Բաժիններ՝

ՄԻՊ. իրավախախտին դատախազի սանկցիայով ձերբակալելը հակասում է Սահմանադրությանը

Նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Կարեն Անդրեասյանը վիճարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերության և 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունած Ազգային ժողովը:

Օրենսգրքի 260-րդ հոդվածի` վարչական ձերբակալում, վիճարկվող 3-րդ պարբերության համաձայն, վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան: Անչափահասի ձերբակալման մասին նրա ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց տեղյակ պահելը պարտադիր է:

Վարչական ձերբակալման ժամկետներին վերաբերող 262-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ ամրագրված է, որ «սահմանային ռեժիմը կամ ԽՍՀՄ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք կարող են ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ` արձանագրություն կազմելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում անձը և իրավախախտման հանգամանքները պարզելու համար` մինչև երեք օր ժամանակով, ձերբակալման պահից քսանչորս ժամվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդելով դատախազին, կամ դատախազի սանկցիայով` մինչև տասը օր ժամանակով, եթե իրավախախտողները չունեն իրենց անձը հաստատող փաստաթղթեր»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից պարզ է դառնում, որ հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, ինչը և հակասում է Սահմանադրությանը։ ՄԻՊ-ը գտնում է, որ օրենսգիրքը չի ապահովում նաև Սահմանադրության այն պահանջը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Վիճարկվող 262-րդ հոդվածի 2-րդ պարբերության կապակցությամբ էլ Կ.Անդրեասյանը գտնում է, որ վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացուն դատախազի սանկցիայով ձերբակալելը և ընդհուպ մինչև 10 օր պահելը հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, ըստ որի, եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս