Բաժիններ՝

Մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձը կբարձրանա 40%-ով

ՀՀ  վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին  հանձնարարել է 40%-ով բարձրացնել դասախոսների  աշխատավարձը: Երեկ համալսարանի խորհրդի հերթական նիստի ընթացքում Տ. Սարգսյանը նշել է, որ երիտասարդ գիտնականներին խրախուսելու առաջնային ձևերից մեկը ֆինանսականն է:

«Պարո՛ն Միրզախանյան, ես Ձեզ անցած տարի հանձնարարեցի 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Դուք արեցիք: Սակայն կարծում եմ, որ այդ գումարի չափն էլ բավարար չէ: Հանձնարարում եմ Ձեզ մինչ այս տարվա ավարտը կրկին 40 տոկոսով բարձրացնել Ձեր դասախոսների աշխատավարձը: Մենք պետք է շարունակենք աշխատավարձերի բարձրացման գործընթացը, որպեսզի երիտասարդների մոտ ցանկություն առաջանա իրենց ապագան կապել հենց Մանկավարժական համալսարանի հետ: Նրանք պետք է հասկանան, որ այստեղ, որակի խիստ պահանջների հետ մեկտեղ՝ առկա է նաև դրանց համադրելի վարձատրություն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հանձնարարականի կապակցությամբ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ մինչ տարեվերջ համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի շուրջ 900 ներկայացուցիչների աշխատավարձը կբարձրացվի ևս 40%-ով:

168.am-ի հետ զրույցում Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացումը կատարվելու է համալսարանի բյուջեից: Աշխատավարձի բարձրացման արդյունքում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի միջին աշխատավարձը կկազմի 210.000 դրամ:

Կարդացեք նաև

Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից նաև տեղեկացանք, որ աշխատավարձերի բարձրացումն աշխատող մեխանիզմ է. անցած տարի աշխատավարձերի բարձրացումից հետո շատ ուսանողներ կրթությունն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում Մանկավարժական համալսարանում:

Ի դեպ, Մանկավարժական համալսարանում ուսման վարձն, ըստ ֆակուլտետների` բավական բարձր է` չնայած այս ինստիտուտն իր կրթական որակով մշտապես զիջել է գրեթե բոլոր պետական ուսումնական հաստատություններին:

Մանկավարժական համալսարանում Մաթեմատիկայի ֆակուլտետում ուսման վարձը 260.000 դրամ է, Ինֆորմատիկայի ֆակուլտետում` 320.00 դրամ, Ֆիզիկայի, Քիմիայի ֆակուլտետներում` 260.000 դրամ, Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետում` 445.000 դրամ: Համալսարանի ամենաթանկարժեք ֆակուլտետը իրավագիտությունն է. ֆակուլտետի ուսման տարեկան վարձը 585.000 դրամ է: Անգլերեն լեզվի և գրականության, ինչպես նաև մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետներում տարեկան վարձը 445.000 դրամ է:

Իսկ, օրինակ, Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ուսման վարձը 300.000 դրամ է,  Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում`  350.000 դրամ, Ֆիզիկայի,  Ռադիոֆիզիկայի, Քիմիայի ֆակուլտետներում` 300.000 դրամ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` 500.000 դրամ, Տնտեսագիտության ֆակուլտետում` 480.000 դրամ, Ռոմանագերմանական բանասիրության,  Արևելագիտության ֆակուլտետներում` 450.000 դրամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), որը Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, ուսման վարձը սկսվում է 300 հազար դրամից, իսկ ամենաբարձրը՝ 450 հազար դրամ է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս