Նոր հանձնաժողովի ստեղծումը` նոր հույս
2008 թվականի մարտիմեկյան սպանությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական նոր հանձնաժողովի ստեղծումը, ինչի նախաձեռնությամբ օրերս հանդես է եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նոր հույս է մարտի 1-ի զոհերի ծնողների, հարազատների համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է 2008 թվականի մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը:
«Այս հանձնաժողովի ստեղծել-չստեղծելուց կերևա` որ քաղաքական ուժերն են շահագրգիռ, որպեսզի բացահայտվեն մարտի 1-ի սպանությունները, որոնք` ոչ»,- ասել է Ալլա Հովհաննիսյանը։
Ալլա Հովհաննիսյանի խոսքով` անկախ նրանից` ով կղեկավարի հանձնաժողովը, ովքեր կլինեն անդամները, մարտի 1-ի զոհերի հարազատներին արդյունքն է հետաքրքրում։
«Պարտադիր պետք է։ Եթե իրոք իշխանությունները չեն սպանել իմ երեխային, թող այդ հանձնաժողովով դա ապացուցեն։ Եթե իմ երեխան որևէ անկարգություն է արել ու մեղք ունի` թող այդ հանձնաժողովով ապացուցեն։ Այդ հանձնաժողովը պիտի պարզություն մտցնի։ Հանձնաժողովը թող ստեղծվի` եթե մենք կզգանք, որ լավ են աշխատում, կողջունենք, եթե կսկսեն նորից Նիկոյանի նման կոծկելը, մենք էլ նորից կսկսենք բողոքարկելը»,- ասել է նա։
Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը պնդել է, թե նախաքննական մարմինը իրենց վաղուց չի տեղեկացնում գործի ընթացքին։ Ալլա Հովհաննիսյանի խոսքով` իր նախաձեռնությամբ է դիմել նախաքննական մարմնի նոր ղեկավարին` Վաղինակ Ջանազյանին։ Նա պատասխանել է, թե հանրային հետաքրքրություն չկա, դրա համար գործի ընթացքի մասին լրագրողներին այլեւս չեն տեղեկացնում։
Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը` Վաչագան Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ մեկ-երկու անգամ է եղել դատախազությունում, սակայն չի հիշել, թե վերջին անգամ երբ։ Գործի ընթացքին էլ զանգվածային լրատվամիջոցներից է տեղեկանում, այդ պատճառով կողմ է, որ ձեռքը զարկերակին պահեն։
«Բոլոր ծնողներս էլ ընդառաջ ենք` նորից վերականգնենք։ Սամվել Նիկոյանը ոչ մի բան չարեց. ինչ էին փնտրում` ես չեմ իմանում… Մարտի 1-ը` պարզ, զոհվածները` պարզ, խփողները` պարզ, թե մինչեւ հիմա ինչ են ման գալիս…»,- ասել է նա։
«Մեզ` մարտի 1-ի զոհերի հարազատներիս համար այդ հանձնաժողովի ստեղծումը նոր հույս է, – ընդգծել է Վաչագան Ֆարմանյանը,- Տեսնենք` դա էլ ինչ կլինի։ Դա էլ ձեռնարկենք, դա էլ անենք…»։
Խորհրդարանում ներկայացված «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» դեռևս չեն քննարկել` կմիանա՞ն մարտի 1-ի սպանությունները ուսումնասիրող նոր հանձնաժողով ստեղծելու` Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը, թե՞` ոչ։
Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ռադիոկայանի թղթակցին ասել է, որ Հանրապետականում էլ հարցը չի քննարկվել, բայց անձամբ ինքը դեմ է նախաձեռնությանը։ Նրա կարծիքով` ՀԱԿ-ի նախաձեռնությունը նախագահական ընտրություններից առաջ քաղաքական հնարք է։
Նա նաև հիշում է` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական առաջին ժամանակավոր հանձնաժողովը` Սամվել Նիկոյանի գլխավորությամբ, ընդդիմությանը հրավիրել էր մասնակցելու իր աշխատանքներին. նրանք չեկան, չմասնակցեցին։
«Արդեն իրավական տիրույթում է հարցը. եթե որևէ մեկը ունի փաստեր` պարտադիր չէ հանձնաժողով ստեղծել, հանձնաժողովում գալ, կամ ասուլիսի ժամանակ ասել` «ես գիտեմ, որ Պողոս Պողոսյանն է կամ Պետրոս Պետրոսյանն է պատվիրել, կամ մեղավորը, կամ կրակողը, բերեք բռնենք»։ Նախ, եթե ունեիք այդ փաստերը` ներկայացնեիք։ Եթե նախաքննող մարմինն էլ կոծկում է` Ազգային ժողովում կա հայտարարությունների ժամ, կա հարցուպատասխանի ժամ` կանգնիր, երեք րոպեն օգտագործիր նրա համար, որ դու փաստը ներկայացրել ես` համապատասխան նախաքննող մարմինն էլ, լիազոր մարմինն էլ կոծկել է։ Բայց եթե դա չկա, և մենք միանգամից արդեն շոուների ճանապարհով ենք գնում, այդ ճանապարհը մեզ լուսավոր կետի չի հասցնի»,- ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։