Ֆրենսիս Կուրկջյան. աշխարհահռչակ հայ պարֆյումերը

Իրանական ծագումով հայազգի Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian) ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձում է բալետի ասպարեզում, սակայն չի հաջողում հաղթել մրցույթներում: 15 տարեկանից որոշում է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:

Ֆրենսիս Կուրկջյանը 1990-1992թթ. սովորել է օծանելիքի միջազգային ինստիտուտում (International Institute of Perfume, Cosmetics and Flavors), 1993թ. աշխատել է Ֆրանսիայի Quest International-ում, 1993թ. ուսանել է Luxure ապրանքների մարքեթինգի ինստիտուտում (Advanced Institute for Luxure Goods Marketing), 1995թ. աշխատել է Նյու Յորքի Quest International-ում, այնուհետև` Ֆրանսիայի համանուն ընկերությունում: Աշխատանքին զուգահեռ՝ նա ստեղծում է օծանելիքի իր սեփական ատելյեն: Ֆրենսիս Կուրկջյանը Ֆրանսիական Օծանելիքի միության ընկերակցության անդամ է: 2001թ. արժանացել է Prix Francois Coty պարգևին: 2005թ. սեպտեմբերից սկսել է աշխատել ճապոնական օծանելիքի արտադրությամբ զբաղվող առաջատար Takasago ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Ֆրենսիսն այսօր Ֆրանսիայի լավագույն օծանելիք ստեղծողներից մեկն է: Նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում: Նրա պորտֆոլիոյի մաս են կազմում աշխարհահռչակ համբավ ունեցող տասնյակ օծանելիքներ, ինչպես, օրինակ` Davidoff Silver Shadow-ն, Ժան-Պոլ Գոտիեի (Jean Paul Gaultier) «Male»-ը, Էլիզաբեթ Արդենի (Elizabeth Arden) «Green Tea»-ն, Լանքոմի (Lancome) «Miracle»-ը, Զորջիո Արմանիի (Giorgio Armani) «Armani Mania», Քենզոյի (Kenzo) «Kenzoki», Լանկաստերի (Lancaster) «Aquazur»-ը, Վերսաչիի (Versace) «Jeans Couture Glam»-ը, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուների մաս կազմած, սակայն լայն հասարակությանը քիչ ծանոթ բազմաթիվ բույրերի հեղինակ է:

Ֆրենսիսը 2005թ. նա հնագույն` արխիվային բաղադրատոմսերի միջոցով վերականգնել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ալեկոծված ամբոխի կողմից գիլյոտինի միջոցով գլխատված կայսրուհի Մարիա Անտուանետայի օծանելիքը, որը նրա համար ժամանակին ստեղծել էր պալատական պարֆյումեր Ժան-Լուի Ֆարժոնը (Jean-Louis Fargeon): Ֆրենսիսին այդ գործում օգնել էր Ֆարժոնի մասին նորաստեղծ գրքի հեղինակ Էլիզաբեթ դը Ֆեյդոն, ով բաղադրությունը գտել էր ազգային արխիվում: Կայսրուհին նորաձևության և շքեղ ապրելակերպի հիմնադիրն է համարվել: Ֆրենսիսի կողմից վերականգնված այդ օծանելիքը կոչվում է «Le Sillage de la Reine» ` «Թագուհու հետքը»: Բաղադրիչներից մի քանիսի չափազանց թանկ և հազվագյուտ լինելու պատճառով՝ օծանելիքը լայն մասսայական արտադրություն չունեցավ: Թվով 1000 սրվակ վաճառքի է դրվել միայն Վերսալի տարածքում, և այն հնարավոր է ձեռք բերել 1500 եվրոյով: Օծանելիքի վերականգնումից հետո Ֆրենսիսը սկսել է աշխատել ֆրանսիական մեծ թանգարանի համար «հոտավետ» ինտերիերի ստեղծման ուղղությամբ:

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը Ֆրենսիս Կուրկջյանին` օծանելիքի ստեղծման գործում ունեցած բարձր արժանիքների համար, անվանել է «Արվեստի կավալլիեր» (Chevalier des Arts et des Lettres): Ֆրենսիս Կուրկջյանն է ստեղծել հետևյալ բույրերը. Acqua di Parma Iris Nobile (2004, Francoise Caron-ի հետ), Christian Dior Eau Noire (2004), Christian Dior Cologne Blanche (2004), Davidoff Silver Shadow (2005), Demeter Holy Water, Demeter Pruning Shears, Escada Lily Chic (2000), Elizabeth Arden Green Tea (1999), Elizabeth Arden Green Tea Summer, Elizabeth Arden Spiced Green Tea, Emanuel Ungaro Appartion (2004, Francoise Caron-ի հետ), Gianfranco Ferre Ferre Rose (2007, Alexandra Jouet-ի հետ), Giorgio Armani Mania for men, Gloria Vanderbilt Reverie (2001, with Christine Nagel), Guerlain Eau de Lit (home fragrance, 2006), Guerlain Rose Barbare (2005), Indult Isvaraya (2007), Indult Manakara (2007), Indult Tihota (2007), J Del Pozo In White (2007, Violaine David-ի հետ), Jean Paul Gaultier Fleur du Male (2007), Jean Paul Gaultier Fragile (1999), Jean Paul Gaultier Gaultier2 (2005), Jean Paul Gaultier Le Male (1995), Jean-Paul Gaultier Eau d’Amour, 2008, Ligne de beautռ Monsieur (Nathalie Le Cann-ի հետ, 2008), MaDame (2008), Joop Muse (2003), Juliette Has A Gun Lady Vengeance (2007), Juliette Has A Gun Miss Charming (2007), Kenzo Kenzoki Lotus Blanc, Lancaster Aquasun (2005), Lancaster Aquazur (2004), Lancome Miracle Homme (2001), Lanvin Rumeur (2006), Christian Lacroix C’est la fՍte (Jean Jacques-ի հետ, 2007), Le Sillage de la Reine (2005, reformulation of a Jean Louis Fargeon scent), Narciso Rodriguez For Her (2003, with Christine Nagel), Narciso Rodriguez For Him (2007), Salvador Dali Purplelight (2007), Salvatore Ferragamo F de Ferragamo (2006), Versace Jeans Couture Glam (2003), Versace Versus Time for Pleasures (2002), Yves Saint Laurent Kouros Eau d’Ete (2002), Elie Saab (Le Parfum, 2011, Le Parfum, eau de toilette, 2012), Ferragamo (F by Ferragamo, 2006), Van Cleef & Arpel (Summer and Autumn, 2004), և այլն: 80-ից ավելի բույրերի հեղինակ է: 2001թ. Ֆրենսիսն արժանացել է օծանելիքի բնագավառի մեծ վարպետ Ֆրանսուա Կոտիի մեծ պարգևին: Իսկ Narciso Rodriguez-ի համար 2004թ. արժանացել է պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին:

Կարդացեք նաև

Ֆրենսիս Կուրկջյանի տարերքը ոչ միայն օծանելիքը և բույրերն են, այլև օպերային արվեստը: Նա երկու անգամ փորձել է ընդունվել Օպերայի և բալետի դպրոց: «Երբ ես փոքր էի, հայ եկեղեցի գնալու ճանապարհին անցնում էի Jean Louis Scherrer-ի, Nina Ricci-ի, Guy Laroche-ի փոքրիկ խանութների կողքով…»,-հիշում է բույրերի մեծ վարպետը: Նա այժմ էլ փորձում է օպերային արվեստի, բալետի և պարերի նկատմամբ իր սերը համադրել օծանելիքի հետ: «Dior-ի, Armani-ի կամ մասնավոր մի անձի համար պատվերով օծանելիք ստեղծելը նույնն է, ինչ ամեն անգամ նոր դեր խաղալը, կոմպոզիտորի դերը: Դա նույնն է, ինչ անձնատուր լինել բացարձակ անբնական մի բանի, ինչպիսին պարն է: Ի՞նչը կարող է լինել ավելի անբնական, քան պարը` դեպի դուրս պտտված ոտնաթաթով, դեպի ականջ բարձրացրած ոտքով: Իսկ դա այն է, ինչը պարի մոգությունն է ստեղծում: Նմանապես, գոյություն չունի մի ծաղիկ, որն այնպիսի բույր ունենա, ինչպիսին Chanel №5-ն է»,-ասում է Ֆրենսիսը: Նա օծանելիքներ է ստեղծել` նվիրված պարին, «Covent Garden» և «Opera de Paris» բալետային խմբերին: Ի դեպ, օծանելիքի պատմության մեջ նմանօրինակ դեպքեր կան, երբ հեղինակներն այդ օծանելիքը նվիրել են որևէ իրադարձության, ստեղծագործության, պատմական հաղթանակի… Օրինակ, Guerlain-ի հայտնի «Vol de nuit»-ին («Գիշերային թռիչք») նվիրված էր օդաչու Սենտ Էքզյուպերիի սխրագործություններին, «Ma Liberte»-ն («Իմ ազատությունը») Jean Patou ստեղծել է ի պատիվ Փարիզի ազատագրման, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Caron օծանելիքի տունը ստեղծեց «N’aimez que moi»-ը («Սիրեք միայն ինձ»), որոնք իրենց հարսնացուներին էին նվիրում զինվորները` պատերազմ գնալիս: Ֆրենսիսը ցանկանում է վերականգնել գեղեցիկ այդ ավանդույթը և օծանելիք ստեղծել` նվիրված տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններին:

Թեև Ֆրենսիսը բալետի ասպարեզում հաջողություններ չունեցավ, սակայն մինչ օրս օպերային արվեստի և բալետի մեծ երկրպագու է և բարերար. նա «Opera de Paris»-ի ընկերների ցանկում է և մշտապես աջակցում է, որպեսզի ներկայացումները շարունակեն իրենց գոյությունը: Չնայած այդ ամենին, միևնույն է, նա երազում է ունենալ իր բալետային պարերի խումբը:

Ֆրենսիս Կուրկջյանի արմատները

Ֆրենսիս Կուրկջյանի հայրն աշխատել է քոնսալթինգային խոշոր ընկերությունում, մայրը տնային տնտեսուհի էր: Մորական պապը դերձակ է եղել: Նա իր հարցազրույցներում երախտապարտ է իր ծնողներին, որոնց շնորհիվ կարողացել է առնչվել երաժշտության, արվեստի, բալետային արվեստի և տարբեր մարզաձևերի հետ: «Ես սովորեցի հասկանալ երաժշտությունը, պարում էի բալետի ստուդիայում, դաշնամուր էի նվագում: … Իմ ծնողները հատուկ հանդերձանքով երեկոներ էին կազմակերպում ընկերների համար: Իմ ծնողները մշտապես հարգանքով էին վերաբերվում իմ մասնագիտական, ինպես նաև՝ կյանքիս ընտրությանը, որի համար ես շատ շնորհակալ եմ նրանց»,-իր հարցազրույցներից մեկում նշում է նա: Իր զրույցներից մեկում նա պատմում է, որ հայրական կողմի պապը Ռուսաստանից մորթեղենի առևտրով է զբաղվել: Մայրական կողմի բարեկամներից շատերն արվեստի բնագավառից են եղել: Իսկ ազգականներից մեկը, ըստ Ֆ. Կուրկջյանի, 20-րդ դարի սկզբին Բաքվում նավթային բիզնեսով է զբաղվել, «Բրիթիշ Պետրոլիումի» մեջ որոշ աշխատանքներով է զբաղվել: «Իմ այդ ազգականի մականունը եղել է «Միսյո 5%»: Ինձ հայկական ոգով չեն դաստիարակել, չնայած ես խոսում եմ հայերեն: Իմ տատիկը չորս լեզու գիտեր, նրա հետ ինձ ավելի հեշտ էր շփվել հայերենով, քանի որ նա բոլորից ուշ է ֆրանսերեն սովորել: Ես իմ մասին ասում եմ` ֆրանսիացի եմ` հայկական ծագումով»,- ասում է Ֆրենսիսը` նկատելով, որ թեև ազգությամբ հայ ընկերներ քիչ ունի, սակայն իր հայկական արմատների մասին մշտապես հիշում է:

Առաջին օծանելիքը

Ֆրենսիսի ստեղծած առաջին օծանելիքը եղել է Le Male-ն, որը նա արել էր Ժան Պոլ Գոտիեի պատվերով` 1995թ.: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր: Նրա համոզմամբ` յուրաքանչյուր օծանելիք` մի բացահայտում է: «Դու պարտավոր ես բացահայտել տիեզերականը, որը քեզ չի պատկանում, ուսումնասիրել դեռևս քեզ անծանոթ լեզու: Դրանք մշտապես հուզող և հզոր էմոցիաներ են»,- ասում է նա: «Անձամբ ինձ համար օծանելիքի ստեղծման համար հիմք են հանդիսանում զգացմունքները, էմոցիաները կամ պատմությունը: Յուրաքանչյուր օծանելիքի համար ես պատկերներով նշումներ եմ կատարում` նկարագրելով տվյալ օծանելիքի կառուցվածքը: Այնուհետև ես որոշում եմ, թե որ նոտաները պետք է լինեն տվյալ կոմպոզիցիայի մեջ: Օրինակ, Cologne pour le Matin-ի նոր օծանելիքը ստեղծելիս ինձ ոգեշնչել էր Ֆրանսուազ Սագանի վեպի առաջին տողերը` «Բարև, թախիծ»: Այդտեղ նկարագրվում է գլխավոր հերոսուհու արթնանալը` արևի շողը իջնում է նրա դեմքի վրայով: Վեպի այդ հատվածն ինձ հիշեցնում էր ծնողներիս հետ այգում զբոսանքները, երբ մենք ոտաբոբիկ քայլում էինք խոտերի վրայով»,- ասում է հայազգի վարպետը:

Ֆրենսիսին մշտապես հետաքրքրել է նաև նորաձևության աշխարհը: Նա տարիներ շարունակ համագործակցում է նորաձևության աշխարհահռչակ բրենդային ընկերությունների հետ` նրանց համար նորանոր բույրեր ստեղծելով: Նրա սիրելի դիզայներներից են Azzedine Alaia-ն և Yves Saint Laurent-ը (կանացի հագուստների դեպքում) և Rick Owens-ը, Tomas Maier-ը և Hedi Slimane’s years at Dior-ը` տղամարդկանց հագուստների դեպքում: Ռոքից բացի, սիրում է լսել ցանկացած ոճի երաժշտություն: Վախենում է տխրելուց:

Բույրերի մաեստրոյի անհատական օծանելիքները

Այսպես են կոչում Ֆրենսիս Կուրկջյանին նորաձևության, օծանելիքի արտադրության ոլորտի մասնագետները: 2009թ. նա բացեց իր Օծանելիքի տունը` Maison Francis Kurkdjian: Այժմ նա էքսկլյուզիվ օծանելիքներ է ստեղծում ոչ միայն նորաձևության և օծանելիք արտադրող ընկերությունների պատվերով, այլև անհատների համար: Նա յուրօրինակ, եզակի-անհատական օծանելիքներ է ստեղծում` առաջնորդվելով պատվիրատուի նախասիրություններով, բնավորությամբ, ոճով, զգացմունքներով: Նրա ստեղծած անհատական օծանելիքների արժեքը սկսվում է 5000 եվրոյից: Նրա խանութ-սրահում կարող եք ձեռք բերել և՛ օծանելիք, ՛ բուրավետ թևնոցներ, տարբեր բուրմունքներ` անկողնու համար: Անհատական օծանելիքի պատվերի դեպքում Ֆրենսիսը պատվիրատուին է այցելում իր հատուկ շարժական ճամպրուկով, որը պարունակում է 200-ից ավելի բույրերի օրինակներ: Եվ ընդամենը երեք ամիս հետո ցանկացած մեկը կարող է ունենալ իր օրիգինալ բույրը` բոլորից տարբերվող, բացառիկ, անսպասելի և լցոնված հատուկ պատրաստված մուգ սրվակի մեջ: Սրվակները պատրաստվում են Իտալիայում` Ֆրենսիսի էսքիզների հիման վրա: Որպեսզի օծանելիքի բույրը երկար պահպանվի` չպետք է առնչվի օդի և արևի լույսի հետ: Ֆրենսիսն անհատական պատվերներով աշխատում է ոչ թե գումար աշխատելու նպատակով, այլ, որովհետև նոր բույրի, օծանելիքի ստեղծումը նրա տարերքն է: Անհատական օծանելիքի արժեքը պայմանավորված է թանկ բաղադրության մաս կազմող նյութերով, մուգ-ծանր սրվակներով, և այլն:

Ֆրենսիս Կուրկջյանն օծանելիքի աշխարհում «կուռքեր» չունի, սակայն նա մշտապես իր հիացմունքն է արտահայտում Edmond Roudnitska-ի, Ernest Beaux-ի, Francois Coty-ի և Pierre Francois Pascal Guerlain-ի աշխատանքների նկատմամբ: Այն հարցին, թե պատմական ո՞ր ժամանակաշրջան կցանկանար տեղափոխվել, Ֆրենսիսը պատասխանում է. «20-րդ դար: Թե նախկինում, թե հիմա ոգեշնչման համար ես անդրադառնում եմ Կոկո Շանելին (Coco Chanel) և Իվ Սեն Լորանին (Yves Saint Laurent): Նրանք համարում էին, որ պարֆյումը ձեռքի հինգ մատներից մեկն է: Ինձ հատկապես հիացնում է այն, որ նրանք կարողացել են իրենց ստեղծագործությունների մեջ արտահայտել ժամանակի ոգին: Նրանք համարձակություն են ունեցել խախտել գոյություն ունեցող բոլոր կանոնները, գոյություն ունեցող բոլոր ոճերից տարբերվող ոճ ձևավորել, սակայն, դրա հետ մեկտեղ՝ նրանք կարողացել են ունիվերսալ և ճկուն լինել: Դա արտահայտվեց Chanel No.5 –ով և Opium-ով, որոնք իրենց դարաշրջանն ապրելով` մինչ օրս իրենց ստեղծման ժամանակաշրջանի խորհրդանիշն են համարվում»: Լրագրողի հարցին, թե եթե հնարավորություն ստեղծվեր` ինչ հարց կտայիք նրանց, Ֆրենսիսը պատասխանել է. «Եթե ես Կոկո Շանելի և Իվ Սեն Լորանի հետ միևնույն միջավայրում լինելու հնարավորություն ունենայի, ապա պարզապես կցանկանայի իրենց լաբորատորիայում լինել, տեսնել` ի՞նչ են անում, լսեի` ինչի՞ մասին են խոսում, կփորձեի հասկանալ` ինչպե՞ս է աշխատում մարդկային հանճարը, կհետևեի գլուծգործոցի ստեղծմանը, որի վրա ժամանակը չի իշխում: Ես կցանկանայի ավելի շատ համագործակցություններ տեսնել ստեղծագործող մարդկանց միջև: Կարո՞ղ եք պատկերացնել` Շանելը, Պիկասոն և Ստրավինսկին միասին աշխատել են Դյագիլևի բալետի վրա… »:

Ս. Դյագիլևի` Մոնտե Կառլոյի Օպերայում 1911թ. ստեղծած «Ռուսական բալետի» օրինակը մշտապես ոգեշնչել է Ֆրենսիս Կուրկջյանին: Հիշեցնենք, որ Դյագիլևն իր աշխատանքներում էր ներգրավել ամենատաղանդավոր մարդկանց` խորեոգրաֆների, բալետային պարերի վարպետների: Ներկայացումների կոստյումների և դեկորացիաների հեղինակներից էին` Պիկասոն, Մատիսը, Անդրե Դերենը, Կոկո Շանելը, Նատալյա Գոնչարովան, Միխայիլ Լարիոնովը, Նաումա Գաբոն: Համագործակցում էր այդ ժամանակների լավագույն կոմպոզիտորների հետ` Ռիխարդ Շտրաուսի, Մորիս Ռավելի, Կլոդ Դեբյուսիի, Սերգեյ Պրոկոֆևի, Իգոր Ստրավինսկու, և այլոց:

Ֆրենսիս Կուրկջյանի օծանելիքները 2011թ. սեպտեմբերից արդեն վաճառվում են նաև Մոսկվայում: Ի դեպ, նա չի սիրում, երբ իրեն անվանում են «մեր ժամանակների ամենալավ քիթ», սակայն, չնայած դրան, նա, միևնույն է, օծանելիքի աշխարհում 20 հայտնի «քթերից» մեկն է համավում: 2012թ. հունիսին Փարիզում տեղի է ունեցել լավագույն օծանելիք ստեղծողների` 20-րդ հոբելյանական պարգևատրման արարողությունը` Parfums 2012, որը կազմակերպվում է Ֆրանսիայի օծանելիք արտադրողների ասոցիացիայի կողմից: Այն հեղինակավոր իրադարձություն է օծանելիքի արտադրության ոլորտում, ինչպես «Օսկարը»` կինոարտադրության բնագավառում: Ամենահեղինակավոր պարգևը ստացել է երեկոյան զգեստների հայտնի դիզայներ Էլի Սաաբըի դեբյուտային օծանելիքը` Le Parfum-ը, որի ստեղծողը հայազգի Ֆրենսիս Կուրկջյանն է: Galleries Lafayette-ը Էլի Սաաբին նվիրված մի հսկայական ինստալյացիա էր ներկայացրել այդ օրը:

Ֆրենսիսը կարողանում է իր ստեղծած օծանելիքների, բույրերի մեջ համադրել արվեստի մի քանի ճյուղեր` երաժշտությունը, նկարչությունը, գրականությունը… պերֆորմանսներ է կազմակերպում, մեծ ցուցադրություններ: Նոր բուրմունքի, օծանելիքի ստեղծումը նա կարողացավ հասցնել արվեստի մակարդակի` թե կատարողականությամբ, թե մատուցողականությամբ: Ֆլորենցիայի եկեղեցիներից մեկում 2011թ. նա հոտավետ մոմերով հրաշալի ինստալյացիա ներկայացրեց: Այժմ մտադիր է իր նախագծերից մեկով բույր հաղորդել Մոսկվայի Մեծ թատրոնի շատրվանին: Նման նախագիծ Maison Francis Kurkdjian-ն արդեն իրականացրել է Վերսալում:

Maison Francis Kurkdjian-ը, Alexander McQueen-ը և Christian Louboutin-ը պերճանքի առարկաների աշխարհահռչակ այն բրենդների շարքում են, որոնք 2012թ. սեպտեմբերին կմասնակցեն Bergdorf Goodman-ի 111-ամյա հոբելյանին։ Տոնակատարության ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ վավերագրական ֆիլմի, գրքի շնորհանդես և ավելի քան 100 էքսկլյուզիվ ապրանքների հոբելյանական հավաքածուների ցուցադրություն։ Տոնակատարությունը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին՝ Fashion’s Night Out 4-րդ ամենամյա միջոցառման ընթացքում։ Կլինեն դիզայներական ցուցադրություններ և հոբելյանական հավաքածուի ցուցադրություն։ Ներկայացված բրենդերի շարքում են Alexander McQueen-ը՝ իր թավշյա զգեստով, Christian Louboutin-ը, Oscar de la Renta-ն և Akris-ը, ինչպես նաև` 754 կոչվող էքսկլյուիվ օծանելիքը՝ ստեղծված Maison Francis Kurkdjian-ի կողմից։

 

Տեսանյութեր

Լրահոս