Բաժիններ՝

Ֆրենսիս Կուրկջյան. «Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ես 44 տարեկան եմ և երջանիկ եմ» (ֆոտոշարք)

Օրերս Երևանի Hermitage օծանելիքի խանութ-սրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ պարֆյումեր Ֆրենսիս Կուրկջյանի ստեղծած և նրա անունը կրող օծանելիքի բրենդի (Francis Kurkdjian) պաշտոնական բացումը Երևանում:

168.am-ը բաց չթողնելով առիթը` այցելեց խանութ-սրահ, որտեղ էլ հանդիպելով բույրերի աշխարհահռչակ մաեստրոյին, զրուցեց նրա հետ: Հասնելով խանութ` նկատեցինք սպիտակ վերնաշապիկով մի տղամարդու, ով, թեև հեռախոսով էր զրուցում, բայց միաժամանակ օծանելիքի բույրեր էր փորձում: Շատ չսպասեցնելուց հետո` վերջապես զրույցը սկսեց: Անգլերեն էինք զրուցում, չնայած երբեմն ամաչելով՝ Ֆրենսիսը հայերեն կարճ նախադասություններ էր ասում:  Ասում էր` «հայերեն չգիտեմ»:

Ֆրենսիս Կուրկջյանը ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձել է բալետի ասպարեզում, սակայն 14 տարեկանից որոշել է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:

Kurkjyan-new (6)

Կարդացեք նաև

Kurkjyan-new (5)

Kurkjyan-new (4)

1990-1992թթ. սովորել է օծանելիքի միջազգային ինստիտուտում (International Institute of Perfume, Cosmetics and Flavors), 1993թ. աշխատել է Ֆրանսիայի Quest International-ում, 1993թ. ուսանել է Luxure ապրանքների մարքետինգի ինստիտուտում (Advanced Institute for Luxure Goods Marketing), 1995թ. աշխատել է Նյու Յորքի Quest International-ում, այնուհետև` Ֆրանսիայի համանուն ընկերությունում: Աշխատանքին զուգահեռ՝ նա ստեղծում է օծանելիքի իր սեփական ատելյեն: 2001թ. արժանացել է Prix Francois Coty պարգևին: 2005թ. սեպտեմբերից սկսել է աշխատել ճապոնական օծանելիքի արտադրությամբ զբաղվող առաջատար Takasago ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

Kurkjyan-new (7)

Ֆրենսիսն այսօր Ֆրանսիայի լավագույն օծանելիք ստեղծողներից մեկն է: Նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում: Նրա պորտֆոլիոյի մաս են կազմում աշխարհահռչակ համբավ ունեցող տասնյակ օծանելիքներ, ինչպես, օրինակ` Davidoff Silver Shadow-ն, Ժան-Պոլ Գոտիեի (Jean Paul Gaultier) «Male»-ը, Էլիզաբեթ Արդենի (Elizabeth Arden) «Green Tea»-ն, Լանքոմի (Lancome) «Miracle»-ը, Զորջիո Արմանիի (Giorgio Armani) «Armani Mania», Քենզոյի (Kenzo) «Kenzoki», Լանկաստերի (Lancaster) «Aquazur»-ը, Վերսաչիի (Versace) «Jeans Couture Glam»-ը, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուների մաս կազմած, սակայն լայն հասարակությանը քիչ ծանոթ բազմաթիվ բույրեր:

Ֆրենսիսը 2005թ.  հնագույն` արխիվային բաղադրատոմսերի միջոցով վերականգնել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ալեկոծված ամբոխի կողմից գիլյոտինի միջոցով գլխատված կայսրուհի Մարիա Անտուանետի օծանելիքը, որը նրա համար ժամանակին ստեղծել էր պալատական պարֆյումեր Ժան-Լուի Ֆարժոնը (Jean-Louis Fargeon): Ֆրենսիսին այդ գործում օգնել էր Ֆարժոնի մասին նորաստեղծ գրքի հեղինակ Էլիզաբեթ դը Ֆեյդոն, ով բաղադրությունը գտել էր ազգային արխիվում: Կայսրուհին նորաձևության և շքեղ ապրելակերպի հիմնադիրն է համարվել: Ֆրենսիսի կողմից վերականգնված այդ օծանելիքը կոչվում է «Le Sillage de la Reine»` «Թագուհու հետքը»: Բաղադրիչներից մի քանիսի չափազանց թանկ և հազվագյուտ լինելու պատճառով՝ օծանելիքը լայն մասսայական արտադրություն չունեցավ:

Kurkjyan (1)

Թվով 1000 սրվակ վաճառքի է դրվել միայն Վերսալի տարածքում, և այն հնարավոր է ձեռք բերել 1500 եվրոյով: Օծանելիքի վերականգնումից հետո Ֆրենսիսը սկսել է աշխատել ֆրանսիական մեծ թանգարանի համար «հոտավետ» ինտերիերի ստեղծման ուղղությամբ:

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը Ֆրենսիս Կուրկջյանին` օծանելիքի ստեղծման գործում ունեցած բարձր արժանիքների համար, անվանել է «Արվեստի կավալիեր» (Chevalier des Arts et des Lettres):  Նա ավելի քան 80 բույրերի հեղինակ է: 2001թ. Ֆրենսիսն արժանացել է օծանելիքի բնագավառի մեծ վարպետ Ֆրանսուա Կոտիի մեծ պարգևին: Իսկ Narciso Rodriguez-ի համար 2004թ. արժանացել է պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին:

Kurkjyan-new (1)

Kurkjyan-new (4)

Kurkjyan-new (10)

Ֆրենսիսը՝ իր մասնագիտության ընտրության մասին

– Ես շատ պարզ ձևով ընտրեցի այս ուղղությունը: Երբ 14 տարեկան էի՝ կարդացի մի հոդված պարֆյումերների մասին, որն ինձ շատ հետաքրքրեց և գրավեց: Դրանից հետո որոշեցի, որ պետք է պարֆյումեր դառնամ:

Պարֆյումերի հատկությունների և աշխատանքի խոչընդոտների մասին

– Նախևառաջ, պարֆյումերը պետք է կիրք ունենա, որը ես չունեմ: Պարֆյումերը պետք է սիրի իր աշխատանքը և շատ աշխատի: Ինչպես արվեստի յուրաքանչյուր բնագավառում, այս դեպքում ևս, դու կարող ես տաղանդավոր լինել, բայց եթե աշխատելու ցանկություն չունես՝ չես կարող առաջ գնալ: Դու պետք է զգաս ժամանակը, կապված լինես քո դարաշրջանին, հասկանաս` երբ ես ապրում, և չկապվես տատիկիդ ու պապիկիդ ժամանակների հետ: Ես ուզում եմ ստեղծել ժամանակից դասականը: Չեմ կարծում, որ իմ աշխատանքում լուրջ մարտահրավերներ կան:

Kurkjyan (2)

Մարտահրավերը կյանքեր փրկելն է, որը ես չեմ անում: Իմ կյանքում ես շատ ուրիշ կրքեր ունեմ, բայց սա իմ աշխատանքն է: Կարծում եմ` ես ծնվել եմ այս աշխատանքով զբաղվելու համար:

Ստեղծած բույրերի առատության և դրանց մեջ չխճճվելու մասին

– Այսքան ստեղծածս (80-ից ավելի) բույրերի մեջ չեմ խճճվում: Դա անցյալում էր, իսկ անցյալն անցյալ է: Սա, իհարկե, մի փոքր հայկական չէ, բայց հայերը պետք է հասկանան, որ մենք ունենք անցյալ, և պետք է հիշենք այն, բայց պահ է գալիս, որ պետք է մոռանանք այն, ապրենք ներկայով և կառուցենք ապագան:

Kurkjyan (4)

Պարֆյումերը` պարֆյում չօգտագործելու մասին

– Որքան էլ զարմանալի թվա` ես պարֆյում չեմ օգտագործում: Երևի մասնագիտությունիցս է գալիս… Միայն աշխատելու ժամանակ եմ օծանելիք կրում, այն էլ՝ ստեղծածս հասկանալու համար: Երբ աշխատանքից դուրս եմ՝  օծանելիք չեմ գործածում:

Անհատական օծանելիք ստեղծելու մասին

– Որևէ մեկի համար անհատական պարֆյում ստեղծելը հատուկ աշխատանք է պահանջում: Ինձ համար դժվար է ստեղծել օծանելիք այն մարդու համար, ում շատ լավ ճանաչում եմ: Չպետք է տվյալ անհատին լավ ճանաչեմ, պետք է միայն մի քանի դետալներ իմանամ նրա մասին և հասկանամ տվյալ մարդու գաղափարը: Պետք է զգամ տվյալ պահը, ինչ-որ նշումներ անեմ, և դրանից հետո աշխատելն ինձ համար շատ հեշտ կլինի:

Kurkjyan-new (2)

Նոր բույր ստեղծելու գործընթացի մասին

– Նոր բույրը ստեղծում եմ մոտ 18 ամսում: Շատ տարբեր բաներից եմ ոգեշնչվում: Օրինակ` վերջին օծանելիքս` Aqua Vitae-ն ստեղծելիս Իսպանիայում էի և ոգեշնչվել եմ կյանքի նկատմամբ ունեցած սիրուց: Հումքը շատ կարևոր է, բայց այն ինձ քիչ է ոգեշնչում: Կյանքն է ինձ ոգեշնչում, լինի՝  բալետը, գրականությունը, երաժշտությունը, մարդիկ… ինձ համար աշխարհը շատ բաց է:

Ֆրենսիս Կուրկջյանի ամենամեծ ձեռքբերումը

– Իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ես 44 տարեկան եմ  և երջանիկ եմ: Շատ մեծ հաջողություն է տեսնել աշխարհը և լինել երջանիկ:

Kurkjyan (3)

Կոչումների ու մրցանակների մասին

– Կոչումներն ու մրցանակներն ինձ համար այնքան էլ կարևոր չեն: Կարևորն այն է, թե ինչպես եմ ես ինձ ու իմ աշխատանքն ընկալում: Իհարկե, հաճախ է լինում, երբ ես գոհ չեմ լինում վերջնական արդյունքից: Հետաքրքիր է` որոշ բույրեր, որոնք ինձ համար բացարձակ հետաքրքիր չեն, մրցանակներ են ստանում, իսկ որոշներն էլ, որոնք ինձ համար շատ կարևոր են, ու որոնք ես սիրում եմ, չեն գնահատվել և մրցանակների չեն արժանացել: Ինձ համար բոլոր մրցանակներն ու բնորոշումները կարևոր են այնքանով, որքանով դրանք կարևոր են այն մարդկանց համար, ովքեր ինձ շնորհել են:

Գումարի` Կուրկջյանի կյանքում ունեցած դերի մասին

– Ասել, որ փողը կարևոր չէ՝ հիմարություն է, որովհետև փողը կարևոր է: Այն կարևոր է՝ տուն ունենալու, կրթության, առողջության համար վճարելու և այլ բաների համար: Ինձ համար ֆինանսն ամենավերջին նպատակը չէ, ես աշխատում եմ հետաքրքիր բաներ ստեղծելու համար: Որպես արվեստագետ` ես ստեղծում եմ, որպեսզի հաճույք պատճառեմ նաև ուրիշներին: Գումարն աշխատանքի արդյունք է, որը գալիս է աշխատելուց հետո:

Իր պատրաստած օծանելիքը նախընտրողների մասին

– Երբեք թիրախային լսարան չեմ ունեցել: Ես ոչ թե բրենդ, այլ տուն եմ ստեղծել, որտեղ մարդկանց ոչ թե պարտադրում, այլ հրավիրում եմ: Իմ ստեղծած օծանելիքի գները բարձր են ոչ այն պատճառով, որ ես եմ այդպես ուզում, այլ աշխատելով Փարիզում` իրականությունն է այդպես թելադրում:

Kurkjyan-new (9)

Ինչո՞ւ հայերը պետք է ընտրեն իմ բրենդը: Անկեղծ ասեմ` չգիտեմ: Այն, ինչ ես անում, անում եմ հավատով և դրա մեջ արժեքներ եմ ներդնում:

Հայտնիները` Ֆրենսիսի պատրաստած օծանելիքի պատվիրատուներ

– Ես անուններ սովորաբար չեմ ասում: Երբ անջատեք Ձեր ձայնագրիչը և տեսախցիկը՝ կասեմ: Ինքս ինձ խոսք եմ տվել երբեք չխախտել կյանքի գաղտնիության իրավունքը: Կարող եմ ասել, որ շատ հայտնի մարդիկ են օգտագործում իմ պատրաստած անհատական օծանելիքները:

Kurkjyan-new (8)

Երևանի բույրը՝ ըստ Ֆրենսիս Կուրկջյանի

– Եթե ես Երևանի բույրը ստեղծեմ, կհամադրեմ մի քիչ տաքությունն ու մի քիչ խստությունը, որոնք բնորոշ են քաղաքին:

Հայաստանի և հայերի մասին

– Ճիշտ է, ես ծնվել և մեծացել եմ Ֆրանսիայում, բայց ինձ ամբողջովին ֆրանսիացի չեմ զգում: Ես զգում եմ, որ շատ կապված եմ իմ արմատներին:

44 տարեկան հասակում ընդամենը երեք անգամ եմ այցելել Հայաստան:

Հայերեն չեմ խոսում, բայց կնքված եմ, և տատիկս ինձ խաչ է նվիրել, որը ես միշտ կրում եմ (ցույց է տալիս խաչը.- Գ.Ա.):

Չգիտեմ՝ Հայաստանում օծանելիքներիս մեծ ցուցադրություն կլինի՞, թե՞ ոչ, բայց հույս ունեմ, որ մի օր կլինի: Ամեն ինչ կախված է ժամանակից: Չեմ ուզում կազմակերպել մի բան՝ պարզապես անելու համար, ամեն ինչ պետք է պատճառ ունենա…

Լուսանկարները` Սերժ Դավիդովի և Ավետիս Սարգսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս