Թուրքիան՝ 2028-ի ճանապարհին. նախագահական աթոռի համար մրցավազքը սկսված է
Մայիսի վերջին Անկարայի վերաքննիչ դատարանը վճռել էր անվավեր ճանաչել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավարության ընտրությունների արդյունքները: Այդ որոշումը հանգեցրել է նրա ներկայիս առաջնորդ Օզգյուր Օզելի պաշտոնանկությանը և անցյալի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի վերադարձին։
Հատկանշական է՝ վերջինս իր ելույթներից մեկում պաշտոնը վերականգնելուց հետո պարտավորություն չի ստանձնել անհապաղ արտահերթ համագումար անցկացնել, որը թույլ կտար իր անդամներին կրկին ընտրել իրենց ղեկավարությունը: Փոխարենը, նա խոսել է կոռուպցիայից «շարքերը մաքրելու» անհրաժեշտության մասին, մի ձևակերպում, որը ենթադրում է, որ նա, հնարավոր է, ձգտում է ամրապնդել իր դիրքերը՝ նախքան կուսակցության պատվիրակներին առաջնորդության հարցը վերադարձնելը:
Էրդողանի թիմի հանդեպ համակրանքը չկիսող թուրք հասարակությանը հատկապես զայրացրել է այն փաստը, որ Քըլըչդարօղլուի վերադարձից հետո նրա առաջին այցերի պլանում նշված էր՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայան, ինչը հակասում է համակարգային ընդդիմության ճամբարում համախմբման տրամաբանությանը, որտեղ ԺՀԿ-ն ավանդաբար առաջին ջութակի դեր է խաղացել: Հարկ է հատկապես ընդգծել, որ այս բոլոր տարիներին, չնայած իր պատկառելի տարիքին (77 տարի), Քըլըչդարօղլուն չէր պատրաստվում դուրս գալ կուսակցական մրցավազքից՝ նախանձելի կայունությամբ հայտնվելով հասարակական դաշտում և ձգտելով այս կամ այն կերպ ազդել ներքաղաքական օրակարգի վրա։ Սակայն ընտրազանգվածի զգալի մասի համակրանքն ու աջակցությունը նրա կողմը չէ։ Ավելի շուտ, ընդհակառակը, այն, որ քաղաքական գործիչը, որն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է՝ քննադատելով Էրդողանի ճնշումն իրավական համակարգի վրա, պաշտպանել է իր սեփական հավակնություններին բավականին համահունչ դատական որոշումը, ձևավորելով նրա՝ «ոչխարի հագուստով գայլի» կերպարը։
Թուրքիայի նախագահը, իր հերթին, պնդում է՝ կառավարությունը կապ չունի դատավարության հետ՝ նշելով, որ դատավարության ընթացքում հայցվորներ են հանդես եկել հենց կուսակցության անդամները: Էրդողանն ընդգծել է՝ ընդդիմադիր կուսակցությունում ներքին հաշվեհարդարներն իրեն բոլորովին չեն հետաքրքրում, իսկ երկրի ղեկավարության գլխավոր և միակ խնդիրը հենց Թուրքիան է և «Թուրքիայի դարի» հայեցակարգի կառուցումը: Ընդ որում, չի կարելի չնշել, որ ԺՀԿ վարկանիշը մոտ 35 տոկոս բարձրացրած և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աղմկահարույց հաղթանակ տարած թիմի հեռացման հեռանկարը երկրի ներկայիս ղեկավարության համար չափազանց հարմարավետ է թվում 2028 թվականին սպասվող համապետական հանրաքվեի (ընտրություններին) նախաշեմին:
Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել ընդդիմության ներսում արդեն գոյություն ունեցող պառակտման գործոնը, որն առաջացել է ոչ թե թուրքական դատական համակարգի գործողությունների խորապատկերին, այլ շատերի մոտ ի հայտ է եկել ավելի վաղ՝ էապես ազդելով ընդդիմադիր ճամբարի համախմբվածության վրա նախորդ նախագահական ընտրարշավի ժամանակ։ Հիշեցնենք՝ ԺՀԿ-ի 2023թ. համագումարից անմիջապես հետո Հաթայի նախկին քաղաքապետ Լյութֆյու Սավաշը, ով նախկինում եղել է Ռեջեփ Էրդողանի ԱԶԿ-ի անդամ, իսկ հետո անցել է ԺՀԿ-ին, հայտարարել էր, որ որոշ պատվիրակների կաշառել են ֆինանսական խթանների, բարիքների կամ քաղաքական նշանակումների խոստումների միջոցով։ Այդ հիմքով նա քաղաքացիական հայց է ներկայացրել քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ պնդելով, որ կամարտահայտման գործընթացը ենթարկվել է «ոչ իրավաչափ ազդեցության», ուստի անվավեր է կուսակցության ղեկավարության ընտրությունը։ Ավելին, թուրքական մամուլում բազմիցս ենթադրություններ են եղել այն մասին, որ Է. Իմամօղլուի ձերբակալությանը ոչ պակաս նպաստել են նրա կուսակիցները, որոնք մեծահոգաբար տեղեկություններ են փոխանցել հետաքննությանը:
Ընդդիմության պառակտման գործոնը պետական ապարատն ակտիվորեն օգտագործում է իր նպատակների համար։ Թուրքիայի քրդամետ կուսակցությունները վաղուց հանդիսանում են տվյալ էթնիկ խմբի քաղաքական պահանջները մարգինալացնելու և ազդեցությունը սահմանափակելու պետության ջանքերի առարկան։ Հազարավոր կուսակցական պաշտոնյաներ են ձերբակալվել, տասնյակ ընտրված քաղաքապետեր հեռացվել են և փոխարինվել պետության կողմից նշանակված հոգաբարձուներով, կուսակցության համանախագահները հայտնվել են բանտում։ Ընդդիմադիր ԺՀԿ-ն 2024 թվականից ի վեր աննախադեպ դատական հետապնդումների է բախվում։ Հունիսին Անկարայի դատարանը նաև անվավեր է ճանաչել 2023 թվականին անցկացված «Հայրենիք» կուսակցության մեծ կոնգրեսը (Anavatan Partisi)․ պաշտոնական պատճառը նույնն է՝ կեղծ ստորագրություններ և պատվիրակների անվավեր ձայներ:
Այնուամենայնիվ, կառավարման շրջանակներում ամեն ինչ այնքան էլ մոնոլիտ չէ: Առանձին թուրք փորձագետներ չեն բացառում, որ այս տարի Թուրքիայի նախարարների կաբինետում (արդարադատության և ներքին գործերի նոր նախարարներ) վերադասավորումներն իրականացվել են՝ Էրդողանի որդուն՝ Ն.Բ. Էրդողանին «իշխանությունը սահուն փոխանցելու» համար հող նախապատրաստելու նպատակով։ Նշվում է, որ, դատելով նոր նշանակված անձանց մասնագիտական փորձից և հավատարմության բարձր աստիճանից, նրանց ընտրել են ոչ թե կառավարման հարցերում կոմպետենտության, այլ «պետական ինստիտուտները քաղաքական ընդդիմախոսների, առաջին հերթին՝ ԺՀԿ-ի դեմ օգտագործելու ապացուցված պատրաստակամության համար»: Ամրապնդելով այդ նախարարությունների նկատմամբ վերահսկողությունը՝ Թուրքիայի նախագահը դրանով ուժեղացնում է իր իշխանությունը ընտրական գործընթացը, իրավապահ մարմինները և դատական գործընթացը վերահսկող մեխանիզմների նկատմամբ։ Այսպիսով, ըստ որոշ մեկնաբանների, Ռ․ Էրդողանը ոչ միայն ղեկավարում է երկիրը՝ ունենալով գրեթե անսահմանափակ իշխանական գործիքակազմ, այլ նախապես ձևավորում է այն պայմանները, որոնցում որոշվելու է իր իրավահաջորդը:
Անկարան պաշտոնապես ոչ մի կերպ չի մեկնաբանել երկու գործող նախարարների փոխարինման պատճառը, սակայն չի կարելի չնշել, որ այդ փոփոխությունները տեղի են ունեցել մի ժամանակաշրջանում, երբ գնալով ակտուալանում է նախագահական մրցավազքի հարցը: Թեև ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն ընտրարշավը, կարծես, խոստանում է լինել երկար հեռացատկով, քանի որ պոտենցիալ թեկնածությունների շուրջ իրարանցումը և այս կամ այն քաղաքական ուժերի համար բարենպաստ իրավիճակի շուրջ վեճերը թեժանում են արդեն հիմա։ Ոմանք կանխատեսում են, որ Թուրքիայի առաջնորդի որդին կարող է ԱԶԿ ղեկավարի պաշտոնը զբաղեցնել արդեն այս տարի։ Տվյալ դեպքում, կախված ընդդիմադիրների վրա ինստիտուցիոնալ ճնշման արդյունավետությունից, Ռ. Թ. Էրդողանը շանսեր ունի պայմաններ ստեղծել իշխանության վերահսկելի փոխանցման համար։ Սակայն նման ելքը, ի վերջո, կախված է ընտրությունների անցկացման ժամկետից։
Ներկայումս, երևում է, որ ոչ գործող նախագահը, ոչ էլ նրա իշխող կոալիցիան հակված չեն արտահերթ տարբերակի: Բնակչության դժգոհությունը, որը հիմնականում պայմանավորված է Թուրքիայում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, որը բազմապատկվում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրարանցմամբ, նվազեցնում է ԱԶԿ-ի ժողովրդականությունը և վաղ ընտրական քարոզարշավը վերածում քաղաքականապես ռիսկային տարբերակի: Միևնույն ժամանակ, ընդդիմության շարունակվող «մաքրումը» թեժացնում է նախընտրական մրցավազքը, որը կարող է ուղենիշ դառնալ Թուրքիայի Հանրապետության ժամանակակից պատմության համար։
ՄԱՐԻԱ ԿՈԼԵՍՆԻԿՈՎԱ
Քաղաքական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի դոցենտ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

