Ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը պակաս Լեւոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանն էլ` Գագիկ Ծառուկյանից. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «Քանի գնում, ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ իսկապես ապաշխարության եւ մեղքերի թողության խնդիր ունեմ: Ուստի, թեեւ ուշացած, ամենայն անկեղծությամբ ձեզանից ներողություն եմ խնդրում՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ ձեր վզին փաթաթելու համար: Եթե կադրային քաղաքականության հարցում ես սխալներ գործել եմ, ապա խոստովանում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին՝ սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին: Ուրեմն՝ թույլ տվեք, օգնեք ինձ՝ ձեզ ազատելու այդ փորձանքից»: Սա հատված է 2007թ. նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը կուսակցության համագումարում շրջադարձային համարողները, հավանաբար, «ներսից» այլ տեղեկություններ ունեն նրա քաղաքական ծրագրերի մասին, որովհետեւ բարի ցանկություններով համեմված նրա ելույթը կարծես նախորդներից առանձնապես չէր տարբերվում: Ավելին՝ այդ ելույթը Ծառուկյանի քաղաքական ինքնուրույնության, ԲՀԿ-ի «հովանավոր» Քոչարյանից ազատվելու հարցում կես քայլ առաջ էլ չէր: Հետեւաբար, չի կարելի միամիտ ձեւանալ եւ համարել, որ Տեր-Պետրոսյանը շարունակում է կարծել, թե Ռոբերտ Քոչարյանը «քաղաքական դիակ» է, մանավանդ, որ Մարտի 1-ին անցկացված ՀԱԿ հանրահավաքում Քոչարյանի` երբեմնի «պատասխանատվության» թեման ոչ պատահականորեն «պլստաց»: Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանում է երկրորդ անգամ կրկնել իր «ամենամեծ սխալը» կամ «փորձանքը», դա իր գործն է, նա ունի քաղաքական իր հաշվարկները եւ, հավանաբար, Հայաստանի «փրկության» այլ ծրագիր չունի, քան ՀՀԿ-ին ԲՀԿ-ով փոխարինելը, եւ այս հարցում Հայաստանում իշխանության հավակնորդ ամենակարող ռեսուրս համարում է Ծառուկյանին ու Քոչարյանին: Առհասարակ, խառը ժամանակներ են ապրում թե՛ իշխանությունը, որը երկրում որեւէ դրական փոփոխություն չի անում` մեղմելու սոցիալ-տնտեսական ճգնաժամը, թե՛ ընդդիմությունը, որը կոնկրետ արդյունքներ արձանագրելու ճանապարհին այդպես էլ հաջողություններ չի ունենում: Նման իրավիճակներում է, որ ում մտքով ինչ անցնում է` հայտարարում է դեմքի լուրջ արտահայտությամբ: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տասը տարիներին ԱԳ նախարար աշխատած, իսկ այժմ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը կարող է խոսել այն մասին, թե «յուրաքանչյուր իշխանություն, որի գերխնդիրը ամեն գնով իշխանություն պահելը չէ, պետք է դրական գնահատի այդ ելույթները եւ առաջարկվող ուղիները…»: Սա այն դեպքում, երբ «իշխանությունը» ամենահաջողված ձեւով «պահել» են Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարման տարիներին մի քանի համապետական ընտրությունների ժամանակ, այդ թվում նաեւ 2008 թվականին` Մարտի 1-ի գնով: Բայց հիմա նույն Օսկանյանն ամրագրում է, թե Տեր-Պետրոսյանը շարունակում է Ծառուկյանի վերջին ելույթի գնահատականները… Իսկ մեկ ուրիշ ՀԱԿ-ական էլ ֆիքսում է. «Այո, Ծառուկյանը, ունենալով ֆինանսական հզորություն, իրականում կարող է գլխավորել բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, կարող է իրականացնել հեղափոխություն…»: Ու այսպես շարունակ… ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի «պատգամների» իմաստը վերարտադրելիս Տեր-Պետրոսյանը նշեց. «Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»։ Մի քանի օր է՝ մամուլում տարբեր հրապարակումներ են հայտնվում, կարծիքներ են հնչում Իվանիշվիլի-Ծառուկյան բիզնեսմենների վաստակած գումարների ճանապարհների մասին զուգահեռներ տանելիս: Այն, որ Տեր-Պետրոսյանն այդ զուգահեռն անցկացրեց, իհարկե, անսպասելի չէր: 2011թ. աշնանից սկսած՝ ՀԱԿ-ի մարտավարության առումով որեւէ բան, ըստ էության, չի էլ փոխվել: Զարմանալին այն է, որ այս կամ այն գործիչը, երբ քննադատում էր Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ-ի շարքերից հարց էին բարձրացնում, թե` «քանի՞ գիրք են կարդացել, որ սխալ են հանում Տեր-Պետրոսյանի ճշմարտացիությունը…»: Եվ եթե ելնենք առաջին նախագահի` Իվանիշվիլիի ու Ծառուկյանի միջեւ զուգահեռներ տանելու ու հրապարակ նետված «բանաձեւից», ապա նախ պետք է նկատել, որ Իվանիշվիլիի ու Ծառուկյանի միջեւ քաղաքական առումով նմանություն իսկապես չկա, ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի միջեւ տարբերություն չկա: Նույն տրամաբանությամբ, ուրեմն, հարցնենք` ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը պակաս Լեւոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանն էլ` Գագիկ Ծառուկյանից…

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս