Սմբատ Հովհաննիսյանի կարիերան աճում է
Տևական ժամանակ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Հիշեցնենք, դասագրքի շուրջ աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին:
Այնուհետև մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած բազմաթիվ այլ խեղաթյուրումների, սխալների, պատմությունը, փաստերը կեղծելու դրվագների մասին: Պատմաբաններն ու այլ մասնագետները հայտարարում էին՝ «Հայոց պատմության» այդ դասագիրքը թուրքական շահերի պաշտպան է, բազմաթիվ կեղծիքների ու խեղաթյուրումների հետ մեկտեղ Արցախն ու հայ առաքելական եկեղեցին, «ազգ», «հայրենիք», «հայրենասիրություն» եզրույթները գրեթե վտարված են հայոց պատմության այդ դասագրքից:
Ինչևէ, մասնագետների, ուսուցիչների անհանգստությունները արհամարհվեցին իշխանությունների, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից: Այն նույն Ժաննա Անդրեասյանի, որը դեռևս 2012-ին ունեցած հարցազրույցներից մեկում Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը անվանում էր ֆաշիստական. «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։
Այսօր արդեն առավել քան հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության պրոթուրքական, պրոադրբեջանական քաղաքականության մեջ կարևորագույն գործիք է Ժ. Անդրեասյանը, որը ոչ միայն իր հովանու տակ է առել հայոց պատմությունը խեղաթյուրող դասագրքի հեղինակներին, այլև նոր դասագրքերի մեկնարկ է տվել:
Իսկ հիմա ամենակարևորը. պարզվում է Սմբատ Հովհաննիսյանին ոչ միայն «պաշտպանում են», այլև կարիարային առաջխաղացում են ապահովում:
168.am-ի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը Սմբատ Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով նշանակվել է համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար: