Բաժիններ՝

Գիտությունը թանկ հաճույք է

«Գիտությունը շատ թանկ հաճույք է: Ավելին, եթե դու մեկ միավոր նյութական ռեսուրս ծախսում ես հիմնարար հետազոտությունների վրա, պարտավոր ես 10 միավոր ռեսուրս ծախսել այս հիմնարար արդյունքը փորձնական դարձնելու վրա, և ևս 100 միավոր, որպեսզի դա դառնա տեխնոլոգիա և արդյունք տա: Մենք միշտ չէ, որ այդ նյութական ռեսուրսներն ունենք, սակայն, միևնույն ժամանակ, գիտության զարգացումը կարող է օգնել նույն տնտեսության զարգացմանը»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փորձել այդ երկուսն առաջ տանել միասին:

Ըստ Գ. Հարությունյանի՝ մենք գիտական պոտենցիալ ունենք, որի մասին վկայում է այն, որ Հայաստանը տարածաշրջանում գիտական հոդվածների քանակով բավական առաջ է հարևան Ադրբեջանից և Վրաստանից:

«Իհարկե, մենք գիտական ներուժի որոշակի կորուստներ ունենք, և դա ինչ-որ տեղ օբյեկտիվ արդյունք է՝ հաշվի առնելով Խորհրդային Միության գիտական համակարգի փլուզումը: Մի բան է՝ կայսրության գիտական համակարգի մի մաս լինելը, և մեկ այլ բան է, երբ առանձին հանրապետություն ես՝ փոքր ռեսուրսներով»,- ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, թե որքան էլ դժվար լինի, այնուամենայնիվ, մեր երկրի զարգացման հնարավորությունը հենց գիտության և տեխնոլոգիայի զարգացման մեջ է, իսկ այդ ամենը, առաջին հերթին, ստեղծվում է մարդկային  ռեսուրսի շնորհիվ:

«Ամեն ինչ անում են մարդիկ,  ովքեր ընդունակ են ճիշտ որոշումներ կայացնելու, հնարամիտ գործողություններ կատարելու՝ կյանքի տարբեր բնագավառներում: Մենք տեսնում ենք, որ մեր գիտնականները մեծ հաջողությունների են հասնում հենց բարձր տեխնոլոգիաների ոլորտում, նույն Սիլիկոնային հովտում և այլ վայրերում, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր գիտնականներն աշխատեն Հայաստանի և ոչ թե այլ երկրների համար միայն»,- ասաց Գ. Հարությունյանը: Ըստ նրա՝ դա ազգայնական լոզունգ չէ, այլ պարզապես անհրաժեշտություն է մեր երկրի զարգացման համար:

Կարդացեք նաև

«Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ առաջատար մասնագետները չլքեն Հայաստանը և աշխատեն՝ ի բարօրություն և ի օգուտ Հայաստանի: Դա բարդ խնդիր է, ես հասկանում եմ, որ միայն լոզունգներով, ցանկությունով ոչինչ չես կարող անել, բայց պետք է փորձել այս խնդիրը լուծել, որքան էլ որ այն դժվար է»,- ասաց Գ. Հարությունյանը՝ նշելով, որ «զարգացման մնացած ճանապարհները շատ ավելի պրոբլեմատիկ են Հայաստանի համար»:

«Մենք, ի վերջո, ոչ մեծ երկիր ենք, շատ մեծ բնակչություն չունենք, հետևաբար` չենք կարող շատ մեծ տնտեսություն ունենալ՝ զուտ տնտեսական մեթոդներով աշխատելով: Այսինքն՝ մենք պետք է ինչ-որ տեխնոլոգիաներ ունենանք, որտեղ էֆեկտիվությունը շատ բարձր կլինի: Առայժմ նման տեխնոլոգիաները գիտատար աշխատանքներն են, գիտատար գործերը, որտեղ մարդն է հիմնականում որոշում` ինչ պետք է լինի»,- ասաց Գ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ ունենք որոշակի ներուժ, բայց միշտ ունենք նաև որոշակի կազմակերպչական խնդիր: Ըստ նրա` կարելի է ունենալ ներուժ, բայց  եթե ճիշտ չկազմակերպես այդ ներուժը, այն այդքան էֆեկտիվ չի լինի:

Նշենք, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ.:  Հիմնադրամը վերջին տարիներին թողարկել է ավելի քան 220 անուն գրքեր, ամսագրեր և այլ հրատարակություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս