Ռուս-թուրքական «կոնսենսո՞ւս», թե՞ դիվանագիտական խաղ. Ինչո՞ւ է Անկարան հարմարավետ զգում Հարավային Կովկասում
Գլոբալ բևեռացման ու բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ներկայիս փուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի աշխատանքային այցը Ռուսաստան վերստին ընդգծեց Անկարայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցությունն ու արևելյան վեկտորը համադրելու բարդ ռազմավարությունը։
Այցը ցույց տվեց ոչ միայն դինամիկան հայ-ռուսական հարաբերություններում, այլև ցույց տվեց BRICS-ի շուրջ զարգացող նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաները։
Լավրով-Ֆիդան համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն աջակցելու Թուրքիայի ջանքերը։ «Բարձր ենք գնահատում մեր թուրք ընկերների անկեղծ շահագրգռվածությունը՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի արդարացի, կայուն և երկարաժամկետ կարգավորման ուղիների որոնմանը»,- ասել է Լավրովը։
Ֆիդանն իր հերթին՝ վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ մասնակցելու միջնորդական ջանքերին։ Նա նշել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները շարունակում են ամրապնդվել և անցնում են ինստիտուցիոնալ մակարդակի։ Նա ընդգծել է, որ երկրների միջև երկխոսությունը զարգանում է երկու պետությունների ղեկավարների կողմից դրված խնդիրներին համապատասխան։
Ֆիդանը հավելել է, որ կողմերը պահպանում են կանոնավոր բարձր մակարդակի շփումներ և համագործակցում են տնտեսության, էներգետիկայի ու դիվանագիտության ոլորտներում։ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կարող է լուրջ ներքին հետևանքներ ունենալ միավորման համար։ «Այդ դեպքում նրանք պարզապես կփլուզվեն»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ ընդլայնման հեռանկարները։
Նրա խոսքով՝ ԵՄ ներսում խորանում են տարաձայնություններն ինտեգրացիոն նախագծի ապագայի և դրա հնարավոր ռազմականացման վերաբերյալ։
ՌԴ ԱԳ նախարարը նաև գտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դասական դիվանագիտության փոխարեն՝ հույսը դնում է հրապարակային հայտարարությունների վրա։ Նա այդ գործելաոճը որակել է՝ որպես «մեգաֆոնային դիվանագիտություն», և նշել, որ Կիևը հակասական ազդակներ է ուղարկում։
Ասուլիսում Լավրովը հայտարարել է, որ քննարկել են նաև իրավիճակն Անդրկովկասում։ Ըստ նրա՝ Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն փոխգործակցել Անդրկովկասում (Հարավային Կովկասում), Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Լավրովը կարևորել է նաև 3+3 ձևաչափը, որի դռները, նրա խոսքով, բաց են Վրաստանի համար։
«Մենք վերահաստատել ենք կայունության և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը, որ խաղաղության և կարգավորման գործընթացները կբերեն մեր տարածաշրջան։ Մենք գոհ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև արձանագրված առաջընթացից։ Գործընթացում ձեռնարկված քայլերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում արդյունավետորեն հաստատված խաղաղությունն այժմ արտացոլվում է տեղում»,- ասել է Հաքան Ֆիդանը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով տարածաշրջանի երկրների և մերձավոր հարևանների կողմից։ Նա ևս խոսեց տարածաշրջանային բազմակողմ ձևաչափի մասին, այն անվանելով 3+2:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Լավրով-Ֆիդան համատեղ ուղերձն այն էր, որ Մոսկվան և Անկարան փորձում են հաստատել տարածաշրջանում իրենց ազդեցությունը՝ ամրագրելով տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքը։
«Հարավային Կովկասի մասով հայտարարություններն ազդակ էին ռեգիոնալ երկրներին և Արևմուտքին, որ Ռուսաստանը, Թուրքիան ունեն կոնսենսուս, որ ռեգիոնալ հարցերը լուծվում են ռեգիոնում արտաքին միջամտության բացառմամբ։ Հետաքրքրականն այն է, որ այս փուլում, երբ ԱՄՆ-ը և Եվրամիությունը փորձում են ակտիվորեն մասնակցել հարավկովկասյան գործընթացներին, Արևմուտքն ակտիվ մասնակցում է շատ գործընթացների, Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, հանդես են գալիս արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը սահմանափակելու դիրքերից, ինչը կիսում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասաց Խրամչիխինը։
Նրա խոսքով, ըստ էության այս հայտարարություններն արվում են Հայաստանի համար, որն ակտիվ եվրաինտեգրացիայի քաղաքականություն է վարում, ներկայումս Արևմուտքը շատ հարցերում ռեգիոնում հենվում է հենց պաշտոնական Երևանի վրա։ «Մի կողմից՝ մենք տեսնում ենք բազմաբևեռ աշխարհակարգի հաստատում, փոփոխություններ, այդ թվում՝ Հարավային Կովկասում, սակայն այստեղ Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը զուգահեռ՝ տեսնում ենք Արևմուտքի ամրապնդում։ Այս միտումն անհանգստացնում է ռեգիոնալ բոլոր երկրներին, սակայն Թուրքիայի իրավիճակն այլ է, քանի որ, ի տարբերություն Իրանի ու Ռուսաստանի, Արևմուտքը Թուրքիայի շահերին Հարավային Կովկասում վերաբերվում է հարգանքով, ուստի այս ուղերձներում կա առավելապես դիվանագիտություն։ Վերջին շրջանում, եթե ուշադրություն դարձնենք, Թուրքիան էականորեն հետաքրքրված էլ չէ «3+3» ձևաչափով, քանի որ Թուրքիան միայնակ հարմարավետ դիրքավորված է Հարավային Կովկասում»,- ասաց Խրամչիխինը։
Նրա կարծիքով, ուշագրավ է Ֆիդանի հայտնած «գոհունակությունը» Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
«Թուրքիան փորձում է ցույց տալ, որ Հարավային Կովկասում արձանագրվող զարգացումները տեղի են ունենում հենց իրենց նախանշած տրամաբանության շրջանակներում, ինչը ներառում է նաև հաղորդակցության ուղիների բացման հեռանկարը»,- նկատեց նա։
Խրամչիխինը գտնում է, որ Լավրով-Ֆիդան հանդիպման արդյունքները հստակեցնում են, որ Թուրքիան խորքային առումով փորձում է պահպանել իր դերը Արևմուտքի և Արևելքի միջև, որպես արդյունավետ միջնորդ ու խաղացող։
Ըստ նրա, նույնը վերաբերում է նաև Հարավային Կովկասին, մեկ բացառությամբ, որ այդ ռեգիոնում Թուրքիան ունի ազդեցություն, գտնվում է անմիջական հարևանությամբ։
«Հարավային Կովկասում Թուրքիան ներկայումս ունի այնպիսի դիրք, որը չունի ոչ ՌԴ-ն, ոչ Արևմուտքը, հետևաբար՝ Թուրքիան Ռուսաստանի ու Արևմուտքի համար կարևոր է նաև Հարավային Կովկասում ազդեցություն պահպանելու, ինչո՞ւ ոչ՝ նաև խորացնելու համար։ Ուստի Լավրովի ու Ֆիդանի հայտարարությունները մեծ դիվանագիտություն են, որում Ռուսաստանն իր շահերն է ներկայացնում, Թուրքիան՝ իր, սակայն խորքային առումով Հարավային Կովկասի մասին Մոսկվայում հնչած ուղերձներն իրականում ցույց տվեցին այն բարդ կոնֆիգուրացիաները, որոնք առկա են ռեգիոնի շուրջ»,- ասաց Խրամչիխինը։

