
Ի՞նչ սպասել ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայաստանյան այցից

Հայաստանն ու ԵՄ-ն վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ, և այդ ֆոնին հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին ՀՀ կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Այցի մասին օրերս Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելը։
Նա վստահություն հայտնեց, որ Կալլասն առաջ կմղի ԵՄ օգնության հարցը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերին հասնելու համար, ինչպես նաև կաջակցի Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Կարբոնելը նշեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հաստատվել են կառուցողական հարաբերություններ՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում գործընկերության նոր օրակարգի շուրջ։
Կարբոնելը նաև ասաց, որ ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանը ներառվի տարածաշրջանային քննարկումներում՝ փոխկապակցվածության սկզբունքին համապատասխան, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության շրջանակներում։ Կարբոնելը մատնանշեց Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության կարևորությունը՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համար։
«Համագործակցության ևս մեկ կետ վերաբերում է անվտանգությանը։ Երկու տարի առաջ մենք մեկնարկեցինք ԵՄ առաքելությունը Հայաստանում, որն օգնում է վերահսկել իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»,- նշեց նա։
Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ընդունելով Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին՝ նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում, ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի կազմաոլորտ կապերի հետագա ընդլայնմանը:
Դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարին, ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել էր, որ գրեթե վերջնականացրել են բանակցությունները Եվրամիության հետ առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ «Գրեթե վերջնականացրել ենք բանակցությունները Եվրամիության հետ մեր առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ։ Մոտ շաբաթների ընթացքում համապատասխան հանդիպում կկազմակերպենք քաղհասարակության հետ՝ արդյունքները ներկայացնելու համար»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, թե փաստաթուղթը նախատեսվում է մինչև հուլիս ստորագրել։ Սակայն Հովհաննիսյանը նաև ասել էր․ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ՝ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։ Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ՝ նոր փաստաթուղթ է մշակվում»։
ՀՀ-ԵՄ ներկայիս ակտիվ օրակարգում են նաև վիզային բանակցությունները, որոնք սկսվել են ամիսներ առաջ ու վստահաբար քննարկվող նոր փաստաթղթի հետ կլինեն Կալլասի առաջիկա այցի օրակարգում։ Հայկական կողմից այս օրակարգի մաս է նաև անդամակցության հեռանկարի հարցը։ Ինչպես հայտնի է, մարտին Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ ունենալով Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին, հայտարարել էր, թե կանգնած են վճռական պահի առջև։ «Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։
Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,- ասել էր նա։ Ուստի, հաշվի առնելով ՀՀ-ԵՄ ակտուալ բոլոր թեմաները՝ որ հարցերն են մասնավորապես ներառված լինելու Կալլասի հայաստանյան այցի օրակարգում։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ինչպես Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի դեպքում, Կալլասի ՀՀ ապագա այցին ևս մեծ կշիռ են փորձելու հաղորդել՝ ցույց տալով Հայաստանի եվրոպական հանձնառությունը և Արևմուտքի կարևորությունը ՀՀ արտաքին քաղաքական կյանքում։
Ուստի, նրա խոսքով, ամեն բան այնպես կկազմակերպվի, որպեսզի ԵՄ-ի հետ բանակցվող փաստաթուղթը, որը վերաբերում է կողմերի համագործակցության առաջնահերթություններին, ևս ստորագրվի այդ այցի ընթացքում, դրան հաղորդելով հավելյալ կարևորություն։
«Իրականում ԵՄ-ն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի ՀՀ-ն իրեն զգա Եմ անդամակցության թեկնածու երկիր, սակայն առանց ԵՄ-ի կողմից հստակ երաշխիքների ու պարտավորությունների, դա արվում է ՀՀ-ում ազդեցությունն ընդլայնելով, դիտորդների ներկայությամբ, հայտարարություններով, սակայն խորքային առումով չկա որոշակիություն, թե ինչ է սպասվում ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Ի վերջո, ԵՄ-ն միություն է, որի հետ համագործակցության խորացումն ինչ որ կետում պետք է հանգեցնի անդամակցության, սակայն անդամակցության հեռանկարից ԵՄ-ն ակնհայտորեն խուսափում է, սակայն անվերջ երկարաձգում ԵՄ անդամակցությանը նախորդող փուլը»,- ասաց վերլուծաբանը։
Արեշևը գտնում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններին նոր բովանդակություն չի սպասվում։ «ԵՄ-ն փորձելու է պահպանել ներկայիս մակարդակը՝ տրամադրելով Երևանին որոշակի աջակցություն, թարմացնելով առաջնահերթությունները, դիտորդների ներկայության շրջանակում խոսելով անվտանգության մասին։ Վիզային ռեժիմի ազատականացման հարցը ևս կքննարկեն, սակայն դա պահանջում է բանակցությունների շատ ավելի երկար ժամանակ»,- ասաց նա։
Վերլուծաբանը գտնում է, որ այս այցի շրջանակում ԵՄ հետաքրքրությունն ու շահը կայանում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը և ապաշրջափակման հետ կապված հարցերը։
«Մինչ շատերը Ռուսաստանին են մեղադրում միջանցքներ պահանջելու մեջ, ԵՄ-ն ավելի հաճախ է խոսում Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու մտադրության մասին, որն, ըստ Եվրոպայի, հնարավոր է Հայաստան-Ադրբեջան կարգավորման դեպքում, ուստի Խաղաղության համաձայնագիրն ու այս պրոյեկտների հարցը լինելու է այս այցի օրակարգում, ինչպես Կալլասի Ադրբեջան կատարած այցի ընթացքում։ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հասել են մի կետի, երբ հարկավոր է լինելու առաջընթաց ԵՄ-ի կողմից, նոր հանձնառություններ, սակայն ԵՄ-ն դա չի անելու և օրակարգը լցնելու է այլ նախաձեռնություններով։ Բնականաբար, որևէ հստակություն անդամակցության հեռանկարների հարցով չի լինի»,- ասաց Արեշևը։