ԱԺ-ն սկսել է քննարկումը

Այսօր ժամը 12:00-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը, որտեղ, ինչպես հայտնի է` քննարկվում է 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական վարժությունների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ որոշվեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու մասին հարցի շուրջ ԱԺ արտահերթ նիստ գումարել:

Այսօր ԱԺ-ում ներկայացվել է այն նախագիծ-հայտարարությունը, համաձայն որի` պատգամավորները պետք է քննարկեն Հայաստան-Հունգարիա հարաբերությունների կասեցումը: Ի դեպ,այսօր ԱԺ-ում 131 պատգամավորներից քննարկմանը մասնակցում է 90 պատգամավոր:

Ստորև ներկայացնում ենք ԱԺ քննարկմանը ներկայացված հայտարարության նախագիծը.

Կարդացեք նաև

2004թ. փոտրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

– Անդրադառնալով Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում վերապատրաստում անցնող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին՝ 2004 թվականի փետրվարի 19-ին քնած վիճակում, կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սահիբ Սաֆարովի կողմից կատարված դաժան ու անմարդկային հանցագործությանը,

– Ընդգծելով, որ Հունգարիայի կառավարությունը` որպես ընդունող երկիր, չի ապահովել  մասնակիցների անվտանգությունը իր տարածքում կազմակերպված միջազգային միջոցառմանը,

– Արձանագրելով, որ հայ սպայի սպանությունը եւ այն կատարած հանցագործը Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար, ամենաբարձր մակարդակով արդարացվում  եւ հերոսացվում էր, ուստի եւ որոշում կայացնելուց առաջ Հունգարիայի իրավասու մարմինները չէին կարող չգիտակցել ու չկանխատեսել, որ Հունգարիայի օրենսդրությամբ ցմահ ազատազրկման դատապարտված հանցագործին Ադրբեջանին փոխանցելը նշանակում է վերջինիս ազատություն շնորհել եւ ստեղծել նախադեպ հայերի դեմ էթնիկ հողի վրա կատարված  հանցագործությունները խրախուսելու համար,

– Փաստելով, որ Ադրբեջան վերադարձված հանցագործին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելը, ինչպես նաեւ կոչումների ու տարատեսակ պարգեւների արժանացնելը քաղաքական ցինիզմի դրսեւորում է միջազգային հանրության նկատմամբ,

– Համարելով, որ այս հանցագործությունը հետեւանք է ադրբեջանական  իշխանություների կողմից պարբերաբար քարոզվող այլատյացության քաղաքականության, իսկ հանցագործին ներում շնորհելով  Ադրբեջանի նախագահը եւ ադրբեջանական իշխանությունները  ստանձնում են նրա հանցանքի համար պատասխանատվությունը,

– Որակելով Ադրբեջանի նախագահի հրամանագիրը  որպես 1983 թվականի Ստրասբուրգի «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի մարդասիրական նպատակներին, ինչպես նաեւ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների եւ նորմերի ոգուն հակասող գործողություն.

Ազգային ժողովը հայտարարում է, որ

1. Հունգարիայի իշխանությունը ևս կրում է կատարվածի համար  պատասխանատվությունը, դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը և խորհրդարանական մակարդակով կասեցնում է  Հունգարիայի հետ պաշտոնական հարաբերությունները:

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,   կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու և դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը:

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի ու Ադրբեջանի միջեւ 2012թ. օգոստոսի 31-ին իրականացված գործարքը:

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների  համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս