Պահպանման ժամկետ
«Բյուջեի մասին» օրենքների ծախսային մասում մի հետաքրքիր ձևակերպում կա՝ «պահպանում»։ Օրինակ, նշված է «Գործադիր իշխանության մարմինների պահպանման ծախսեր» կամ «Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծախսեր»: Դրա մեջ մտնում են ինչպես աշխատավարձերը, այնպես էլ՝ հարակից ծախսերը՝ գործուղումներ, շենքի պահպանում, և այլն։
Եթե գույքային առումով «պահպանում» բառը տեղին է, ապա մարդու՝ պատգամավորների, պետական ծառայողների և այլոց դեպքում մի քիչ գեղեցիկ չի հնչում։ Իրոք, «պահպանել» ասելիս՝ մարդու մտքով կարող է անցնել, ասենք, թթու դրած ծաղկակաղամբ կամ գրասենյակային գույք… ամեն ինչ, սակայն՝ ոչ պատգամավոր կամ պետական ծառայող, կամ ընդհանրապես՝ մարդ։ Ու թեպետ արդեն երկար տարիներ այդ տերմինը տեղ է գտնում բյուջեում, դրան պատշաճ ուշադրություն դարձվել է միայն այսօր` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից։
Այսօր, երբ ԱԺ-ում 2011 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է ծախսերի տվյալները, Ջհանգիրյանը նրան հարցրել է. «Պարոն Ջանջուղազյան, Դուք ասացիք՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի պահպանում, Քրեակատարողականի պահպանում: ԱԺ-ի ձևաչափի մեջ ասացիք՝ պատգամավորների պահպանում, ո՞նց եք պահպանում»։ Ջանջուղազյանը վերջինիս պատասխանել է, որ այդպես է գրված, ծրագիրն այդպես է կոչվում։ Սակայն այդ պատասխանը Ջհանգիրյանին չի գոհացրել. «Ինձ չեք կարող պահպանել, էլի, սխալ ձևակերպում է, փոխեք»:
Առանց որևէ մեկին վիրավորելու՝ նշենք, որ այս տգեղ տերմինն ինչ-որ տեղ խորհրդանշական է։ Ենթագիտակցորեն, եթե ինչ-որ բան պահպանվում է կամ պահպանման կարիք ունի, ապա ենթադրվում է, որ ունի նաև պահպանման ժամկետ։ Իսկ երբ խոսքը վերաբերում է պետական համակարգին, ապա Հայաստանում դրա պահպանման ժամկետը մեծ հարցականներ է պարունակում։ Այսպես՝ բարձրագույն իշխանությունները շարունակ խոսում են փոփոխությունների, լուրջ ու որակական փոփոխությունների մասին։ Սակայն, երբ դիտարկում ենք թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանության կազմը, տեսնում ենք նույն դեմքերը, նույն խոսքերը, նույն բանավեճերն ու նույն ինտրիգները։ Ընտրությունից ընտրություն փոխվում է միայն կաղապարը, սակայն միջուկը մնում է նույնը։ Բնական է, որ այս դեպքում թարմության մասին խոսք լինել չի կարող։ Բնական է նաև, որ այդ դեպքում հարկավոր է միջոցներ ծախսել «պահպանման» համար։ Կամ ծայրահեղ դեպքում՝ միջոցներ ծախսել պահպանման ժամկետի մասին մակնշումը փոխելու վրա։
Ցավալին այն է, որ այդ պահպանումը բավականին թանկ է նստում հարկատուների վրա։ 2011 թ. միայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցները կազմել են 2.7 մլրդ դրամ, իսկ գործադիր իշխանության մարմինների պահպանմանը տրամադրվել է 6.3 մլրդ դրամ:
Այնպես որ, Գագիկ Ջհանգիրյանի առաջարկը՝ փոխել ձևակերպումը, միգուցե տեղին չէ։ Ի վերջո, պատահական ոչինչ չի լինում։ Քանի դեռ Հայաստանում փոխվում է տարան, սակայն՝ ոչ տարայի պարունակությունը, ապա պահպանման ծախսերը մնում են անհրաժեշտություն։