
Կարգի հրավիրե՛ք ձեր օլիգարխին. քաղաքացին, այլ արտադրողներն ինչո՞վ են մեղավոր

Արդեն տևական ժամանակ է՝ 168.am-ի խմբագրություն են զանգահարում տարբեր քաղաքացիներ, որոնք Երևանում գտնվող նույն սուպերմարկետների ցանցից ու նույն ընկերության արտադրած ձուն մեկ գնում են 25 կամ 29 դրամով, իսկ մեկ շաբաթ անց՝ նույն ընկերության արտադրած ձուն արդեն գնում են 65 կամ 80 դրամով։
Մարդիկ հարց են տալիս՝ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը, կարո՞ղ է՝ հին է, անորակ է, դրա համար է արտադրող ընկերությունը գինը շատ նվազեցրել, որպեսզի «նաղդի» սպառողների վրա։
Սպառողների համար անհասկանալի է, թե ինչպես կարող է այդ իրավիճակը լինել՝ ծայրահեղությունից ծայրահեղություն։
Մեզ դիմած քաղաքացիների խոսքով՝ խոսքը «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրած ձվի մասին է։
Քաղաքացիների ահազանգից հետո որոշեցինք հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում, առհասարակ ձվի շուկան ինչպե՞ս է վերահսկվում, և արդյո՞ք նշված ընկերության կողմից պատկան մարմինները հայտնաբերել են խախտումներ։
Ի դեպ, նշենք, որ Նարեկ Նալբանդյանն իր տարբեր հարցազրույցներում նշում է, որ «ինչ անում է, ժողովրդի համար է անում», այսինքն՝ եթե էժան ձու է վաճառում, ապա «հանուն ժողովրդի», բայց թե նույն ձուն որ վաճառում է 70-80 դրամ՝ ո՞ւմ համար է անում՝ հարց է, գուցե անձնական գրպանի՞։
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ևս տեղյակ է, թե շուկայում ինչ է անում նշյալ ընկերությունը.
«Տեղյակ եմ, ահազանգ ստացել եմ, «88» սուպերմարկետների ցանցում է այդ ձուն վաճառվում, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրածն է։ Այս շուկան կարգավորում է Մրցակցային հանձնաժողովը, համատեղ՝ Սննդի անվտանգության տեսչության հետ, որովհետև այնտեղ որակական պահ կա, և բնական է՝ պետք է վերահսկի իրավիճակը նաև Էկոնոմիկայի նախարարությունը։
Ինքս այդ շուկան միշտ ուսումնասիրում եմ, Գյուղակադեմիայից իմ երեխաներին մշտապես ուղարկում եմ շուկա՝ տվյալները բերում են, իրականացնում ենք ներքին ուսումնասիրություն, այսինքն՝ մեր ուշադրության կենտրոնում է այդ ամենը։
Խնդիրն այն է, որ կա գլոբալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառ։ Օբյեկտիվն այն է, որ մեզ մոտ 3-4 տարին մեկ տեղի է ունենում գերարտադրություն, որի ժամանակ բոլորը ձգտում են վաճառել իրենց ապրանքը, քանի որ սա այն ապրանքն է, որը չի կարելի երկար պահել։ Երկրորդ՝ իրենք ուրիշ ռեսուրս չունեն, գոնե հարկավոր է կերն առնեն, որն ինքնարժեքի 50-55 տոկոսն է կազմում, և գոնե իրենց աշխատակիցների աշխատավարձը տան։ Մենք գիտենք, թե այդ գերարտադրությունը երբ է տեղի ունենում, պատկան մարմիններին դրա մասին տեղյակ ենք պահում։ Այսինքն՝ մենք փետրվարից սկսած արդեն գիտենք, որ գերարտադրություն է գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը։
Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով, արդեն երրորդ տարին է՝ Էկոնոմիկայի նախարարությանը խնդրում են, որպեսզի աջակցեն՝ դուրս գան դրսի շուկա, քանի որ կան երկրներ, որոնք այդ ձվի կարիքն ունեն։
Նրա բնորոշմամբ՝ ստացվում է, որ հայ արտադրողները լավ աշխատում են, սակայն վերջում կանգնում են ջարդած տաշտակի առաջ։
«Այստեղ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը փոխանակ ճիշտ ուսումնասիրի, ասում է՝ մանր կազմակերպությունները նամակ են գրել, որ խոշորները «դեմփինգ» են անում։ Մենք իրենց բացատրում ենք, որ արդեն 3-րդ անգամ է, դուք էլ պետք է սովորեք, իմանաք՝ սա ինչից է եղել՝ տարին հաջող է եղել, տաք ձմեռ է եղել, կերն էլ՝ էժան, որի արդյունքում էլ բոլոր ընկերություններն իրենց թռչունների գլխաքանակն ավելացրել են։ 2024-2025 թվականների ընթացքում մենք ֆերմերային տնտեսությունների աճ ունեցանք, ԵԱՏՄ մակարդակում ձվի արտադրության ամենաբարձր ցուցանիշն ունենք Հայաստանում։ Ապրիլից սկսած՝ օրական 1 միլիոնից ավելի ձու էր արտադրվում։ Խոշոր ու փոքր ընկերություններն ավելացրել էին իրենց քանակը ու սկսեցին միմյանց մեղադրել՝ փոքրերը խոշորներին ասում էին, որ «իրենց արտադրածի գինը գցում են, որ իրենք շուկայից դուրս մնան», մեծերն էլ մեծ քանակով արտադրում էին, բայց պահելու տեղ չունեին»,- շեշտեց Սերգեյ Ստեփանյանը։
Ս. Ստեփանյանը նաև ասաց, որ 3 տարի է՝ Էկոնոմիկայի նախարարությանն ասում են՝ տեսնելով, որ շուկան բավարարում են, ինչո՞ւ նախարարությունը չի օգնում այդ ձուն նաև արտահանելու հարցում։ Նույնիսկ վրացական կողմից խնդրել են, որպեսզի Վրաստանով այն արտահանեն Բուլղարիա։
«Մեր նամակին նախարարությունից պատասխանել են, թե «մենք դեռ ԵՄ-ի ստանդարտներն և կանոնակարգերը չենք ապահովում, ժամանակ է պետք, որ այդ փուլն անցնենք»։ 3 տարի է՝ Եվրոպա են ուզում մտնել, բա ի՞նչ էին անում այս 3 տարիների ընթացքում։ Արդյունքում էլ ձուն հանեցին շուկա 19-20 դրամով, խանութներին էլ տրվեց 25 դրամով, իսկ ձվի միջին արժեքը 34 դրամ է։ Խանութը վերցնում է, 10 տոկոս «վրադիր» է տալիս, ու սա որևէ մեկը չի նկատում։
Լավ, քաղաքացին ինչո՞վ է մեղավոր, 2 ամիս առաջ նույն ձուն գնում է 19 դրամով, հետո նույն ձուն գնում է 80 դրամով։ Այս 2 ամսում այդ ի՞նչ պատահեց, սա սպառողների իրավունքների շահերի ոտնահարում է»,- կարևոր հարցեր է բարձրացնում մեր զրուցակիցը։
Պարզվում է, քաղաքացիների բարձրաձայնած խնդրի մասին տեղյակ են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում։ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը մեզ փոխանցեց.
«Վարույթ հարուցված է, քանի որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ունի գերիշխող դիրք, ուստի ցածր գնի հանգամանքը Հանձնաժողովը քննում է»:
Արդերն որերորդ անգամ խնդիրը բարձրաձայնում ենք, պատկան մարմիններից ստանում նմանատիպ պատասխան, և ոչինչ չի արվում խնդիրները կարգավորելու համար: Այս անգամ ևս մենք կհետևենք, թե այդ ամենի վերջնարդյունքում ինչ է լինելու, և այդ մասին անպայման կփոխանցենք մեր ընթերցողներին։
Քաղաքացիների ահազանգի մասին տեղեկացրեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հետևում են շուկայում վաճառվող այդ ձվի որակին, այն արդյո՞ք անվտանգ է։
«Եթե կոնկրետ խնդիր կա ձվի հետ կապված, մենք ստուգումներ անում ենք կա՛մ բողոքի հիման վրա, կա՛մ ստուգումների ծրագրով։Կայքում մենք տեղադրում ենք ստուգումների ծրագիրը, իսկ բողոք, որպես այդպիսին, չենք ստացել։ Եթե, օրինակ, հիմք տաք, որ քաղաքացին ձու է գնել, և այն փչացած է եղել, հոտած և այլն, ապա մենք դրան անպայման ընթացք ենք տալիս, իսկ եթե էժան են վաճառում, մենք անելիք չունենք այդտեղ։ Որակի հետ կապված խնդիր հայտնաբերելիս մեր քաղաքացին կարող է նաև մեզ զանգահարել ու թռչնաֆաբրիկայի անունը նշել, որտեղից է գնել, հետո արդեն մենք կիրականացնեք մեզ վերապահված բոլոր գործողությունները»,- ընդգծեց Անուշ Հարությունյունյանը։
Հարկ է հիշեցնել, որ նույն «Շիրակ» թռչնաֆաբրիկան պարբերաբար հայտնվում է քաղաքացիների ուշադրության կենտրոնում հենց նմանօրինակ «ակցիաների» շնորհիվ, 2022 թվականին ևս նույն ընկերությունը ձուն շուկա էր հանել 30 դրամով, որոշ ժամանակ անց նույն ձուն վաճառել 60-65 դրամով։ Անցյալ տարի ևս նման խնդիր էր առաջացել ձվի շուկայում:
Հիշեցնենք նաև, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան պատկանում է ՔՊ-ականների մտերիմ օլիգարխ Նարեկ Նալբանդյանին, որը Նիկոլ Փաշինյանի՝ 2018-ի իշխանազավթումից հետո դարձավ նրանց սրտի օլիգարխներից մեկը, որին, փաստորեն, թույլատրվում է ցանկացած վայրում անել այն ամենը, ինչ ցանկանում է՝ թքած ունենալով քաղաքացիների, տնտեսվարողների, առհասարակ՝ շուկայի և տնտեսության վրա: