Բաժիններ՝

Արդյոք Ռուսաստանը կների՞ Հայաստանի կեսմիլիարդանոց պարտքը

Ռուսաստանը ստորագրել է միջկառավարական համաձայնագիր, համաձայն որի՝ մարում է Ղրղըզստանի կես միլիարդ դոլարի պարտքը: Այդ մասին գրում է «Ռիա-Նովոստի» գործակալությունը։ Կես միլիարդից 189 միլիոնը  2005թ. վերցված պարտքն է, ևս 300 միլիոն ՌԴ-ն տրամադրել է 2009թ.։ Պարզ  չէ, թե ի՞նչ հիմքերով է Ռուսաստանը գնացել այդ քայլին։

Նշենք, որ 2009թ. Հայաստանը հենց այդ նույն չափով՝ 500 միլիոն դոլարի վարկ էր ներգրավել Ռուսաստանից։ Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ռուսական կողմը որոշի «ջրել» մեր պարտքը՝ որպես ռազմավարական գործընկերոջ: Այս հարցի շուրջ 168.am-ը զրուցեց մի շարք տնտեսագետների հետ։

Անկախ փորձագետ, տնտեսագետ Հայկ Բալանյանն, օրինակ, չի հավատում նման հեռանկարին։  «Չեմ կարծում, որ ռուսները մարեն մեր այդքան պարտքը, քանի որ հարկավոր է այդ հարցը դիտարկել այլ համատեքստում: Ռուսաստանի գործողությունները կրում են քաղաքական բնույթ: Այստեղ խոսքը գնում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարաբերությունների մասին: Մեր պարագայում ես չեմ տեսնում որևէ բան, ինչը մենք կարող ենք զիջել Ռուսաստանին, ինչը հնարավոր է՝ չսպառնա մեր ինքնիշխանությանը: Միակ բանը, որ գոյություն ունի, դա «ԵվրԱզԷս»-ին անդամագրվելն է, որն իրականում Խորհրդային Միության ծաղրն է, որն էլ իր հերթին՝ կառաջացնի բավական քաղաքական խնդիրներ նույն Իրանի կամ Վրաստանի հետ: Մեր հարցերը նման կերպ լուծելու ճանապարհ չեմ տեսնում: Այլ հարց է, որ ռուսներն իրենք առաջարկեն լրացուցիչ օգնություն տալ վարկի տեսքով՝ ինչ-ինչ քաղաքական զիջումների դիմաց, քանզի մենք ի վիճակի չենք նման գումար մարելու: Ես նման բան չեմ բացառում, սակայն դժվարանում եմ պատասխան տալ, թե այդ ամենի վերջն ինչ կլինի»,- մեկնաբանեց Հ.Բալանյանը:

Ի տարբերություն վերջինիս՝ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը չի բացառում պարտքի զիջումը։ «Հնարավոր է՝ Ռուսաստանը մարի մեր պարտքը՝ քաղաքական իրավիճակից ելնելով: Ռուսաստանը ցանկացած քայլի պատրաստ է: Ինչպես գիտենք, անցած շաբաթ Մոլդովայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում առաջարկություն արվեց, որ Ռուսաստանը պատրաստ է Մոլդովային էժան գազ մատակարարել, միայն թե իրենք իրենց գործողություններով ցույց տան, որ բռնել են ոչ թե՝ ԵՄ, այլ՝ դեպի Եվրասիական միության ճանապարհը: Նույն շրջանակներում վերջին ժամանակներում Ղրղըզստանը խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ, որոշակի դժգոհություններ կային, անգամ Ռուսաստանը որոշել էր Ղրղըզստանի դեմ  «ատամ սրել», սառեցնել որոշակի վարկային ծրագրեր։ Սակայն այսօր փոփոխությունների արդյունքում՝ Ռուսաստանը գայթակղում է Ղրղըզստանին: Չենք մոռանում, որ նախկին ԽՍՀՄ երկրներից Ղրղըզստանն ամենաաղքատ երկրներից է: Սա Ռուսաստանի կողմից արվող ժեստ է Ղրղըզստանին. դրա դիմաց քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ կստանա: Անգամ, եթե մարեն, բառացի և պարզունակ կերպով չեն մարի: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է Ռուսաստանն ակնկալում ստանալ Հայաստանից: Ռուսաստանը հենց այնպես , «որպես մեզ եղբայր», ոչինչ չի անում՝ առանց դիմացը շահ ստանալու»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Նույն հարցի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանից։ Վերջինս 168.am-ին փոխանցեց հետևյալը. «Ինչ իմանամ` ռուսները կմարե՞ն այդ պարտքը, թե՞ ոչ: Պետք է կառուցվածքը նայել՝ հասկանալու համար՝ ո՞րն է այն տարբերությունը, որ Ղրղըզստանինը մարել են, մերը՝ ոչ: Տարբեր են ժամկետները, տոկոսադրույքները, իսկ Ղրղըզստանի պարտքի կառուցվածքը չգիտեմ, որ ասեմ՝ մերն էլ կմարե՞ն, թե՞ ոչ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս