Դադարեք «ալիբի» ապահովել հակառակորդի որևէ այլ ուղղությամբ անզսպության համար․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալքիում գրում է․ «Ստանալով սահման ստանում ենք անվտանգություն», ասում են Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ պաշտոնական քարոզչությանը մասնակից տարբեր սուբյեկտներ:
Եթե անգամ մի կողմ թողնենք տեղի ունեցողի բուն բնույթը, որն այլ բան չէ, քան Ադրբեջանի շանտաժով և արեւմտյան «փափուկ ուժի» ճնշմամբ Հայաստանին պարտադրվող անհավասարակշիռ գործընթաց, միևնույն է՝ «ստանում ենք սահման, ուրեմն անվտանգության երաշխիք» կամ «գործուն զսպում» տրամաբանությամբ հայտարարությունները քաղաքականապես գրագետ չեն:
Ավելին, ոչ միայն գրագետ չեն, այլ նաև վտանգավոր, խոցելի:
Եվ հարցը բոլորովին այն չէ, որ առավել եւս այսօրվա փլուզվող աշխարհակարգում պարզապես ծիծաղելի միամտություն է սահմանը համարել անվտանգության հուսալի երաշխիք: Դա դնենք մի կողմ:
Ասելով, թե ստանում ենք «սահման, ուրեմն զսպում», մոտավորապես այդպես, փաստացի հակառակորդ կողմի համար «բացվում» է «անսահման անզսպության» առնվազն քաղաքական դաշտ, որտեղ «հերկելով» էլ կփորձեն ստանալ նաև ռազմական «տարածություն»:
Կարող է ստացվել, կարող է՝ ոչ, բայց, որ «քաղաքական հերկի» դաշտը բացվում է սահմանի քսան, թե քանի սյուները ֆետիշացնելով, կասկածից վեր է:
Հետևաբար, եթե անգամ համարում եք կարեւոր, գտեք այլ ձևակերպումներ և բացատրություններ, ինչը իհարկե գրեթե անհնարին է, բայց՝ դադարեք «զսպման» ալիբիով, կամա, թե ակամա «ալիբի» ապահովել հակառակորդի որևէ այլ ուղղությամբ անզսպության համար»: