Հայ-ռուսական հարաբերությունները նոստալգիայի հիմքում չեն
«Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի մասին խոսելիս՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե երկու կառույց, գաղափար փորձում ենք իրար հակադրել»: Այս մասին այսօր «Հայաստան և Եվրասիական միություն» թեմայով կայացած սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Մի կողմից մենք հակադրում ենք մի քաղաքական իրականություն՝ դա Հայաստանի եվրոատլանտիկ գործընթացն է, և մյուս կողմից՝ ներկայումս միայն ինֆորմացիոն դաշտում գոյություն ունեցող գաղափար, որը հնչեցվել էր Պուտինի կողմից նախընտրական պայքարի ժամանակ: Սրանք համեմատելով՝ մենք մոռանում ենք, որ անգամ Մոսկվայում չկա պատասխան, թե Եվրասիական միության գաղափարը, որը նախընտրական փուլում նոստալգիայի տրամադրություն ուներ, արդյոք հնարավո՞ր է իրականացվի, թե՞ ոչ»,- պարզաբանեց նա:
Նաև հավելեց, թե ինքը համոզված չէ, որ Մոսկվայում պատրաստ են կյանքի կոչել տնտեսական մի միավորում, որը բացառությամբ Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և այլ գործընկերների դեպքում կօժտվի տնտեսական նպատակահարմարության խնդիրներով:
«Չեմ կարծում, որ ՌԴ-ն պատրաստ է սուբսիդավորել Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի մասնակցությունը Եվրասիական միությանը, որը միլիարդավոր դոլարներ է պահանջում՝ ելնելով միայն ինչ-որ նոստալգիկ գաղափարներից»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ հայ-ռուսական հարաբերությունները «հենված են հստակ ռազմաքաղաքական պրագմատիզմի վրա և ոչ երբեք նոստալգիայի»: