Համաշխարհային գիտության հայազգի երախտավորը
Կրթությունը, գիտությունը Գերմանիայում XIX-րդ դարի երկրորդ կեսին և հայ ուսանողությունը
Հանրահայտ փաստ է, որ հայրենիքում, պատմական դրդապատճառներից ելնելով, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ հայ երիտասարդությունն ուսում էր ստանում օտար երկրներում, մասնավորապես` Ռուսաստանի, եվրոպական երկրների համալսարաններում: Հայ ուսանողության դեգերումները և մտավոր հանգրվանի որոնումները նոր թափ ստացան 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ 1828թ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նոր հնարավորություններ ընձեռեց՝ ռուսական կայսրության միջոցով հաղորդակցվելու եվրոպական առաջադեմ մշակույթի և գիտության նվաճումներին:
Լուսավորության ոլորտում միջնադարից ի վեր մեծ հեղինակություն վայելող գերմանական համալսարանները աներևակայելի թռիչք սկսեցին ապրել մասնավորապես 19-րդ դարի երկրորդ կեսից և, հատկապես, 1870-ական թվականներից, երբ Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, 1870-1871թթ. Ֆրանս-գերմանական պատերազմի արդյունքում, պարտված Ֆրանսիային հարկադրեց զիջել Էլզասն ու Լոթարինգիան` այսպիսով ավարտին հասցնելով Պրուսիայի գլխավորությամբ Գերմանիայի միավորումը: 1871թ. հունվարի 18-ին հրապարակվեց գերմանական կայսրության ծննդյան լուրը:
Ավարտվեց Գյոթինգենի համալսարանի երբեմնի ուսյալ Բիսմարկի որդեգրած՝ «երկաթով ու արյունով» Գերմանիայի միավորման գործընթացը: Եվրոպական մայրցամաքում առժամանակ հաստատված կայունությունը և խաղաղությունը նպաստավոր պայմաններ ստեղծեցին կրթության և գիտության զարգացման համար, իսկ օտարազգի ուսանողները մի նոր թափով սկսեցին հեղեղել եվրոպական, մասնավորապես՝ գերմանական, մեծահամբավ կրթօջախները:
Գերմանական դասական փիլիոսոփայությունը հանդիսացավ այն հենքն ու քարշակը, որի վրա պետք է խարսխվեր գիտության տարբեր առարկաների` բանասիրություն, արվեստագիտություն, լեզվագիտություն, ազգագիտություն, հնագիտություն, պատմագիտություն ու հասարակագիտություն, տարբեր բնագավառների զարգացումը: Իսկ գաղութների տիրապետության հարցում մեծ տերություններին` Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ռուսական կայսրությանը մարտահրավեր նետած կայզերական Գերմանիան, անտարակույս, պետք է խթաներ ռազմական և տնտեսական մրցավազքի հաջողության հասնելու գլխավոր հենասյուներից` կրթությունն ու գիտությունը:
Գերմանիայում կրթություն ստանալու էր ձգտում ինչպես ռուսահայությունն ու արևմտահայությունը, այնպես էլ գաղթօջախներում ապաստան գտած հայության մի հատվածը:
Վեր խոյացող և օրեցօր նոր թռիչքներ արձանագրող կայզերական Գերմանիայի կրթական համակարգը խթանում էր դեպի Գերմանիա ձգտող օտար ուսանողության գալուստը՝ դրա մեջ տեսնելով աշխարհում իր ազդեցության տարածման ազդու գործոնը: Օտար ուսանողները ոչ միայն կրթություն էին ստանում Գերմանիայում՝ յուրացնելով գերմանական գիտական դպրոցների ձեռքբերումները, այլև իրենք էին հարստացնում գերմանական միտքը՝ Գերմանիա ներմուծելով սեփական մշակույթը և գերմանացուն անծանոթ՝ օտարների հոգևոր արժեքները:
Հալեյի, Յենայի, Լայպցիգի, Բեռլինի, Հայդելբերգի, Մյունհենի, Եռլանգենի, Գյոթինգենի, Ցյուրիխի, Դորպատի, Ռիգայի համալսարանները դարձան հայ ուսանողության կրթական իղձերի գլխավոր հանգրվանները:
19-րդ դարի երկրորդ կեսից Գերմանիայում մեծ վերելք ապրեց արևելագիտությունը: Արևելյան ժողովուրդների լեզուն, մշակույթը, գրականությունը, պատմությունը, բանահյուսությունը, արվեստը, «հեքիաթային հերոսների»՝ «Հազար ու մի գիշերների» Արևելքն ու նրա մշուշաքող անցյալի ուսումնասիրությունը ձեռք էին բերում էլ ավելի կարևոր նշանակություն: Միավորումից հետո, Արևելքում իր գերիշխանությունը հաստատել ցանկացող գերմանական իմպերիալիզմը պետք է նվաճեր այդ գերիշխանությունը ոչ միայն զենքով, այլև Արևելքի՝ իր անգերազանցելի իմացությամբ: Արևելյան լեզուների ուսումնասիրությունն առաջնահերթ էր դարձել:
Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս
Գերմանիայում կրթություն ստացած ուսանողության առաջին սերնդի ներկայացուցիչների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեծանուն արևելագետ, իրանագետ, բանասիրության և արևելյան լեզվագիտության ոլորտում իր անջնջելի ավանդը ներդրած, հայազգի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը՝ Բագրատունին (1846-1930թթ.): Պրոֆեսոր Անդրեասի կյանքն ու հասարակական գործունեությունը քիչ է լուսաբանված հայագիտության մեջ:
Մեզ համար անհասկանալի պատճառներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հայագիտությամբ զբաղվող ոչ մի հետազոտություն, բացի համառոտ կենսագրական ակնարկներից, նրան չեն անդրադարձել: Անդրեասի կենսագրության առաջին հատվածն առեղծվածային է: Նախքան Գյոթինգեն տեղափոխվելը՝ նրա կենսագրությունից հայտնի են հատուկենտ դրվագներ՝ ոչ հավաստի աղբյուրներից: Միակ միասնական աղբյուրը՝ որ Անդրեասը հայազգի էր:
Դա են պնդում ինչպես գերմանական հանրագիտական հրապարակումները, նրա երբեմնի ուսանողները, այնպես էլ կնոջ` ծագումով հրեա, գերմանացի ականավոր գրող, հոգե-վերլուծաբանական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, գերմանացի փիլիսոփա Նիցշեի և ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի դպրոցի ակնառու ներկայացուցիչ Լու Անդրեաս Սալոմեի (1861-1937թթ.) կենսագիրները:
Անդրեասը, ի սկզբանե` Բագրատյան, ծնվել է 1846թ. ապրիլի 14-ին Նիդեռլանդական Հնդկաստանում` Բաթավիայում (այժմ` Ինդոնեզիա, Ջակարտա), ռազմական բժիշկ Բագրատյանի ընտանիքում: Մայրը` տիկին Վայցը, գերմանական և մալազիական ծագում ուներ: Իր տիկնոջ` Սալոմեի կենսագիրները հաղորդում են նաև, որը Անդրեասը (Բագրատյանը կամ Բագրատունին) ծագում է հայկական արքայական ընտանիքից: Նա ընդամենը 6 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Համբուրգ, որտեղ նա սկսեց իր ուսումնական առաջին քայլերը` հաճախելով մասնավոր դասընթացների: Կարճ ժամանակ անց հայտնաբերվեց օտար լեզուներ յուրացնելու նրա բացառիկ տաղանդը:
Ընդամենը 14 տարեկանում սկսեց այցելել Գենֆի գիմնազիան և արդեն տիրապետում էր գերմաներեն, անգլերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, լատիներեն և հունարեն լեզուներին: Ավարտելով գիմնազիան՝ Անդրեաս-Բագրատունին շարունակում է կրթությունը Հալեյի, Եռլանգենի, Գյոթինգենի և Լայպցիգի համալսարաններում՝ ուսանելով արևելյան և դասական բանասիրություն, պատմություն, փիլիսոփայություն:
Գլխավոր հետաքրքրությունը, սակայն, իրանագիտությունն էր: Անդրեասը, արևելագիտության դոկտորի կոչման ներկայացրած իր` «Ներդրումներ միջին պարսկերենի` պահլավերենի ճշգրիտ իմացության վերաբերյալ: Գիրն ու արտասանության համակարգը» ատենախոսությունը պաշտպանեց 1868թ., Եռլանգենի համալսարանում, 22 տարեկան հասակում:
Խորհրդավոր է նաև այն, որ Անդրեասի ատենախոսությունն այն սակավաթիվ աշխատություններից է, որ հասու չէ ժամանակակից հետազոտողներին. այն համարվում է կորած: Գերմանիայի համար ոչ հատկանշական է այն, որ տասնյակ համալսարանական գրադարաններ, որոնք մի քանի հարյուրամյակ քարտավորում և պահպանում են հրատարակված բոլոր ատենախոսությունները, կորցրել են իրանագիտության մեջ բացառիկ կարևորություն ներկայացնող՝ Անդրեասի աշխատությունը:
Ատենախոսությունը պաշտպանելուց հետո Անդրեասը մեկնում է Կոպենհագենի համալսարան` սովորելու Հյուսիսային Եվրոպայի լեզուները: 1870-1871թթ. կամավոր զինվորագրվելով և մասնակցելով Պրուս-ֆրանսիական պատերազմին` Լե Մանի հայտնի ճակատամարտում հրաշքով ողջ է մնում: Պատերազմն ավարտվելուն պես նա կրկին շարունակեց ուսումը, այս անգամ՝ Քիլի համալսարանում: Ինչպես նշում է Անդրեասի աշակերտ, հայտնի իրանագետ Վոլֆգանգ Լենտցը՝ իր երբեմնի ուսուցիչը 1875-1881թթ. ընթացքում դաշտային հետազոտություններ իրականացնելու նպատակով Հնդկաստանում էր, որտեղ ուսումնասիրել է փարսերի լեզուն և մշակույթը, ապա և` հարավային Իրանում:
Ըստ Լենտցի՝ Անդրեասի հետաքրքրության լայն շրջանակները հասնում էին մինչև հնդ-աֆղանական սահմանը՝ այնտեղի ժողովուրդների մշակույթն ու լեզուն, իսկ Կովկասում նրան սկսել էր հետաքրքրել օսեթերենը: Պարսկաստանում անցկացրած վաղ հնագիտական և լեզվագիտական աշխատանքի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են պարունակվում միայն Լու-Անդրեաս Սալոմեի գիտա-ստեղծագործական ժառանգությանն ու կենսագրությանը նվիրված աշխատություններում: Համաձայն այդ աղբյուրների, Անդրեասի անսահման տաղանդն ու գիտելքներն այնպիսի թեժ անհամաձայնություն էին ստեղծել իր և արշավախմբի մյուս մասնակիցների միջև, որ դրա արձագանքները հասան Բեռլին:
Գերմանիայից պահանջեցին, որպեսզի նա լքի արշավախումբը և վերադառնա: Անդրեասը անկոտրում էր` չենթարկվեց: Շուրջ վեց տարի, իր միջոցների հաշվին համառորեն մնալով Պարսկաստանում, շարունակելով լեզվագիտական ու հնագիտական պրպտումները, ամբողջությամբ ծախսելով սեփական միջոցները, նա ընթերցում էր Արևելքը: Անդրեասը Գերմանիա է վերադառնում լրիվ սնանկացած և 1887 թվականից, որպես պրոֆեսոր, սկսում դասավանդել Բեռլինի համալսարանում: Նույն թվականին ամուսնանում է Լու Սալոմեի հետ:
Բեռլինի համալսարանում նա շատ եռանդուն է եղել. դա գործընկերների մոտ առաջացրել է նախանձի զգացում: Հյուսած դավերի արդյունքում, երկու տարի անց, նա հեռանում է նաև Բեռլինի համալսարանից: Համաձայն Սալոմեի կենսագիրների՝ շրջապատի եսասիրությունը խանգարեց, որ Անդրեասը հրատարակի իր հարուստ գիտական աշխատությունների մի մասը, և նրա լայն գիտելիքներն ու չհրատարակված աշխատությունները մնացին իր աշակերտներին: Նրան միշտ խոչընդոտել են: «Գյոթինգենի ուսյալները» վերոհիշյալ աշխատությունը հավելում է, որ 1882թ., երբ Անդրեասը (իմա` անհամաձայնության պատճառով) կարճ ժամանակով վերադարձավ Բեռլին, նա ուղեկցում էր Պարսկաստանի արքայազններից մեկին (Իհտիսամ-էդ-Դաուլին)` որպես նրա ընկեր և գլխավոր ուղեկից:
Նույն թվականին, գերմանացի հայտնի լուսանկարիչ և իրանագետ Ֆրանց Շտոլցեի, արևելագետ Թեոդոր Նյոլդեկեի հետ, Ֆ. Անդրեասը հրատարակում է երկհատոր «Պերսեպոլիս: Պերսեպոլիսի, Իստաքխրի, Պասարգադայի, Շահպուրի աքեմենյան և սասանյան հուշարձաններն ու արձանագրությունները» աշխատությունը, գիտական լայն շրջաններին ծանոթացնելով Պարսկաստանի հարավում իր անցկացրած հետազոտությունների արդյունքներին:
Սակայն նրա ջերմ փոխհարաբերությունները պարսկական արքունիքի հետ շատ չնչին ազդեցություն ունեցան Գերմանիայում իր դիրքերի ամրապնդման համար: 1891թ., նրա և պրուսական մշակույթի նախարարության միջև ծագած վեճի հետևանքով` նա առժամանակ զրկվեց ձեռք բերած դիրքից՝ պրոֆեսորի կոչումից և Բեռլինի համալսարանում դասավանդելու իրավունքից: Շուրջ մեկ տասնամյակ, ընտանեկան բարդ հարաբերությունների պայմաններում (իմա` նրան առժամանակ լքել էր կինը), Անդրեասը շարունակում էր անխոնջ գիտական աշխատանքը` ապրուստը վաստակելով օտար լեզվի մասնավոր դասընթացների միջոցով:
Չսահմանափակվելով միայն լեզվական բնույթի հետազոտություններով՝ Անդրեասը 1896թ. անդրադարձավ նաև 19-րդ դարի երկրորդ կեսին Պարսկաստանում լայն ծավալ ստացած բաբիների կրոնական շարժմանը և հրատարակեց կրոնական աղանդների ու ուղղությունների վերաբերյալ՝ «Բաբիները Պարսկաստանում: Աղբյուրները և անձնական ուսումնասիրության արդյունքները» մենագրությունը: Այս շրջանում լույս տեսան նրա՝ հելլենիզմին, արամեերեն լեզվին, Բեռլինի թանգարաններում պահպանվող սասանյան և աքեմենյան շրջանի ձեռագրերին, մահմեդական տարբեր աղանդներին և «Ղորանին» առնչվող հետազոտությունները:
1902-1903թթ. տեղի ունեցավ դեպի Թուրֆան` Չինաստան, պրուսական թագավորական առաջին հնագիտական արշավանքը: Անդրեասը այդ արշավախմբում ընդգրկված չէր, այն գլխավորում էր հայտնի արևելագետ Ֆրիդրիխ Մյուլլերը (1863-1930թթ.): Ի թիվս այլ հնագիտական հայտնագործությունների, արշավախումբը հայտնաբերեց և Բեռլին տեղափոխեց միջին պարսկերենի բազմաթիվ ձեռագրեր` մանիքեյան տեքստերը: Սա Անդրեասի աստեղային ժամն էր: 1903թ. նա նշանակվեց Գյոթինգենի համալսարանի Արևմտյան Ասիայի լեզուների ուսումնասիրության ամբիոնի վարիչ, որը գլխավորեց մինչև կյանքի վերջին վայրկյանը` 27 տարուց ավելի:
Գյոթինգենի համալսարանում սկսվում է մեծ իրանագետ-արևելագետի բեղմնավոր աշխատանքը, նրա գլխավորած ամբիոնը վերածվում է Թուրֆանի արշավախմբի բերած հնագիտական և լեզվագիտական հարուստ նյութի ուսումնասիրության կենտրոնի: Նա ստեղծում է իրանագիտության այն դպրոցը, որը հայտնի է նաև «Անդրեասի դպրոց» անվամբ:
Նրա աշակերտներն էին տարբեր սերունդների պատկանող, հայտնի իրանագետ-արևելագետներ. պրոֆեսորներ Կայ Բառը, Արթուր Քրիստենսենը, Բեռնհարդ Գայգերը, Վալտեր Բրունո Հենինգը, Պաուլ Հոռնը, Վոլֆգանգ Լենտցը, Հերման Լոմմելը, Օսկար Մանը, Յակոբ Պոլոցկին, Կառլ Հադանկը և տարբեր սերունդների պատկանող այլ արևելագետներ: Աշխատելով Թուրֆանի արշավախմբի բերած մանիքեյան ձեռագրերի վրա, Անդրեասը կարողացավ աննախընթաց արագությամբ վերծանել դրանց զգալի հատվածը` ապացուցելով, որ դրանց մի մասը պարթևերեն է, իսկ մյուսը` միջին պարսկերեն:
Արագորեն տեքստերում տարանջատելով պարթևերենը և այն կոչելով «հյուսիսային բարբառ», իրանագետը սահմանեց մեկ այլ բարբառ` «պահլավերենի բարբառը», որը նա կոչում էր Սոգդյան լեզու: Այս բացահայտումն արևելագիտությունում շրջանառության մեջ դրվեց՝ որպես «Անդրեասի տեսություն»: 1904թ. Պրուսիայի գիտությունների ակադեմիան Ֆրիդրիխ Կառլ Անդրեասին ընտրեց Ակադեմիայի իսկական անդամ: Հասարակական գիտությունների ոլորտում նա առաջին և միակ հայազգի գիտնականն էր, որ կարողացավ արժանանալ Պրուսական ակադեմիայի իսկական անդամ լինելու կոչմանը:
Գիտական ժառանգությունը
Գիտնականն առաջ քաշեց իր տեսությունը դեռևս 1902թ. Համբուրգում տեղի ունեցած «Արևելագետների միջազգային գիտաժողովի» ընթացքում, այն էլ՝ համառոտ: «Ավեստայի այբուբենի ծագումն ու նրա սկզբնական հնչյունային համակարգը» վերտառությամբ գիտաժողովին ներկայացրած թեզը հրատարակվեց մեկ տարի անց՝ «Արևելագետների XII-րդ, 1902թ. Համբուրգում տեղի ունեցած գիտաժովի նյութերի ժողովածուի» մեջ: Ո՛չ Անդրեասը և ո՛չ էլ նրա աշակերտներից որևէ մեկն այդպես էլ երբեք չմանրամասնեց այդ տեսությունը, նրա հիմքերն ու աղբյուրները: Առաջընթացը կայանում էր նրանում, որ Անդրեասը իր աշակերտ Յ. Վաքեռնագելի հետ ապացուցեց, որ զրադաշտության սուրբ գրքի «Ավեստայի» հնագրությունը ծագում է «Պահլավի գրքից» («Buch Pahlavi»):
Հիմնավորելով, որ «Ավեստայի» յուրաքանչյուր տառ իր հնագիտական ակունքներն է ստանում պահլավերենից, Անդրեասը հիմք դրեց «Ավեստայի» մաս կազմող I, II, IV և V «գաթաների» (հիմների) ընթերցանությանը և մեծ մասամբ կիրառելով լեզվա-համեմատական մեթոդը՝ հիմնավորեց, որ «Ավեստայում» կիրառված լեզուն նույն պարթևերենն է, որը պատմության և աշխարհագրական ազդեցությունների ընթացքում կրել է հնչյունաբանական փոփոխություններ` պայմանավորված նաև հիմների երաժշտական ազդեցությամբ:
Այս մոտեցումը ծնունդ տվեց մեծ բանավեճերի, և շարունակում է մինչ օրս քննարկման առարկա լինել, քանզի իրանագետներից, այդ թվում՝ «Անդրեասի դպրոցի» ներկայացուցիչներից շատերը կարծում էին, որ «Ավեստայի» լեզուն և հնչյունաբանական փոփոխությունների Անդրեասի և Վաքեռնագելի առաջ քաշած՝ երաժշտության ներգործությունը սխալ է:
Թուրֆանից բերված մանիքեյան տեքստերի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է հաղորդում անգլիացի իրանագետ Դեյվիդ ՄակՔենզին: Համաձայն վերջինիս, այդ արձանագրությունները Անդրեասին Բեռլինից ուղարկվել են լուսանկարների տեսքով:
Այդ լուսանկարների մի մասն այսօր էլ միակ սկզբնաղբյուրն են, քանզի բնագրերը Բեռլինից անհետացան կամ ոչնչացան (մի մասն անհետացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ մյուս մասի անհետացման հանգամանքները մինչ օրս հայտնի չէ):
Հանրահայտ փաստ է, որ Երրորդ Ռեյխի առաջնորդ և Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերը և նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսները, գալով իշխանության, սկսեցին մեկնել պատմությունն ու մշակույթը՝ ծառայեցնելով այն իրենց քաղաքական շահերին: Այս շրջանում «Ավեստան» նույնպես սկսեցին մեկնաբանել քաղաքական նկատառումներով:
Գիտնականներից ոմանք նախքան այդ արդեն հայտնել էին այն տեսակետը, որ հնդկա-իրանական ծագում ունեցող ժողովրդի այն մասը, որը գաղթի արդյունքում հաստատվել էր Իրանում, կոչվում էր նաև արիացի: Համաձայն այդ տեսության, արիացիները ոչ միայն ստեղծել են «Ավեստան», այլ ավելի ուշ՝ «Ավեստայի» հենքի վրա, զրադաշտականությունը:
Մեր համոզմամբ, մանիքեյականությանն ու «Ավեստային» առնչվող ինչպես՝ Թուրֆանի արշավանքի ընթացքում բերված արձանագրությունների, այնպես էլ՝ Ֆրիդրիխ Անդրեասի արխիվից բացակայող որոշ փաստաթղթերի անհետացման պատճառ կարող է լինել նաև այս հանգամանքը:
Նացիոնալ-սոցիալիզմի կույր հետևորդները դրանք համարում էին սուրբ մասունքներ՝ առաջնահերթ կռվաններ, ապացուցելու համար իրենց արևելյան ծագումն ու արիականությունը: ՄակՔենզին իրավացիորեն շեշտում է, որ Անդրեասի թողած գրառումները և տեքստերի վրա կատարած մտորումները մեծ ազդեցություն են գործել, որպեսզի Ֆրիդրիխ Մյուլլերը հրատարակի մանիքեյան տեքստերի քերականությանն ու բառիմաստին, միջին պարսկերենի և պարթևերենի տարբերակիչ առանձնահատկություններին նվիրված իր առաջնեկ աշխատությունները:
Մանիքեյան արձանագրությունների տառադարձումն և դրանց թարգմանությունը ոչ միայն այդ սկզբնաղբյուրների միակ պահպանված մասունքներն են, այլև՝ մինչ օրս չհրատարակված մասը: Նույնը, համաձայն ՄակՔենզիի, վերաբերում է մանիքեյան Սոգդյան տեքստերին: Անդրեասը սկսել էր կազմել նաև Սոգդյան լեզվի բառարանը: ՄակՔենզին պնդում է, որ Անդրեասի կողմից կատարված Սոգդյան քրիստոնեական տեքստերի թարգմանությունը շրջանառության մեջ է դրվել այլ արևելագետների կողմից, որոնց մեծ մասը նրա երբեմնի աշակերտներն էին: Դրանց լավագույն օրինակները բարեկամական ամուսնությունների, պարսկական առասպելների, իրանական լուսնային ժամանակացույցերի, մանիքեյան օրացույցների, փարսիների ծեսերի և այլոց վերաբերյալ հրապարակումներն էին:
Գյոթինգենի համալսարանում անցկացրած շրջանն Անդրեասի համար եղել է ոչ միայն բեղմնավոր գիտական աշխատանքի շրջան, այլև մանկավարժական: Այստեղ նա ստեղծեց հայտնի «Անդրեասի դպրոցը»՝ անմասն նվիրվելով իր աշակերտներին: Այդ նվիրումն ու գիտելիքներն այնքան անսահման են եղել, որ Անդրեասն առանց որևէ տատանումի՝ իր աշակերտներին է տրամադրել իր անտիպ մենագրությունները, արևելյան մեռած և կենդանի լեզուների իր կազմած բառարանները, հնչյունաբանական և տառադարձման բարդ, մաթեմատիկական աղյուսակների նմանեցնող, բազում լեզուների տառադարձման, դրանց քերականության և ուղղագրության՝ գիտության մեջ առաջնեկ և անտիպ աշխատությունները:
Այս յուրահատուկ, սեփական մաքառումների ու զրկանքների գնով ձեռք բերած իմացության մեջ կատարելության հասած մարդու աննախադեպ վերաբերմունքն այնքան բացառիկ էր, որքան բացառիկ էր այն, որ Պրուսիայի գիտությունների թագավորական ակադեմիան լիարժեք անդամ էր ընտրում իրեն օտար հայորդուն: Դրա լավագույն օրինակներից է նաև այն, որ Անդրեասի աշակերտներից Վալտեր Բրունո Հենինգն ուսուցչի մահից քիչ անց՝ 1932-34թթ. գտնվելով Բեռլինում, օգտագործելով Անդրեասի դասախոսությունները և երկար տարիներ մշակած մանիքեյան տեքստերի ընթերցման սկզբունքները, արագորեն թարգմանեց «Չինական Թուրքեստանից» բերված մանիքեյան դեռ չընթերցված տեքստերը և ներկայացրեց դրանք Պրուսական գիտությունների ակադեմիային:
Ինչպես պնդում է նշանավոր արևելագետ ՄակՔենզին, Անդրեասի գոյություն ունեցող մշակումների շնորհիվ՝ նրա աշակերտներից Կայ Բառը 1933թ. կարողացավ հրատարակել պահլավերեն թարգմանված որոշ Սաղմոսների փրկված մասնիկները: Անդրեասը, Իրանում անցկացրած տարիների ընթացքում, ուսումնասիրել և հսկայական գիտական նյութեր էր բերել Ֆարսի, Կենտրոնական Իրանի (Սիվանդի, Յազդի և Սոյի) բարբառների, նաև՝ որոշ քրդական բարբառների վերաբերյալ: Այս նյութերի որոշ մասի հրատարակման բախտը նրան վիճակված չէր:
Դրանց մի մասը՝ «Իրանական բարբառների գրառումներ» խորագրով աշխատությունը, 1939թ. հրատարակվեց Կայ Բառի և Արթուր Քրիստենսենի ջանքերով: ՄակՔենզիի հավաստմամբ, Ֆարսի բարբառային նյութերը, որոնք մշակման էին հանձնվել Հենինգին, ետ են վերադարձվել Գյոթինգեն, քանի որ 1967թ. Կալիֆոռնիայում Հենինգի մահից հետո՝ դրանք մնացին չհրատարակված: Անտիպ են օսեթերեն լեզվի, ոչ իրանական լեզվաընտանիքին պատկանող՝ Բրահուի լեզվի քերականության վերաբերյալ այն հարուստ գրառումները, որոնք Անդրեասը կատարել է 1876թ. Գվադարում, Հնդկաստանից Պարսկաստան վերադառնալիս: Ըստ ՄակՔենզիի՝ Անդրեասի արխիվում են պահվում, ենթադրաբար, ոչ միայն իրեն պատկանող մենագրություններ և ձեռագրեր:
Նա ենթադրում է, որ Մեսրոֆ Կարամին են պատկանում (նրա եզրահանգմամբ՝ հայազգի քրիստոնյա) Մոքրի բարբառին առնչվող գրառումները: Համաձայն ՄակՔենզիի, Սբ. Մաթևոսի հայտնության, ասորական տարբեր ժողովրդական ավանդությունների ասորերեն լեզվով, գեվերի բարբառով գրառումներն ու մշակումները, հավանաբար նույնպես արվել է մի ասորի քրիստոնյայի կողմից: Ֆրիդրիխ Անդրեասի ամենամեծ նվաճումներից է եղել նաև զազաների լեզվի, ազգաբանության ու պատմության շուրջ կատարած ուսումնասիրությունները: Ինչպես վերը հիշատակված աշխատությունները, այնպես էլ զազաների ուսումնասիրության արդյունքները ավարտին հասցրեցին նրա աշակերտները՝ Օսկար Մանը և Կառլ Հադանկը:
«Զազա լեզվի բարբառները», 1932թ. գլխավորապես՝ Հադանկի ջանքերով լույս տեսած աշխատությունը նույնպես մեծամասամբ գրվել է, հիմք ընդունելով 1906թ. Կասպից լճի հարավում բնակվող պարթևական ցեղերի ուսումնասիրության արդյունքում Անդրեասի կատարած այն եզրահանգումը, որ դայլեմիները (Dailemi) կամ դելեմիները (DՍlemՏ) հանդիսացել են զազաների նախորդները, ինչով և բացատրվում է զազաների կողմից իրենց «դիմիլի» «Dimili» անվանելը: Գիտության մեջ լինելով այս տեսության առաջնեկը, Անդրեասը կարծում էր, որ զազաները ծնունդ են առնում հին դայլամիտներից, և ուսումնասիրելով զազաների տարբեր բարբառները, նա որակեց լեզուն՝ որպես իրանական:
Արևելագետին հյուրընկալած Գյոթինգենի համալսարանը 1916թ. մեծ շուքով է նշել գիտնականի 70-ամյա հոբելյանը՝ այս կապակցությամբ հրատարակելով գիտական աշխատությունների ժողովածուն, որի մեջ իրենց հոդվածներն են հրատարակել մեկ տասնյակից ավելի նշանավոր արևելագետներ: Հրատարակչության նախաձեռնողները հոգ էին տարել նաև, որպեսզի գրքի վերջում հրատարակվի անվանի գիտնականի աշխատությունների կենսամատենագիտությունը: Տրամաբանական է, որ մատենագիտությունն ամբողջական չէր, քանզի Անդրեասը տարիների ընթացքում հրապարակել է բազմաթիվ այլ աշխատություններ՝ իր գիտական մենագրությունների, հոդվածների, թեզերի ցանկը հասցնելով մի քանի հարյուրի: Նրա աշխատությունների ամբողջական մատենագիտությունը, ցավոք, մինչ օրս կազմված չէ, իսկ որոշ, տարբեր առիթներով հիշատակվող ուսումնասիրությունների ու նամակների անհետացման պատճառները մնում են չլուսաբանված:
Ֆրիդրիխ Կառլ Անդրեասը մահացավ 1930թ. հոկտեմբերի 3-ին, 85 տարեկան հասակում, քաղցկեղից: Պատկառելի տարիքում անգամ, ինչպես գրում են Լու-Անդրեաս Սալոմեի կենսագիրները, նա առույգ էր, եռանդով լի և բարեհոգի՝ իրեն շրջապատողների նկատմամբ: Տառապելով ծանր հիվանդությունից, նա գրեթե ամեն օր այցելում էր կնոջը՝ համալսարանական հիվանդանոցում նրան հատկացված աշխատասենյակում հոգեբանական փորձեր կատարելիս:
Անդրեասի առնչությունները հայագիտության ու հայ ժողովրդի հետ
Իմ ծանոթությունը Անդրեասի կենսագրությանը տեղի ունեցավ այնքան խորհրդավոր պայմաններում, որքան խորհրդավոր է մեծ գիտնականի կյանքի ուղին: Որպես Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի անվան միջազգային գիտական կրթաթոշակի մրցանակակիր, Գյոթինգենի համալսարանում շուրջ երկուսուկես տարի աշխատելու ընթացքում միանգամայն անհասկանալի կերպով այցելեցի իմ աշխատասենյակից ոչ հեռու գտնվող Գյոթինգենի քաղաքային գերեզմանատունը, որտեղ գտնվում են Նոբելյան մրցանակի դափնեկիրների և անվանի բազում գիտնականների շիրիմները:
Չգիտես՝ ինչո՞ւ, ճանապարհս բախվեց Անդրեասի և Սալոմեի շիրմաքարին. բնավ պատկերացում չունեի, որ Անդրեասը հայազգի է: Այդ մասին իմացա միայն ամիսներ անց` գիտական որոշ պրպտումների արդյունքում: Այն սակավաթիվ այցելուները, որ երբեմն ծաղիկներ են դնում շիրմաքարի առջև, գլխավորապես գերմանացիներ են, ովքեր գալիս են խոնարհվելու Անդրեասի և Լու-Անդրեաս Սալոմեի շիրմաքարին: Հատկապես մեծ են Սալոմեին այցելողները, քանզի նրա անվամբ է կոչվում Գյոթինգենի համալսարանի Հոգեկան վերլուծության և հոգեկան թերապիայի ինստիտուտը: Այցելուների մեջ, թերևս, ես միակ հայն էի:
Անդրեասի մահից հետո դժվարանում է նաև կնոջ կյանքը: 1933թ. «գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության» իշխանության գալը մի նոր թափ է հաղորդում հակասեմիթական տրամադրություններին ու բռնություններին: Լու Անդրեաս-Սալոմեի մահից (1937թ.) մի քանի օր առաջ նրա տուն են ներխուժում գեստապոյի աշխատակիցները, բռնագրավում ողջ փաստաթղթերն ու հրատարակությունները, ավելացնելով, որ նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայում «հրեական գիտության» համար տեղ չկա:
Անդրեասի կենսագրությանն անդրադարձած հեղինակների ուշադրությունից վրիպել է նաև այս փաստը: Մեր կարծիքով, Անդրեաս-Սալոմեի տանը, հնարավոր է, եղած լինեն Անդրեասին պատկանող որոշ ձեռագրեր կամ նամակներ, մի հանգամանք, որի բացահայտումը կարող է նպաստել Անդրեասի կյանքի ու աշխատությունների որոշ խորհրդավոր էջերի լուսաբանմանը:
Իր մահից հետո, որպես գիտական ժառանգություն, բացի հսկայական քանակությամբ անտիպ ձեռագրերից ու աշխատություններից, Անդրեասը թողեց մի քանի հազարը գերազանցող նամականի: Այդ թղթակցությունը նա վարել է բազմաթիվ արևելագետների, քաղաքական և հասարակական գործիչների, հոգևորականների, ընկերների, ուսանողների հետ, որոնք ոչ միայն կապված էին նրան՝ իբրև հայրենակիցներ (ի թիվս հայերի, նրա հետ հարաբերվելիս են եղել օսեթները, պարսիկները, Գերմանիայում ապաստանած օսմանյան նախկին հպատակներ, որոնք հավատափոխ լինելով՝ դարձել էին քրիստոնյա): Այն բազմաթիվ օտարազգիները, որոնք թղթակցել են Անդրեասին, օժանդակել են նրան իր լեզվագիտական, մշակութաբանական, ազգագրական, պատմագիտական հետազոտություններում: Անդրեասի թողած փաստա-վավերագրական ողջ ժառանգությունը, Գերմանիայում ընդունված ավանդույթի համաձայն, հանձնվել է Գյոթինգենի համալսարանի գրադարանին՝ այն համալսարանին, որտեղ հանգրվանել է մեծ գիտնականը:
Անդրեասի արխիվն այսօր գտնվում է համալսարանի հին` «Ասիա-Աֆրիկա» անունը կրող գրադարանում, որտեղ, ի լրումն բազմաթիվ այլ արևելյան ձեռագրերի և անվանի պրոֆեսորների արխիվների, պահվում է հայազգի գիտնականի խորանը: Այն պարունակում է 52 արկղ` բոլորը լի փաստաղթերով, որոնցից 9-ը կազմում են նամակները, 2-ը՝ քարտեզ և 15 հատոր՝ փաստա-վավերագրական տարաբնույթ նյութեր: Անդրեասի արխիվային և, մասնավորապես, նամականու՝ մեր կողմից Գյոթինգենում իրականացրած կարճատև ուսումնասիրության արդյունքները, որքան անկանխատեսելի, այնքան էլ ուրախալի էին. նամակների մեջ զգալի թիվ էին կազմում հայ ժողովրդի բազում, ինչպես գաղութաբնակ, այնպես էլ Գյոթինգենում առժամանակ ուսման նպատակով բնակություն հաստատած զավակներից ոմանց հետ նրա ունեցած առնչությունների փաստերը:
Նամակագրության նախնական ուսումնասիրությունը փաստում է, որ հայազգի մեծ արևելագետը փոխհարաբերվել ու մասնագիտական խորհուրդներ է տրամադրել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայագիտության զարգացման գործում մեծ ավանդ ներդրած, հանրածանոթ արևելագետներ Յոզեֆ Մարկվարտին (1864-1930թթ.), Հայնրիխ Հյուբշմանին (1848-1908թթ.) և Նիկողայոս Մառին (1865-1934թթ.): Ծավալուն նամականու մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում հայազգի հայագետների հետ Անդրեասի ունեցած փոխհարաբերությունները: Դրանց մեջ ուսումնասիրված չեն Մխիթարյան միաբանության անդամ, դոկտոր Նիկողայոս Քարամյանցի, պատմաբան, բանագետ Բագրատ Խալաթյանցի և այլոց հետ Անդրեասի ունեցած թղթակցության հիմքերը:
Գյոթինգենի համալսարանում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ուսանած Ռուսական կայսրության հպատակ ուսանողության վերաբերյալ առկա հրապարակումը որոշ պարզաբանումներ մտցրեց Անդրեասի և Գյոթինգենում կրթված հայ ուսանողության փոխհարաբերությունների հետ կապված: Նախքան Անդրեասի ծագումնաբանությունն ու գիտական հարուստ ժառանգության մեզ հայտնի դառնալը, մեզ հետ ունեցած հանդիպումներից մեկի ընթացքում համալսարանի հայտնի պրոֆեսորներից մեկը` տիկին Տրուդե Մաուրերը, մեզ խորհուրդ տվեց կարդալ իր հրապարակումներից մեկը, շեշտելով, որ իր կողմից կատարված եռամյա հետազոտության արդյունքում կարողացել է հայտնաբերել ընդամենը մեկ հայազգի ուսանողի` Հովհաննես Նավակատիկյանի անունը (1888-1952թթ.): Իմ ավագ գործընկերոջ ուսումնասիրությունը, սակայն, Անդրեասի և Նավակատիկյանի միջև հնարավոր փոխհարաբերությունների մասին ոչինչ չէր խոսում և անգամ չէր էլ հիշատակում Ֆրիդրիխ Անդրեասի անունը:
Վերոհիշյալ ուսումնասիրությունը, սակայն, իմաստալից է այն առումով, որ հնարավորություն է տալիս պարզել, որ ապագայում Երևանի համալսարանի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ (1933-1938թթ.), ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան (1933-1934թթ.), պրոռեկտոր (1933-1935թթ.) Նավակատիկյանը, 1913թ. ընդունվելով Գյոթինգենի համալսարան և ուսանելով այնտեղ մաթեմատիկա, շատ կարճ ժամանակ անց` Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես, ինչպես և Ռուսական կայսրության յուրաքանչյուր հպատակ, ստանում է ռազմագերու կարգավիճակ: Տրամաբանական էր, ուստի, որ Նավակատիկյանը, ինչպես և այլք, ուսումը կիսատ թողնելով, պետք է համալրեր ռազմագերիների համար նախատեսված ճամբարները: Սակայն, պրոֆեսոր Մաուրերի հրատարակությունը և նրանում առկա Նավակատիկյանի լուսանկարը փաստում են այլ իրողություն:
Երիտասարդ ուսանողը ոչ միայն շարունակել է ուսումը, այլև բավականին հարմարավետ բնակարան է ունեցել Գյոթինգենի լավագույն թաղամասերից մեկում և լքել է Գյոթինգենը միայն հեղափոխական Ռուսաստանի և Գերմանիայի միջև կնքված հայտնի Բրեստ-Լիտովսկի զինադադարից հետո` վերադառնալով իր ծննդավայր Դերբենդ: Բնավ չէինք կարող կասկածել անգամ, որ Նավակատիկյանն ունեցել է մի գաղտնի հովանավոր, որը հոգ էր տարել, որպեսզի իր հայրենակիցը չհայտնվի ռազմագերիների ճամբարում, և, անկախ պատերազմի պարտադրած զրկանքներից, շարունակի ստանալ փափագած ուսումը: Այդ մարդը Անդրեասն էր:
Փաստի հավաստումը մեզ հաջողվեց գտնել նրա արխիվում: Իր հեղինակության շնորհիվ էր, որ անվանի գիտնականը կարողացավ կայզերական Գերմանիայի ռազմական նախարարությանը հղած իր գրությունների միջոցով բարելավել ինչպես իր հայրենակցի, այնպես էլ օտարազգի (օսեթների, աֆղանացիների, արաբների և տարբեր այլազգիների)՝ Գյոթինգենում և նրա մերձակայքում գտնվելու անհրաժեշտությունը, բացատրելով այդ կարիքը լեզվագիտական հետազոտություններ կատարելու անհետաձգելի իր պահանջով: Նրան ընդառաջում էին:
Ակնառու իրանագետի կենսագրության և գիտական մատենագիտության բազում խորհրդավոր և մինչ օրս չբացահայտված էջերը հավելում են նաև Հայկական հարցի լուծման ուղղությամբ նրա գործունեությունը: Անվիճելի է, թերևս, որ Արևելքի իմացության այս մեծ շտեմարանը չէր կարող չձգել Արևելքը «նվաճել» ձգտող գերմանական տարբեր, այդ թվում՝ քաղաքական շրջանակների հետաքրքրությունը:
Այս առումով՝ ուշագրավ են Գերմանիայում «հայանպաստ» գործչի մեծ համբավ ձեռք բերած, «Գերմանական արևելյան առաքելության» հիմնադիր նախագահ Յոհաննես Լեփսիուսի հետ Անդրեասի ունեցած փոխհարաբերությունները: 1910թ. ապրիլի 8-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում «Արևելյան առաքելությունն» ընտրեց նախագահության նոր կազմ՝ Յոհաննես Լեփսիուսի (տնօրեն), քահանա Վալտեր Ռոդենբեքի (փոխնախագահ), Վիլհելմ Հենինգի (գանձապահ-հաշվապահ), քահանա Յոհաննես Ավետարանյանի, Ֆրիդրիխ Կառլ Անդրեասի և դկ. Պաուլ Ռոհրբախի մասնակցությամբ:
Անդրեասի արխիվում պահպանվող նյութերը միայն փոքրիկ պատառիկներ են հաղորդում «Արևելյան առաքելության» և Յոհաննես Լեփսիուսի հետ ունեցած նրա առնչությունների վերաբերյալ: Ուշագրավ է նրա՝ խույս տալուն նմանվող այն պատասխանը, որը նա հղել է Լեփսիուսին: Վերջինս խնդրում էր տեղեկություններ տրամադրել Օսմանյան Թուրքիայում բնակվող քրիստոնյաների կոտորածների վերաբերյալ, որպեսզի այդ տեղեկությունը փոխանցի Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին վերաբացված Հայկական բարենորոգումների խնդրին նվիրված՝ Լոնդոնում տեղի ունենալիք կոնֆերանսին: Այս առումով, Անդրեասի պատասխանը հակիրճ էր՝ արշավանքների ընթացքում նա նման կոտորածների ականատես չէր եղել:
Հայկական հարցի լուծման ուղղությամբ արևելագետի գործունեության հաջորդ վկայությունն առնչվում է Լոզանի կոնֆերանսում դրա քննարկմանը: Երբ հայտնի դարձավ, որ ավելի քան 5 տասնամյակից ավելի միջազգային ատյաններում չարչրկված Հայկական հարցը, որը տերությունների թողտվությամբ նպաստեց Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի բնաջնջմանը, դադարեց այլևս որևէ իմաստ ունենալ միջազգային մրցապայքարում այն գիշատիչների համար, որոնք նախկինում, օգտագործելով ամեն պատեհ ու անպատեհ առիթ, հանդես էին գալիս քրիստոնյա հայության պաշտպանի դերում:
1923թ. Լոզանում հրավիրված Խաղաղության կոնֆերանսում քննարկվում էր միայն Ցեղասպանությունից մազապուրծ հայության համար, Թուրքիայի տարածքում հայերի համար «ազգային օջախ» ստեղծելու գաղափարը: Իր պաշտոնական ստորագրությունը դնելով 1914թ. հիմնված «Գերմանա-հայկական միության» ստեղծման փաստաթղթի տակ, նա կրկին ստորագրեց այն փաստաթղթի ներքո, որը «Գերմանա-հայկական միությունը» հղեց 1922թ. կայանալիք Լոզանի կոնֆերանսին: Հայերի համար Թուրքիայում «ազգային օջախ» ստեղծելու ուղերձի տակ, ի թիվս Թոմաս Մանի, Մարտին Նիպագեյի, Յոզեֆ Մարկվարտի, Մարտին Ռադեյի և այլ նշանավոր հասարակական գործիչների, գիտնականների, գրողների՝ դրված էր նաև Ֆրիդրիխ Անդրեասի ստորագրությունը:
Մեր ձեռքի տակ ունեցած փաստագրական նյութն ապացուցում է այն իրողությունը, որ Անդրեասը Հայկական հարցով զբաղվել է միայն անուղղակի` գիտակցելով, թերևս, օտար ու խորթ ձեռքերում գործիք դարձած Հայկական հարցի լուծման աղետալից վախճանը: Նա պահպանեց իրեն բնորոշ, գիտությունը քաղաքականությունից զատելու և քաղաքական խոհանոցներում ծնված տեսությունները գիտությամբ չածանցելու խորը համոզմունքը և մտքի հանդարտությունը նաև այս հարցում:
Արևելքի մեծ գիտակը չէր կարող չհասկանալ, որ զենքից ու զինվորից զուրկ իր ժողովուրդը դեռևս պատրաստ չէր սեփական ուժերով թոթափելու օսմանյան բռնապետության լուծը, և, որ օտարի ձեռքերով, սեփական շահի թելադրանքով գլորվող «պատմության» հայկական «անիվը» սլանում է դեպի անդունդ:
Անդրեաս-Բագրատունին չուներ ո՛չ զենք, ո՛չ էլ զինվորություն: Նրա միակ կռվանն անսահմանափակ գիտելիքն էր և դրանից բխող խոհեմությունը: Այս զենքով էր, որ նա նվաճեց աշխարհը, հիրավի՝ պատմության մեջ մտնելով որպես արևելագիտության և իրանագիտության հայազգի անգերազանցելի մեծություն:
Ցավոք, անգամ նման մեծության հայագիտական ժառանգության ուսումնասիրության մեր կոչերը և փորձերն այդպես էլ մնացին անարձագանք: Հայաստանի Հանրապետությունն ինչպես այս, այնպես էլ՝ գիտական այլ հետազոտությունների օժանդակման միջոցներ չունի: Ինչի՞ վրա են ծախսվում գիտությանը հատկացվող առանց այդ էլ՝ սուղ միջոցները, հայտնի է միայն գիտության մերօրյա սպասավորներին:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
պատմ. գիտ. թեկնածու