ԱՄՆ Միջին Արևմուտքին և հարավ-արևելքին առնվազն յոթ տորնադո է պատուհասել
ԱՄՆ-ում չորեքշաբթի երեկոյան արձանագրվել է հզոր տորնադոների շարք, որոնք պատուհասել են երկրի Միջին Արևմուտքի և հարավ-արևելքի շրջանները, հաղորդում է CBS News-ը։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության (National Weather Service) տվյալներով՝ լայնամասշտաբ անկայուն եղանակային համակարգի ֆոնին մեկ երեկոյի ընթացքում գրանցվել է առնվազն յոթ տորնադո։
Առաջին հաստատված տորնադոն արձանագրվել է տեղական ժամանակով մոտավորապես 17:10-ին Այովա նահանգի Հարփերս Ֆերի փոքր բնակավայրի մոտ։ Երկրորդը՝ մոտավորապես 18:40-ին Իլինոյսի կենտրոնական մասում գտնվող Չարլստոն քաղաքի շրջանում։ Երկու պտտահողմերն էլ որակվել են որպես «առանձնահատուկ վտանգավոր իրավիճակ». սա նախազգուշացման հազվադեպ մակարդակ է, որն օգտագործվում է «ուժեղ և ավերիչ տորնադոների» բարձր հավանականության դեպքում։
Չարլստոնում տարերային աղետը լուրջ ավերածություններ է առաջացրել. քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, ավերվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ։
CBS News-ի տվյալներով՝ արտակարգ ծառայությունները հայտնել են շրջված բեռնատարների և վնասված կցորդների մասին, որոշ դեպքերում՝ ներսում հնարավոր տուժածներով։
Միաժամանակ տարածաշրջանում արձանագրվել է մինչև 7 սանտիմետր տրամագծով խոշոր կարկուտ և մինչև շուրջ 125 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քաղաքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել և բնակիչներին հորդորել դուրս չգալ ճանապարհներ՝ փլատակների և բեկորների պատճառով։
PowerOutage.us մոնիտորինգային ծառայության տվյալներով՝ հնգշաբթի առավոտյան Իլինոյսում հարյուր հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրականության։
Ուժեղ տորնադոները տապալել են նաև տարածաշրջանի այլ շրջաններ։ Էֆինգհեմ քաղաքի մոտակայքում արձանագրվել է պտտահողմ, որն, ըստ արտակարգ իրավիճակների տեղական վարչության համակարգողի, անցել է շուրջ 12-15 մղոն շրջանի հյուսիսային մասով՝ վնասելով շենքեր, ֆերմաներ և ենթակառուցվածքներ։ Հաղորդվում է մի քանի տուժածների մասին, սակայն լուրջ վնասվածքներից հաջողվել է խուսափել։
Առանձին տորնադոներ գրանցվել են նաև Վիսկոնսին, Այովա, Լուիզիանա, Ալաբամա և Քենթուկի նահանգներում։ Որոշ շրջաններում, ներառյալ Նոր Օռլեանի համալսարանի հարակից տարածքը, նույնպես նկատվել են պտտահողմեր և լուրջ վնասներ։
Օդերևութաբանները նշում են, որ հունիս ամսվա համար նման ակտիվությունը տիպիկ չէ։ Ըստ CBS-ի առաջատար օդերևութաբան Ռոբ Մարչիանոյի՝ հզոր շիթային հոսանքի, արևադարձային խոնավության և սառը օդի համակցությունը պայմաններ է ստեղծել EF2 և ավելի բարձր մակարդակի ուժեղ ու տևական տորնադոների, ինչպես նաև խոշոր կարկուտի և փոթորկալից քամիների ձևավորման համար։

