Թրաֆիքինգը» շատ մոդայիկ բառ է դարձել, բոլոր լրագրողները ցանկանում են դրա մասին նյութ գրել, բայց շատ քչերն են, որ խորանում են երևույթի մեջ և ճիշտ մեկնաբանություններ անում: Ժամանակին լրագրողների համար հատուկ ուղեցույց էինք հրապարակել` «Ինչպե՞ս լուսաբանել թրաֆիքինգը» թեմայով: Այստեղ կան շատ լավ խորհուրդներ` ինչպե՞ս նյութ գրել, ինչպե՞ս հարցազրույց վարել, և այլն:

Նշեմ, որ «Ընդդեմ թրաֆիքինգի» մասին նյութերի վերաբերյալ լրագրողների համար սահմանվել է տարեկան մրցանակաբաշխություն: Լուրջ աշխատանքներ ենք տանում Արտաքին գործերի նախարարության հյուպատոսության աշխատողների հետ: Արտադրել ենք հոլովակներ, որոնք միջազգային մի շարք փառատոներում բազմաթիվ մրցանակներ են ստացել: Նույնիսկ ավելին, մի քանի տարի առաջ ԵԱՀԿ-ի «Ընդդեմ թրաֆիքինգի» միջազգային մեծ կոնֆերանսի ժամանակ, որտեղ մասնակցում էին Եվրոպայի բոլոր պետությունների ԵԱՀԿ դեսպանները, որոշում կայացվեց՝ մեր կազմակերպության կողմից արտադրված հոլովակները թարգմանել և բոլոր երկրներում ցուցադրել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս