
«Վեոլիա ջուր»-ը և Ջրային կոմիտեն կկատարեն շուրջ 11 միլիարդ դրամի ներդրում

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի միջև հուլիսի 16-ին ստորագրված համաձայնագրով վարձակալության պայմանագրում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ ներդրումներ կատարելու պարտավորությունների ընդլայնման վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ընդգծելով, որ համաձայնագրով նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 միլիարդ դրամի կապիտալ ներդրում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով։
Ներդրումները կիրականացվեն համատեղ ուժերով (վարձատուի՝ պայմանագրով նախատեսված տարեկան վարձավճարի և վարձակալի՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի միջոցներով)՝ ապահովելով Երևան քաղաքի և հարակից համայնքների ներքին ցանցերի մասնակի հիմնանորոգում, որի հետևանքով ջրի ընդհանուր կորուստների կրճատման արդյունքում ջրամատակարարման ցանցում կլրացվի ևս 270 լ/վ ջուր։
«Այս ներդրումները՝ վերջին տարիներին օրհասկան դարձած ջրաղբյուրների նվազեցման ֆոնին, հնարավորինս կլրացնեն ջրամատակարարման պակասող ջրաքանակները»,- հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ծրագրերը կիրականացվեն 2025-2026 թվականներին։