«Չեմ պատկերացնում որևէ սթափ մտածող հայ, ով կգնա խցիկ ու կքվեարկի Ռոբերտ Քոչարյանի օգտին»

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ

– Սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց ՀՀ կառավարության գործունեության վերաբերյալ, դրան հաջորդեց «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ Հակոբ Բեգլարյանին պաշտոնից ազատելու որոշումը: Ձեր կարծիքով` ո՞ւմ էր ուղղված այս քայլը:

– Եթե նախագահը ներկայացրել է հիմնավոր նյութեր, որ Բեգլարյանը վատ է աշխատել, թերացել է, իհարկե, վարչապետը պետք է հեռացներ նրան: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում այստեղ: Ուրեմն ներկայացրած փաստերը, չնայած` դրանց ես չեմ տիրապետում, հիմնավոր են եղել, եթե պաշտոնից հեռացրել են ոչ միայն իրեն, այլև, որքան գիտեմ, այլ աշխատողների:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ որոշվեց հենց այս ոլորտից սկսել:

Կարդացեք նաև

– Այն, որ գնումների ոլորտն ավելի մեծ հնարավորություններ ունի գողանալու, խաբելու, կոռուպցիայի` ակնհայտ է, քանի որ գնումներ է: Որ այստեղ բացահայտվել է, ու ազատել են, նորմալ եմ համարում: Թե շարունակությունն ի՞նչ կլինի, ի՞նչ զարգացումներ կլինեն, ես չգիտեմ, քանի որ ինֆորմացիային չեմ տիրապետում: Բայց ինձ ուրախացնում է, որ քայլեր են արվում իրավիճակը շտկելու նպատակով:

– Փաստորեն, Դուք չեք կիսում այն տեսակետները, թե` իրար հաջորդող այս քայլերը նախընտրական PR-ի շրջանակում են կատարվում, և, որ դրանք պարզապես շոուներ են:

– Ես ուզում եմ ընկալել ու հասկանալ այնպես, որ իրավիճակը հասել է մի սահմանագծի, որ կշտկվի, ու անհրաժեշտ է շտկումներ իրականացնել:

– Հիմա շատ է խոսվում վարչապետի փոփոխության մասին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական կառավարության կազմի ու վարչապետի հնարավոր փոփոխությունը:

– Նման խոսակցություններ միշտ եղել են: Նախկին վարչապետի պաշտոնավարման ընթացքում ևս խոսվում էր այդ մասին: Սրանք պարբերական բնույթի խոսակցություններ են, բայց ոչինչ էլ տեղի չի ունեցել, այսօր էլ, համոզված եմ, տեղի չի ունենա: Այն մարդիկ, ովքեր խոսում են այս մասին, ցանկանում են ցույց տալ, որ իրենք ժողովրդի մասին ավելի շատ են մտածում: Սա ավելի շատ պոպուլիստական երևույթ է, քան` իրական: Իրական կառավարության փոփոխություն պահանջող կուսակցությունը վեր կկենար, կներկայացներ փայլուն ծրագիր, որ ժողովուրդը կարդալով համոզվեր, որ այդ ծրագիրը երկիրը կդարձներ ուրիշ երկիր: Բայց ես մինչ օրս չեմ տեսել ոչ մի նման թիմ, ոչ մի նման լիդեր, ոչ մի նման ծրագիր:

– Ի դեպ, կառավարության ղեկավարի փոփոխության պահանջ, մեծ մասամբ, ԲՀԿ-ն է հնչեցնում: Ըստ Ձեզ, ԲՀԿ-ն ցանկություն ունի գրավե՞լ վարչապետի պաշտոնը:

– Թող ուզեն, թող պահանջեն: Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում, քանի տարի շարունակ` հա ուզում է, պահանջում է, բայց հետո՞ ինչ: Քաղաքական զարգացումներն ունեն իրենց օրենքները: Եթե կուսակցությունները քաղաքական վերլուծություններ անեին, նման հայտարարություններ չէին անի: Թող վերլուծեն ու տեսնեն` դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Թե չէ` հենց այնպես ժողովրդին ասել` եկե՛ք կառավարություն փոխենք, նախագահ փոխենք, անընդունելի է:

– Իսկ ի՞նչ իրավիճակի դեպքում կառավարության ղեկավարի փոփոխություն կլինի:

– Վարչապետի փոփոխություն լինում է միայն արտակարգ իրավիճակներում: Երբ երկիրը կանգնած լինի լրջագույն սպառնալիքի առաջ, և բոլոր հաշվարկները ցույց կտան, որ գոյություն ունեցող կառավարությունը չի կարողանում դրանք հաղթահարել, երբ մարտահրավերներին համապատասխան լուծումներ չեն գտնվի, միայն այդ ժամանակ կլինի վարչապետի փոփոխություն:

– Խոսվեց նաև այն մասին, որ նախագահի մատնանշած ոլորտները նախկինում ԲՀԿ-ին պատկանող նախարարություններն են: Ի՞նչ եք կարծում, այս գործընթացը ԲՀԿ-ի դե՞մ է ուղղված:

– Ես մի անգամ ասել եմ այդ մասին, որ անբնական եմ համարում, երբ կառավարության կարևոր օղակները տրվում են կուսակցություններին, որոնք պատասխանատվություն չեն կրում այդ ոլորտների համար: Քվեարկել են, ձայներ են ստացել ու դրանց դիմաց ստացել ոլորտներ: Այդ ոլորտները, որպես կանոն, ավելի շուտ և ավելի սրընթաց են սկսել քայքայվել: Խոսքս ոչ միայն ԲՀԿ-ի, այլև կուսակցական բոլոր նախարարությունների մասին է, ինչը չենք կարող ասել այն ոլորտների մասին, որոնք իշխող կուսակցությանն են պատկանել, քանի որ պատասխանատվության որոշ չափ ունեցել են այդ ոլորտների նկատմամբ: Լիովին հնարավոր եմ համարում, որ կուսակցական այդ ոլորտներն այնքան քայքայված լինեն, որ դրանց մասին չխոսելն արդեն անհնար լինի:

– Եթե ՀՀԿ-ն որոշի զիջել վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն այդ դեպքում կվերադառնա կոալիցիա…

– Նախ` պետք է հասկանանք` ինչո՞ւ էր դուրս եկել կոալիցիայից: Ի՞նչ է կատարել ԲՀԿ-ն այդ 10 տարիներին, երբ իշխանության կազմում է եղել: Մենակ խոսելով չէ: Չեմ կարծում, որ սա հնարավոր տարբերակ է:

– Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ին անհրաժեշտ է ԲՀԿ-ի աջակցությունը, այսինքն` նրանց վերադարձը կոալիցիա:

– ՀՀԿ-ին ամենից առաջ ու հետո անհրաժեշտ է ժողովրդի աջակցությունը: Հայաստանում այնքան թերի են կուսակցությունների գործունեությունները, ծրագրերը, գոյությունը, որ նրանց վրա հենվելով իշխանություն պահելը, կարծում եմ, վաղուց անցել է: Ժողովուրդը պետք է դառնա հենարան, ոչ թե ԲՀԿ-ն, ԿԿԿ-ն կամ ով:

– Անընդմեջ խոսվում է ԲՀԿ-ՀԱԿ կուլիսային համագործակցության մասին: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս երկու ուժերը միավորվեն ու նախագահական ընտրություններում հանդես գան միասնական թեկնածուով:

– Դա կախված է իրենցից ու իրենց քաղաքական, բարոյահոգեբանական մակարդակից: Եթե մակարդակը թույլ տա, որ միավորվեն, ուրեմն` կանեն:

– Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը` որպես ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածու, հավանական ու անհրաժեշտ համարո՞ւմ եք:

– Քոչարյանի վերադարձի կանխումն ամեն հայի համար նույնքան կարևոր խնդիր է, որքան Ղարաբաղյան հարցի վավերացմանը հասնելը: Այդ մարդու տված վնասը Հայաստանին որևէ կերպ չափել հնարավոր չէ, ու մենք դեռ տասնամյակներ պետք է տանջվենք` այդ բոլորը վերականգնելու համար: Չեմ պատկերացնում որևէ սթափ մտածող հայ, ով կգնա խցիկ ու կքվեարկի նրա օգտին: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք զուտ անձնական շահից ելնելով` կքվեարկեն, բայց նրանք կքվեարկեն ոչ թե Քոչարյանի օգտին, այլ Հայաստանի դեմ:

– 2013թ. նախագահական ընտրություններում հնարավո՞ր է` իրենց թեկնածություններն առաջադրեն ՀՀ երեք նախագահները:

– Դժվար է, շատ մեծ երևակայություն պետք է ունենալ` նման բան պատկերացնելու համար: Դժվար թե:

– Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, ի՞նչ եք կարծում` Սաֆարովի միջադեպից հետո ԼՂՀ հարցի լուծման համար հօգուտ Հայաստանի նախադրյալներ ստեղծվեցի՞ն:

– Մինչ օրս հարցը լուծվում է ու պահպանվում է հօգուտ Հայաստանի: Ես ոչ մի բան չեմ տեսնում, որը թույլ կտար եզրակացնել կամ ենթադրել, որ վաղը հարցը կլուծվի հօգուտ Ադրբեջանի: ԼՂՀ խնդիրը լուծված է ու պահանջում է վավերացում: Իսկ սա, վաղ թե ուշ, կլինի, շտապելու ոչինչ չունենք:

– Իսկ այդ գործընթացի արագացման համար ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն:

– Ես չեմ տենչում արագացնելու պահանջը: Արցախի վերականգնումը, նրա տնտեսության լիարժեք զարգացումն ու օգտագործումը դեռևս ամբողջական չեն: Պետք է զբաղվել սրանով: Պետք է պահպանել հզոր, մարտունակ բանակ ու միջազգային հարաբերություններում ձեռք բերել նոր դաշնակիցներ` պահելով հներին: Այս քայլերի իրականացմամբ միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ նորմալ կլինի: Շտապելու ոչինչ չունենք: Իսկ եթե Ադրբեջանը շտապի ու փորձի խնդիրը լուծել ուժի միջոցով, ապա կկորցնի ամբողջը, ոչ միայն Ղարաբաղը:

– Փաստորեն, պատերազմի վերսկսման հիմքեր չե՞ք տեսնում:

– Բացարձակ: Մեր կողմից` դա անհնար է, նրանց կողմից` քիչ հավանական: Ադրբեջանը գիտի ուժերի հարաբերակցությունն ու գիտի` սկսելուց հետո ի՞նչ կգա իրենց գլխին: Իսկ միջազգային հանրությունը դեմ է պատերազմի վերսկսմանը:

– Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ ադրբեջանական բանակը խրված է կաշառակերության և այլասերվածության մեջ, հիմնականում կազմված է ոչ թե ազերիներից, այլ թալիշներից, որոնք ատում են ալիևյան կլանը: Այսինքն` գործոններ, որոնց առկայության պայմաններում հնարավոր չէ խոսել ադրբեջանական բանակի հզորության մասին: Միայն այս գործոններն են, որ թույլ չեն տալիս Ալիևին վերսկսել պատերազմը:

– Ես, իհարկե, հաստատում եմ իմ խոսքերը: Ադրբեջանական բանակը ոչ միայն թալիշներից, այլև ազգային փոքրամասնություններից է կազմված, որոնք ունեն լրջագույն խնդիրներ իշխող կլանի հետ: Մի խնդիր էլ կա. որքան էլ մենք հայաստանյան կոռուպցիայի մասին խոսենք, ադրբեջանական կոռուպցիան միշտ մի կարգ ավելի բարձր է եղել: Եվ, անշուշտ, նրանց պակասում է մարտունակ ոգին, որի բարձրացման օրինակներից էր Սաֆարովի նման հանցագործին արդարացնելն ու հերոսացնելը: Իսկ Հայաստանում մարտունակ ոգին պահպանվում ու ավելանում է հաղթանակի վրա:

– Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ադրբեջանը մեծ արագությամբ ռազմատեխնիկա է գնում, և, որ իրենց չի հետաքրքրում միջազգային հանրության կարծիքը: Այս գործոնները չե՞ն վկայում այն մասին, որ նրանք, այնուամենայնիվ, պատրաստվում են պատերազմի:

– Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ալիևը տարածք է կորցրել, պարտվող կողմ է: Նա իշխանություն պահելու խնդիր ունի ու միշտ պետք է պահպանի ռազմատենչ վիճակը` ժողովրդին համոզելու համար, որ ինքը չի համակերպվել այդ կորստի հետ, որ ինքը վերջապես կվերադարձնի իրենց հողերը: Սա պարզապես քաղաքական միջոց է: Նա հասարակությանը ցանկանում է ապացուցել, որ ինքը հայրենասեր է, ողբում է, որ իրեն նորից ընտրեն, որ իր դեմ չխոսեն, ընդդիմությունը չակտիվանա: Անկեղծ ասած, սա ինձ բոլորովին չի անհանգստացնում, թող անի: Ինչ խոսք, Ալիևը հասկանում է, որ պատերազմի միջոցով ետ չի կարող բերել ԼՂՀ-ն:

Տեսանյութեր

Լրահոս