«Fitch Ratings»-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB» մակարդակում
«Fitch Ratings» միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով և ազգային արժույթով BB մակարդակում: Կանխատեսումը կայուն է:
Fitch Ratings»-ը նշել է, որ վարկանիշների հաստատումն արտացոլում է Հայաստանի բյուջետային և արտաքին դիսբալանսների աստիճանական նվազումը: Կառավարությունը 2011թ. կրճատել է բյուջեի դեֆիցիտը մինչև ՀՆԱ-ի 2,8 %` 2010-ի 5 %-ի դիմաց, հարկահանության, չնախատեսված եկամուտների և ծախսերի զսպման շնորհիվ: Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքը 2011 թվականին աճել է 4.6 %-ով՝ սպառման և արտահանման, ինչպես նաև՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած աճի շնորհիվ: «Fitch»-ն ակնկալում է, որ 2012-14 թթ. ՀՆԱ-ի աճը կկազմի 4 %:
Լեռնահանքային ոլորտում հնարավոր է՝ արդյունահանման ցուցանիշները գերազանցվեն, սակայն մետաղների գներից և ռուսաստանյան տնտեսությունից կախվածությունը խոցելիության աղբյուր են: Ներդրումային մթնոլորտի բարելավման դեպքում ոլորտը կարող է ավելի արագ աճ արձանագրել միջնաժամկետ հեռանկարում:
2011թ. ընթացիկ գործառնությունների դեֆիցիտը կրճատվել է մինչև 11 %, իսկ այդ ցուցանիշը զգալիորեն գերազանցում է մինչճգնաժամային մակարդակը:
Ըստ գործակալության՝ հետագա արտաքին շոկերը հաղթահարելու Հայաստանի ունակությունն ավելի թույլ է, քանի որ 2008թ. պետական և արտաքին պարտքն ավելացել է: Ռեզերվների կամ դրամի վրա ճնշումը` արտաքին շոկի պայմաններում, կարող է հանգեցնել բացասական վարկանիշային գործողությունների: Կապիտալի անբավարար հոսքի պայմաններում ավելանում են դևալվացիայի ռիսկերը: Ընթացիկ գործառնությունների դեֆիցիտի կրճատումը, դոլարիզացման նվազումն ու ռեզերվների ավելացումը կարող են դրական վարկանիշային գործոններ լինել:
«Fitch»-ն ավելի վաղ նշել էր Հայաստանի բանկային համակարգի համեմատաբար ուժեղ կողմերը: Միևնույն ժամանակ, բանկային վարկավորման իրական աճն ամենաարագն էր 2011թ. զարգացող տնտեսությամբ եվրոպական երկրներում BB վարկանիշով, ինչը որոշակի մակրոպրուդենցիալ մտահոգություն է առաջացնում:
Ըստ գործակալության, Հայաստանում ներկայում իրականացվող քաղաքականությունն, թերևս, կշարունակվի նաև 2013-ի նախագահական ընտրություններից հետո, քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կրկին կհաղթի այդ ընտրություններում, եթե առաջադրի իր թեկնածությունը:
Խորհրդարանական ընտրությունների դրական փոփոխությունները ցույց են տվել, որ նախագահական ընտրությունների արդյունքները նույնպես կընդունվեն, ինչը կհանի այդ արդյունքների բողոքարկման և անկարգությունների ռիսկը: Իսկ 2013թ. փետրվարին նախագահական ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկման հետևանքով՝ հնարավոր հուզումները կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան լարվածության ավելացման դեպքում՝ հնարավոր են վարկանշային բացասական փոփոխություններ: Թեպետ, «Fitch»-ի բազային սցենարի համաձայն` վերը նշված երկու իրադարձություններից և ոչ մեկը չի կանխատեսվում: