«Հայկական երգարվեստում ապագաս չեմ տեսնում»
Ասում է երգչուհի Էնջլը
– Ունե՞ս կողակից կամ, միգուցե, կյանքի ընկեր:
– Իմ սիրտն ազատ է, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ ազատ կլինի: Փորձում եմ ինձ նվիրել միայն կարիերայիս: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ եթե մեկը կա տվյալ պահին իմ կյանքում, ես այլ բաներով զբաղվել չեմ կարող:
– Ինչո՞վ ես հիմա զբաղվում:
– Մասնագիտությամբ ապագա դերասան եմ, այս տարի կավարտեմ: Ուսումս մյուս տարի շարունակելու եմ Նյու Յորքում: Արդեն տեղն ընտրել եմ, մեկ ամսից կմեկնեմ, կշրջեմ և հետ կվերադառնամ, որպեսզի ավարտեմ ուսումս և վերջնականապես կյանքս դասավորեմ այնտեղ: Այնտեղ սովորելու եմ թատերականի մագիստրատուրա բաժնում:
– Արվեստագետի ընտանիքում ես մեծացել, տան մթնոլորտն ի՞նչ ազդեցություն է ունեցել քո վրա:
– Իմ ընտանիքն է ինձ սովորեցրել սիրել բեմն ու արվեստը: Ես սկզբում երազում էի դառնալ ռեժիսոր, բայց հետո ինձ համոզեցին, որ կադրի ներսում ես ավելի օգտակար կլինեմ, քան կադրից դուրս: Ես էլ համոզվեցի: Սիրում եմ այս աշխարհը:
– Հե՞շտ ես միջավայրին հարմարվում:
– Հեշտ եմ հարմարվում միջավայրին, եթե համաձայնվել եմ, դերն իմն է, ուրեմն` խնդիր չունեմ:
– Բեմական հագուստիդ ընտրությամբ դո՞ւ ես զբաղվում:
– Հագուստիս ընտրությամբ հիմնականում ես եմ զբաղվում: Եթե ստանում եմ առաջարկ, լինի դա համերգ կամ ինչ-որ այլ միջոցառում, մոտավոր պատկերացնելով երգս, հագուստս, մտքումս տեսնելով բեմական կերպարս, փորձում եմ այն վերարտադրել:
– Ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ում համար դու կհայտարարես, որ քո սիրտն այլևս ազատ չէ:
– Առաջին հերթին պետք է ինձանից ուժեղ լինի: Ես ինքս ինձ համարում եմ ուժեղ կին, և կարծում եմ, որ ոչ բոլոր տղամարդկանց է հեշտ լինել ուժեղ կանանց կողքին:
– Ունե՞ս տղամարդու իդեալ:
– Միգուցե որոշ ժամանակ առաջ կային սահմանափակումներ, բայց հիմա չկա: Ուղղակի նախընտրում եմ տարիքով ավելի հասուն տղամարդկանց: Գոնե 7-10 տարի տարբերությամբ մարդկանց: Նրանց հետ ինձ համար ավելի հեշտ է շփվել, բայց ամեն պարագայում մարդկային որակն ամենակարևորն է:
– Ընկերներդ հիմնականում իգակա՞ն, թե՞ արական սեռի ներկայացուցիչներ են:
– Արական սեռի ներակայացուցիչների հետ շփումս առավել հեշտ և երկարատև է լինում: Իգական սեռի հետ մի քիչ դժվար է լեզու գտնել: Միշտ, ինչ էլ լինի, մրցակցություն կա: Նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ:
– Ունե՞ս ընկերուհիներ:
– Ունեցել եմ ընկերուհիներ և կարող եմ ասել, որ իգական սեռի ներկայացուցիչների հետ բոլոր հարաբերություններս էլ բաժանումով են ավարտվել: Հիմա ընկերուհի չունեմ, ունեմ ընկերներ:
– Որևէ տեսահոլովակ չես նկարահանել, ինչո՞ւ:
– Տեսահոլովակներ չունեմ: Սկզբում ինքս չէի ցանկանում, որովհետև դեպի բեմ մուտքս էքսպրոմտով եղավ: Իմ պլանավորածից մի 4 տարի շուտ եմ բեմ բարձրացել: Այնպես ստացվեց, որ ինձ հրավիրեցին մի համերգի մասնակցելու, ես համաձայնվեցի, և այդպես սկիզբը տրվեց: Տեսահոլովակներ չեմ ցանկանում նկարահանել, որովհետև բուռն աշխատանքային գործունեութուն եմ ծավալում թե՛ երկրում, թե՛ երկրից դուրս: Իմ առաջին բեմերը եղել են Անդրեի հետ` մենահամերգների ժամանակ: Հիմա արդեն եկել է այն ժամանակը, երբ ես կսկսեմ զբաղվել նրանով, ինչով որ պլանավորում էի զբաղվել 5 տարի առաջ. երգ, տեսահոլովակ, մենահամերգ, ալբոմ, զգեստներ, բեմադրություններ և այլն:
– Գործունեությունդ Հայաստանո՞ւմ ես շարունակելու:
– Հայկական երգարվեստում ապագաս չեմ տեսնում: Չեմ տեսնում այնքանով, որքանով որ այստեղ չեմ ապրի: Բայց գործունեությունս, միևնույն է` շարունակելու եմ իմ երկրում: Ես հայրենասեր եմ, և այն, ինչ կանեմ, կանեմ նախ` իմ երկրի համար: Կարծում եմ` ինչ էլ որ անեմ իմ երկրի համար, այնտեղից կանեմ:
– Նյու Յորքում երգարվեստի՞, թե՞ դերասանի մասնագիտությամբ ես գործունեություն ծավալելու:
– Այնտեղ երաժշտական ուղղությամբ չեմ ցանկանում շարունակել, ավելի շատ դերասանական ուղղությամբ եմ ցանկանում շարունակել: Լեզուների տիրապետում եմ. գիտեմ անգլերեն, ռուսերեն: Իմ կյանքում ինչ-որ կա` ինձ դուր է գալիս: Բայց, ինչպես բոլորի կյանքում, իմ կյանքում ևս լինում են անարդար, դժվար պահեր, վատ մարդիկ, վատ իրադրություններ, բայց ես ոչնչի համար չեմ փոշմանում, կարծում եմ` հեշտ կլինի:
– Բնավորությամբ ինչպիսի՞ն ես:
– Ես շատ զգացմունքային մարդ եմ: Միգուցե շատ ռոմանտիկ կհնչի, բայց առաջին հերթին ինձ համար զգացմունքներն են, թեկուզ գործի կամ ընկերության մեջ: Ես ամեն բան մարսում եմ նախ` զգացմունքային ֆոնով, ապա միայն սկսում եմ այդ ամենը վերարտադրել նույն բեմում կամ երգելիս: Մարդկային փոխհարաբերություններն են, որ ինձ վրա ամենաշատն են ազդում:
– Լսո՞ւմ ես մայրիկիդ (ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյան.- Ա.Ղ.) խորհուրդները:
– Նա հիմնականում լուռ հետևում է իմ կյանքին և խոսում է խիստ անհրաժեշտության դեպքում: Նրա տված խորհուրդները ես միշտ ընդունում եմ, որովհետև նա միշտ իրավացի է: Եղել են նաև դեպքեր, երբ չեմ լսել մայրիկիս, և ստացվել է այնպես, ինչպես ինքն էր ասում:
– Ի՞նչ խորհուրդ չես ընդունի ընդհանրապես:
– Մարդկանց, ընկերների, սիրո հարցում խորհուրդները ես չեմ ընդունում: Երբ որոշում եմ, որ տվյալ մարդու հետ պետք է շփվեմ, ես չեմ ընդունի հակառակը համոզող, պնդող խորհուրդներ կամ կարծիքներ: Թեկուզ լինի մայրս, եթե նույնիսկ նա իրավացի լինի: Ես պետք է նախ տեսնեմ, զգամ, համոզվեմ մարդու լավ կամ վատ լինելու մեջ, հետո նոր միայն որոշեմ` ինչ պետք է անեմ:
– Ինչպե՞ս ես վերաբերվում քո հասցեին հնչող բացասական խոսակցություններին:
– Մարդկանց վատ կարծիքները, իհարկե, շատ են լինում: Ես առողջ քննադատություն ընդունում եմ, լսում եմ, բայց այն, ինչ իմ հոգում հետո կատարվում է, դա միայն ես գիտեմ: Ինչքան էլ մտածում ես, որ այն քեզ վրա հետք չի թողնի, միևնույն է` վատը միշտ էլ սպի է թողնում: