Ռիչարդ Կիրակոսյան. «Միգուցե դեռևս վաղ է Հայաստանում որևէ ուկրաինական սցենար բացառելը»

Սոցիալական խնդիրները Հայաստանում արդեն իսկ առաջացնում են դժգոհության ալիք, մնում է սպասել և տեսնել, թե ինչ կլինի: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք` սոցիալական տարբեր հարցերի շուրջ հասարակական որոշակի ըմբոստությունը կարո՞ղ է վերածվել ավելի լայն քաղաքական շարժման:

Ըստ քաղաքագետի` հարցը ոչ թե պարզապես պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգն է կամ գազի սակագինը, այլ այն նաև վերաբերում է տրանսպորտի, շինարարության խնդիրներին, հարստության անհավասար բաշխմանը և մի շարք այլ հարցերին:

Ռ. Կիրակոսյանը Ուկրաինայում շարունակվող հակաիշխանական շարժումների և ստեղծված իրավիճակի մասին ասաց, թե Ուկրաինայի հարցերով փորձագետ չէ, այդ պատճառով` իր գնահատականն այդ հարցի վերաբերյալ սահմանափակ է, սակայն ընդհանուր առմամբ` համաձայն է Դավիթ Շահնազարյանի («Համաձայնություն» կենտրոնի ղեկավար) վերլուծության հետ:

Կիրակոսյանի ներկայացմամբ` Շահնազարյանի այդ վերլուծության մեջ Ուկրաինան նշվում է որպես Ռուսաստանի ուժի և իշխանության կարևորագույն մասը, որտեղ ռուսամետ և ռուսական շահը սպասարկող ուժերը ետ են մղում Արևմուտքին:

Կարդացեք նաև

«Եվ Շահնազարյանը մատնանշում է այդ խնդիրը, թե որտեղ կլինի Արևմուտքի համար կարմիր գիծը: Բայց հարցն այն է, որ մինչ այժմ պարզ չէ, թե որտեղ է այդ կարմիր գիծը»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ռիչարդ Կիրակոսյանը նաև ավելացրեց, թե այդքան էլ ճիշտ չէ Հայաստանը և Ուկրաինան միմյանց հետ համեմատելը, քանի որ այդ երկու երկրներում զարգացումները տարբեր են եղել: «Երկուսն էլ տարբեր դինամիկայի արդյունք են, նույնիսկ «սեպտեմբերի 3»-ը ավելի շատ Ուկրաինայի մասին էր, քան Հայաստանի»:

Պատասխանելով հարցին` ինչո՞ւ Հայաստանում չկայացավ ուկրաինական «Մայդանը», քաղաքագետն ասաց. «Մի կողմից` ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև բավարար տեղեկություններ չունեմ Ուկրաինայի մասին:

Բայց միաժամանակ պետք է նկատեմ, որ, իհարկե, սոցիալ-տնտեսական դժվարությունները, ժողովրդավարության պակասը և հակաիշխանական դժգոհությունները Հայաստանում նույնքան լուրջ են, որքան Ուկրաինայում: Մենք նաև կարող ենք պնդել, թե քանի որ Հայաստանի բնակչությունը շատ ավելի փոքրաքանակ է, և մեկ մարդու հաշվարկով սոցիալ-տնտեսական վիճակը նույնիսկ ավելի վատթար է, քան Ուկրաինայում, այդ պատճառով` միգուցե դեռևս վաղ է Հայաստանում որևէ ուկրաինական սցենար բացառելը»:

Տեսանյութեր

Լրահոս