Բուժծառայության ավագ լեյտենանտ Վիլեն Գաբրիելյանի «ռազմական պրադվինուտի» դատողությունները

Օրերս իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, ինչի արդյունքում առաջնագիծը փոխարինվելու է պետական սահմանով, մասնավորապես, նշել է.

«Ես ընդհանրապես համարում եմ, որ 21-րդ դարում մարտական հենակետ պահելը դա հետամնացության նշաններից մեկն է՝ ռազմական տեսանկյունից: Ինձ որ հարցնեք, ավելի լավ է մարտական հենակետեր չունենալ, կենդանի ուժ չպահել, բայց ցանկացած մարդուն, որն ապօրինաբար կխախտի սահմանը, հենց մի միլիմետր խախտի քո սահմանը, դու տեղում խնդիրը լուծես: Պաշտպանության նախարարը շուտով գալու է նոր նախագծերով, և մենք, ի վերջո, կարողանալու ենք ձևավորել տարածքային պաշտպանության համակարգը, ստեղծել տարածքային պաշտպանության ուժեր, որոնք պետք է հիմնված լինեն տեղի բնակիչների ներուժի վրա նաև: Դա նշանակում է՝ այն մարդը, որտեղ բնակվում է, պարտավոր է ներգրավված լինել որոշակի ստորաբաժանման մեջ, որն ապահովելու է տվյալ տարածքի պաշտպանությունը: Մեր անվտանգային համակարգը և պաշտպանունակությունը պետք է բարձրացվեն»:

Թե որքանով է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո բարձրացվել երկրի պաշտպանունակությունը, բավարար է հիշել 2021-2022թթ. Ադրբեջանի ներխուժումների մասին, ընդ որում, քայլելով:

Ինչու 2021 թվականին առաջին իսկ ադրբեջանցի «քայլողների» հարցերը, որոնք մտան ՀՀ ինքնիշխան տարածքը, չլուծվեցին օրենքով, և նրանք շարունակեցին առաջանալ, կարող ենք ենթադրություններ անել, անգամ հստակ պատասխանել՝ գուցե ՀՀ իշխանությունները չե՞ն համարել դա ՀՀ ինքնիշխան տարածք, ինչի մասին այս տարի միայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց:

Կարդացեք նաև

Մասնավորապես, մարտի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է.

«Դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Երբ ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ Եվ մեր տարածքը ֆիքսելն առաջին կարևոր ու անխուսափելի և պարտադիր նախապայմանն է, որով պետք է մենք ձևակերպենք մեր տարածքներից դուրս գալը»:

Ինչ վերաբերում է մարտական հենակետի առկայությունը որպես հետամնացության ցուցիչ դիտարկվելուն 21-րդ դարում, ապա իշխանական պատգամավորը մոռացե՞լ է պատերազմից հետո դեռ տևական ժամանակ, բաց երկնքի տակ կամ վրաններում, զինվորների ծառայությունը, մոռացե՞լ է որպես զորամաս՝ տուն-կացարանների մասին:

Այ, դա իսկական ամոթ է, հատկապես, երբ 2018-ից հետո, 2020 թվականից հետո անընդհատ լսել ենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, իսկ թե ինչ բանակի վերածեցինք եղածը և ինչ բանակ ունենք, ավելորդ է նույնիսկ ասել: Էլ չասենք ատեստավորման գործընթացի մասին և գեներալների շարայինների:

Սա մտնո՞ւմ է ժամանակակից բանակի և պատերազմի պահանջների մեջ, կրկնում ենք, չենք ուզում խորանալ ռազմական պարապմունքների «բովանդակության» և դետալների մեջ, ՀՀ պաշտպանության նախարարության տեսագրություններից կարող եք տեղեկանալ:

Գուցե 21-րդ դարի կամ պրոֆեսիոնալ բանակի պահա՞նջն է՝ դիրքերը վստահել 25-օրյա վարժանքի մասնակցին, երկրապահին, թե՞ զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկի կրճատումն է բխում պրոֆեսիոնալ բանակի օրենքներից: Իսկ գուցե սահմանամերձ բնակչության հույսով անվտանգության ապահովո՞ւմն է 21-րդ դարին հարիր, երբ ժամանակին հենց սրա համար էին նաև քննադատություններ ուղղվում նախկիններին, որ պայմանագրայինները հիմնականում սահմանամերձ գյուղի բնակիչներն են:

168.amգրել էր, որ ՊՆ որոշ ծրագրեր, այդ թվում՝ տարածքային պաշտպանության ընտրված մեթոդը, տեղավորվում է  Ժիրայր Լիպարիտյանի՝ «Սպիտակ թղթի» առաջարկների տրամաբանության մեջ:

Ի դեպ, Վիլեն Գաբրիելյանի համար հետամնացություն չէ՞ր դիրքերի համար իշխանափոխությունից հետո անվադողեր հավաքելը:

Այս շարքը կարելի է շարունակել, կարելի է նաև ավելի մասնագիտական զրույց վարել, բայց եթե դիմացինդ ռազմական գործին լավ է տիրապետում և կապված չէ քաղաքական թելերով:

Բանակը կենդանի օրգանիզմ է, և այն մշտապես պետք է զարգանա, և վատ բան չէ դիրքային «հեղափոխությունը», ևթե դա արվում է պրոֆեսիոնալների կողմից, և այն բարձրացնելու է երկրի անվտանգությունը և տեղավորվում է ժամանակակից անվտանգային պահանջների մեջ և համահունչ է հակառակորդիդ անվտանգային ու դիրքային լուծումներին: Արդյո՞ք այսօր Ադրբեջանի համար մարտական հենակետերն ամբողջովին վերացված են կամ հետամնացություն են դիտարկվում: Իսկ հայկական հենակետերը ժամանակակից կահավորել ոչ ոք չի արգելել ՀՀ իշխանություններին:

Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ բանակի զարգացման տեսլականների մասին:

Մասնավորապես, Արդեն 2018թ. հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել էր իր տեսլականը պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ, որտեղ առանձնացրել էր մի շարք առաջնահերթ խնդիրներ:

Այն է՝ Զինված ուժերի կառավարման համակարգը պետք է ունենար ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական հագեցվածություն, երկրորդ, հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերը պետք է շարունակաբար համալրվեին արդիական տեխնիկական միջոցներով, և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացում: Այսինքն, մենք պետք է առավելագույնի հասցնեինք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները, մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը: 

Իսկ 2020 թվականի հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացնելով պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման իր երկրորդ տեսլականը՝  նշել էր, որ զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լինեն շարժունակ, ժամանակակից և գերճշգրիտ զինատեսակներով համալրված, որոնք կկարողանան գործել ավտոմատ կառավարման տիրույթում և ապահովել ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները, և այլն:

Արդյո՞ք սրանք գործնականում հաշվի են առել ՀՀ իշխանությունները, ավտոմատացված կրակակետեր ստեղծե՞լ ենք: Պատասխանը թողնում եմ իշխանություններին, ամրացված շրջաններն օրինակ չբերել, տարբեր բաներ են:

Տեսանյութեր

Լրահոս