Ադրբեջանը Տավուշի 4 գյուղերի գրավմամբ ստանալու է շատ ավելի մեծ տարածք. այդպես Իսրայելը գաղութացրեց Հորդանան գետի արևմտյան ափը. Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Paris Pantheon Assas համալսարանի միջազգային իրավունքի դոցենտ հետազոտող, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանի հետ:
Արթուր Խաչիկյան.- Բարև, Րաֆֆի, մեծ պատիվ է Ձեզ հետ խոսելու ևս մեկ հնարավորություն ունենալը։ Շնորհակալություն Ձեր ժամանակը մեզ տրամադրելու համար։ Այսպիսով, Բրյուսելի հանդիպման մասին խոսենք. հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն։ Արդյո՞ք հիմքեր կային բրյուսելյան հանդիպումից ավելին սպասելու, ի՞նչ եք կարծում։
Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.– Գիտեք, բավական է միայն կարդալ այն հայտարարությունը, որը Բրյուսելի հանդիպումից հետո արվեց, մասնավորապես՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, որը ԱՄՆ և Եվրամիության միասնական դիրքորոշումն արտահայտող ընդհանուր հայտարարություն էր: Այսպիսով, այդ հանդիպման նպատակն էր` աջակցություն ցուցաբերել Հայաստանի ապագային, ապագա, որը հիմնվելու է կայունության, խաղաղասիրության, անվտանգության, ժողովրդավարության և Հայաստանի բարգավաճման վրա: Ինչ վերաբերում է առաջին կետին, պետք է նշել, որ որևէ բան մեզ չեն խոստացել և անգամ ռազմական անվտանգության առումով ոչ մի խոստում չի եղել, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության անվտանգության առումով նույնիսկ ոչինչ չի նշվել, չի քննարկվել։
Բացի այդ, այս հանդիպման երկրորդ կետով, որն ընդգծվում է այս հայտարարության մեջ, խոսվում է Եվրամիության, Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ապագա համագործակցության բնագավառների մասին։ Եվ որո՞նք են համագործակցության այդ բնագավառները: Դրանք քաղաքական բարեփոխումներ են, տնտեսական զարգացումը և հումանիտար աջակցությունը՝ չակերտները բացելով, նշեմ, որ հիմնականում խոսքը վերաբերում է Ղարաբաղի փախստականներին։ Այսպիսով, ինչպես նկատում եք, մենք բավականին հեռու ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերող որևէ լուրջ և հիմնական մտահոգության փարատումից, Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի սպառնալիքը չի քննարկվում։ Ընդ որում, այս հաղորդագրության մեջ բացարձակապես խոսք չկա Ադրբեջանի մասին կամ այն սպառնալիքների մասին, որոնց հետ առճակատվում է Հայաստանն Ադրբեջանի հետ։
Ինչ վերաբերում է այս երկու քաղաքական միավորների՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից առաջարկված փաթեթին, ապա ամերիկացիները բավարարվում են նրանով, որ հայտարարում են, որ ամերիկյան օգնությունը Հայաստանին 2024 թվականին հավասար է լինելու 65 միլիոն դոլարի։ Ի՞նչ է դա նշանակում։ Անգամ այս հանդիպումից առաջ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, ամեն տարի ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) իր բյուջեից տրամադրում է շուրջ 45-50 մլն դոլար: Սա նշանակում է, որ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալի մեջ նկատելի աճ չկա։ Այս գումարը պետք է համեմատել այն գումարների հետ, որոնք ԱՄՆ-ը ծախսել է Ուկրաինայում 2022թ. պատերազմի սկզբից։ 2022 թվականի փետրվարից Ուկրաինային տրված գումարը գլխապտույտ է առաջացնում, քանի որ այդ գումարը հավասար է 113 միլիարդ դոլարի։
Սա հստակ ցույց է տալիս, որ երբ ԱՄՆ-ը ցանկանում է ռազմական առումով պաշտպանել կամ օգնել որևէ պետության, նրանք դա անում են և ապահովում են համապատասխան միջոցները։ Միակ բանը, որն անհայտ է մնում, այն է, որ եթե Թրամփը գա իշխանության տարեվերջին, ապա ամեն ինչ մի փոքր կփոխվի, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել է, որ, այո՛, ինքը կշարունակի որոշակի օգնություն տրամադրել Ուկրաինային, բայց վարկի տեսքով և ոչ թե՝ որպես նվիրատվություն, ինչն էապես փոխում է իրադրությունը։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, նրանք խոստանում են 270 միլիոն եվրոյի օգնություն 4 տարվա ընթացքում՝ 2024-ից մինչև 2027 թվականը: Սակայն պետք է ասել, որ այստեղ ևս որևէ նկատելի առաջխաղացում չկա, քանի որ 2021 թվականից հետո Եվրամիությունը Հայաստանին արդեն տրամադրել է 550 միլիոն եվրո օգնություն։ Եվ այս օգնությունը տրվել է դրամաշնորհների կամ սուբսիդիաների տեսքով՝ ծրագրերի շրջանակներում կամ երաշխիքների տեսքով. վերջիններս վերադարձի ենթակա օգնություն են։ Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե դրանք ինչ դրամաշնորհներ են, ապա նկատենք, որ դրանք ծրագրավորված սուբսիդիաներ են, այսինքն՝ որևէ ծրագրի շրջանակում երբ Եվրամիությունը 100 միլիոն եվրո է տալիս Հայաստանին, իրականում այդ գումարի մի մասը վերադառնում է Եվրամիություն, քանի որ այդ գումարից են ֆինանսավորվում Եվրամիության տարբեր պատվիրակությունների, առաքելությունների ղեկավարների կամ գնված սարքավորումների ծախսերը։
Իրականում մենք շատ լավ գիտենք, որ Եվրամիության այս օգնությունը մասամբ վերադառնում է Եվրամիությանը, իր ընկերություններին և աշխատակիցներին:
Այնպես որ, այս ամենն իրոք ծիծաղելի է, սրանք չնչին գումարներ են, և նույնիսկ հայտարարված նպատակներին՝ քաղաքական բարեփոխումներին ու տնտեսական զարգացմանը, ստեղծված իրավիճակում ոչինչ չեն տալիս։
Կարծում եմ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մեկնաբանությունները, որոնք արվել են մասնավորապես փոխքարտուղար Օ’Բրայենի կողմից, շատ ավելի հստակ են այս հանդիպման բնույթի վերաբերյալ: Եվ այսպես, Պետդեպարտամենտը նշում է, որ ԱՄՆ օգնությունն իրականում կենտրոնացած է էներգետիկ խնդիրների վրա՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը։ Ծրագրվում է ապագայում քննարկել նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Մենք կանդրադառնանք Ամերիկայի Պետդեպարտամենտի այդ հայտարարությանը, քանի որ այն բավականաչափ քննարկվել է ադրբեջանական և թուրքական մամուլում: Ավելին, թուրքական և ադրբեջանական մամուլում այս հանդիպման վերաբերյալ վերլուծություններում եզրահանգումներ կան, որ, ի վերջո, Եվրամիությունը և ԱՄՆ-ը խոսում են միայն տնտեսական ասպեկտների մասին և ոչ ավելին։
Ադրբեջանը փաստացի քննադատել է այս հանդիպման ձևաչափը՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը մեղադրելով բավականաչափ թափանցիկ չլինելու հարցում, այսինքն՝ Ադրբեջանի համար հասկանալի չէ, որ ինքը չի հրավիրվել այս հանդիպմանը: Եվ Թուրքիան, իհարկե, միացավ այս դիտողությանը։ Բացի այդ, նշում են, որ հանդիպիպումը թափանցիկ չի եղել։ Իրականում ես իսկապես չգիտեմ, թե ինչպես մեկնաբանել Ադրբեջանի այս քննադատությունը հանդիպման կազմակերպման թափանցիկության բացակայության վերաբերյալ։
Մենք հստակ տեսնում ենք, որ այս հանդիպման ազդեցությունն իսկապես շատ սահմանափակ է։ Վերադառնալով պետքարտուղարի տեղակալ Օ’Բրայենի հայտարարությանը, ով Պետքարտուղարությունում պատասխանատու է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, նա խոսում է Թուրքիայի կարևորության մասին այս տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։ Հետո ամեն ինչ ավելի պարզ է դառնում, երբ նա նշում է երկու միջանցքների ստեղծման մասին։ Առաջինը Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովին կապող տրանսպորտային միջանցք է: Սա հայտնի միջանցք է, որը բոլորն ուզում են ստեղծել Հայաստանի հարավում։ Այն թույլ կտա երկու ուղղություններով բեռների երկկողմանի փոխադրումը՝ այդպիսով հեշտացնելով առևտուրը երկու շուկաների միջև։
Քննարկվող երկրորդ միջանցքը տարանցիկ միջանցք է Սև ծովում, որը նախատեսված է Հայաստանի հարավի միջանցքի հետ կապվելու համար: ԱՄՆ-ի նպատակները հստակորեն շարադրված են Օ’Բրայենի կողմից։
Այդ միջանցքները նախատեսված են Ռուսաստանը և Չինաստանը շրջանցելու համար։ Ահա, ամեն ինչ պարզ է: Այսպիսով, ամերիկյան այս նախագծերի իրականացման համար Օ’Բրայենը նշում է, որ անհրաժեշտ է ստեղծել կայուն և խաղաղ իրավիճակ։ Ընդհանուր առմամբ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է միանշանակ ստորագրի խաղաղության պայմանագիրը և ձեռնպահ մնա այլ նախաձեռնություններից, մասնավորապես՝ վերազինման ծրագրերից։
Խաչիկյան.- Այսինքն, սա ավելի շուտ պարտությու՞ն է…
Կալֆայան.– Ո՛չ, հարցն այդպես չի դրված, խոսքը պարտվելու մասին չէ։ Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում պարզապես չունենք կոմպետենտ կառավարություն։ Եվ մենք դա գիտենք: Նրանք կարծում էին, որ հեշտությամբ կարող են կապերը խզել իրենց պատմական դաշնակիցների հետ, և, որ Արևմուտքն իրենց կտրամադրի համարժեք անվտանգության պաշտպանություն և կառաջարկի դաշինք կնքել։ Սակայն կարծում եմ, որ այս խմբի ղեկավարը, չնայած իր անմեղսունակությանը, ապրիլի 10-ին Հայաստանի Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ խոստովանեց, որ բրյուսելյան հանդիպման նշանակությունը չպետք է ուռճացնել։ Նա ասաց, որ ապրիլի 5-ի հանդիպումը չի նշանակում, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը պատրաստվում են լուծել մեր բոլոր խնդիրները։ Դա մենք պետք է լուծենք․ Սա հստակ ցույց է տալիս, որ դա պարտություն էր, և ևս մեկ անգամ Հայաստանը մենակ մնաց։ Բայց նա նույնիսկ ավելի կարևոր բան է ասում։ Նա ասաց, որ Եվրոպան և ԱՄՆ-ը երբևիցե չեն աջակցի Հայաստանին տնտեսապես կամ ռազմական ոլորտում, եթե Հայաստանն ագրեսիվ քաղաքականություն վարի։ Սա նշանակում է, որ այսօր ՀՀ-ն իրավունք չունի վերազինվելու։ Նա միայն իրավունք ունի խաղաղության պայմանագիր կնքելու։
Այսինքն՝ ՀՀ-ին թողեցին Թուրքիայի և Ադրբեջանի բարի կամքի ողորմածությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի ողորմածությանը։
Այսպիսով, կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։ Եվ Կովկասի տարածաշրջանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շատ ավելի սառը երանգների մեջ է նկարագրում ԵՄ-Հայաստան հարաբերությունները, քան դա անում է ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների պարագայում: Ապրիլի 11-ին նա ասել է՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունները դեռ երևակայության ոլորտից են: Այդ հարաբերությունները, ըստ նրա, կախված են լինելու այն քաղաքական որոշումներից, որոնք կայացվելու են Երևանում, Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում: Նույն իր այդ խոսքում Կլաարը Հայաստանին քննադատում է այն բանի համար, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններ չի ստեղծել 10 տարի առաջ: Նա հիշեցրեց, որ 10 տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը ու հեռանալ Ռուսաստանից: Իսկ Տոյվո Կլաարը, խոսելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին, երբ իրեն հարցրեցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, գնդակը նետեց Հայաստանի ու հայ ժողովրդի դաշտը՝ ասելով՝ դա նրանք պետք է որոշեն: Դա պարզ ցույց է տալիս, որ նա առավելագույնս ճնշում է գործադրում Փաշինյանի վրա, որպեսզի նա ընդունի այդ որոշումն ու խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, և որևէ հույս չփայփայի, որ Հայաստանը կարող է խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց: Ընդհանուր իրավիճակն այն է, որ Հայաստանի վրա մեծ ճնշում է գործադրվում, խոստանում են ծիծաղելի գումարներ, հատկապես պնդում են, որ Հայաստանն իր զինուժը չվերազինի, ստորագրի խաղաղության պայմանագիր, բայց չեն տալիս որևէ երաշխիք, որ Հայաստանին կտրամադրվի ռազմական պաշտպանություն:
Խաչիկյան.- Ամփոփելով՝ արձանագրենք, որ անվտանգության երաշխիքների մասին չխոսվեց:
Կալֆայան.- Ո՛չ…
Խաչիկյան.- ՆԱՏՕ-ին միանալը չքննարկվեց…
Կալֆայան.- Բացարձակ ո՛չ…
Խաչիկյան.- Եվրոպական միության մեջ մտնելու մասին խոսք չի գնում, Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձն իրենց տներ նույնպես չի քննարկվում…
Կալֆայան.- Այո՛, դրա մասին խոսելը շատ կարևոր է, քանի որ Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն այլևս բացարձակապես չի քննարկվում: Առնվազն, երբ նրանք ասում են, որ խաղաղությունը կախված կլինի նրանից, որ Հայաստանն այլևս որևէ ագրեսիվ քաղաքականություն չվարի, դա նշանակում է, որ վերադարձի հարցի քննարկումը կարող է դիտվել՝ որպես ագրեսիվ քաղաքականություն…
Խաչիկյան.- Այսինքն՝ երբևիցե չի ընդունվել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում:
Կալֆայան.- Ո՛չ… Չի ընդունվել…
Խաչիկյան.- Քանի որ Պետդեպն ու պարոն Օ’Բրայենն ասել են՝ մենք չգիտենք՝ արդյո՞ք սա էթնիկ զտման օրինակ էր, վստահ չենք այն հարցում, թե ինչու են հայերը դուրս եկել Ղարաբաղից: Հիմա հարցը փակվեց, դրա մասին այլևս չենք խոսում, էթնիկ զտումն ընդունվել և լեգիտիմացվել է, և հարցը լուծվել է: Դուք միջազգային իրավունքի մասնագետ եք: Ինչո՞ւ միջազգային իրավունքը չի հիշվում ու չի կիրառվում, երբ խոսքը գնում է մեր մասին, բայց այն կիրառվում է, երբ խոսքը գնում է, օրինակ՝ նախկին Հարավսլավիայի մասին, մասնավորապես՝ Կոսովոյի նախադեպում: Ինչո՞ւ մեր դեպքում չի կիրառվում միջազգային այդ բավականին կարևոր նախադեպը:
Կալֆայան.- Պետք չէ այդ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա: Դրա համար պատասխանատվությունը լիովին կրում է հայկական կողմը: Եթե Հայաստանը չունի դիրքորոշում միջազգային իրավունքի կիրառելիության վերաբերյալ և միջազգային հանրությանը չի ներկայացնում արդեն մի քանի ամիս տևող միակողմանի զիջումները, պետք չէ ուրիշների վրա պատասխանատվություն բարդել այս պարտության համար: Եկեք մոռանանք Հարավսլավիայի մասին: Մենք բոլորս գիտենք, որ Հարավսլավիան մի օրինակ էր, որտեղ դեր էր խաղում Եվրոպայի՝ Հարավսլավիայում ռուսական ազդեցությունը թուլացնելու ձգտումը: Բայց նայեք, թե ինչ է տեղի ունենում Պաղեստինում: Մեր աչքերի առաջ տեղի է ունենում ցեղասպանություն. այնտեղ մի ողջ բնակչություն սովամահ է լինում, ոչնչացվել է Պաղեստինի ողջ տարածքը, և Արևմուտքը չի խոսում ցեղասպանության մասին: Մի խումբ երկրներ հանցակից են կատարվողին, և իսկապես միջազգային իրավունքն իր դերը չի խաղում: Սա պարզ է: Բայց դա պատճառ չէ, որ Հայաստանը հրաժարվի այդ ուղղությամբ աշխատանք տանելուց, որովհետև տեղի է ունեցել էթնիկ զտում, և դա կարելի է ապացուցել: Ավելի դժվար կլինի ապացուցել, որ դա ցեղասպանություն էր, ինչը հակասում է հայկական ոչ կառավարական կազմակերպությունների, ՀԿ-ների դիրքորոշմանը, բայց էթնիկ զտում միանշանակ եղել է, ու դա արդեն հանցագործություն է մարդկության դեմ, ու սա բավարար է:
Խաչիկյան.- Ցավոք սրտի, ես Ձեզ հետ բացարձակ համաձայն եմ: Ուրեմն առաջ է գալիս հետևյալ հարցը՝ ով է ում խաբել: Արդյո՞ք դա մեր կառավարությունն էր, որը սխալ հասկացավ Արևմուտքի մտադրությունները, կամ դա Արևմուտքն է, որը խաբել ու սին հույսեր է տվել մեր կառավարությանը: Ձեր կարծիքով՝ ո՞վ է պատասխանատու այդ ստի համար:
Կալֆայան.- Չգիտեմ՝ իսկապես կարելի՞ է խոսել ստի մասին:
Կարծում եմ՝ ամենը միասին: Սրա մասին դավադրությունների տարբեր տեսություններ կան: Ամեն դեպքում իմ կարծիքը միանշանակ է: Վերջին տարիներին պատահածի պատասխանատվությունը լիովին հայկական կառավարության վրա է: Ես առաջիններից մեկն էի, ով քննադատում էր նախկին իշխանություններին երկրի ղեկավարման թերությունների համար ներքին կյանքում: Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, շատ բան չկա ավելացնելու: Նրանց հաջողվում էր հավասարակշռություն պահպանել: Ղարաբաղի խնդիրը չէր հանգուցալուծվել, բայց նրանց հաջողվում էր հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ հարաբերությունների միջև, ինչը թույլ էր տալիս պաշտպանել Ղարաբաղը: Ցավոք սրտի, այն կառավարությունը, որն իշխանության եկավ 2018թ., անկասկած, արևմտյան հիմնադրամների օգնությամբ, դա կարողացավ անել այդ հիմնադրամներից ֆինանսավորվող տեղական ՀԿ-ների միջոցով:
Խաչիկյան.- Արդեն 6 տարի է, որ այս իշխանությունը և արևմտյան ֆոնդերից ֆինանսավորվող նրա քարոզիչների թիմը մեզ բազմաթիվ խոստումներ է տալիս, որ դեմոկրատական աշխարհը կգա մեզ փրկելու, մեզ կպաշտպանի, որ միջազգային հանրությունը կմիջամտի, խոսում էին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարի մասին, այն մասին, որ Ֆրանսիան կգա, մեզ կփրկի, ԱՄՆ-ը մեզ կփրկի: Մենք բազմաթիվ խոստումներ ու ստեր լսեցինք: Որտեղի՞ց է դա գալիս: Արդյո՞ք մենք կարող ենք մեղադրել Արևմուտքին, որ նրանք ֆինանսավորում են այս ստի քարոզչությունը, որը մեզ հասցրեց նոր կապիտուլյացիայի: Արդյո՞ք սա Արևմուտքի մեղքն է, որովհետև Արևմուտքը ֆինանսավորում է այս ստի քարոզչությունը: Կամ գուցե դա մեր հասարակությա՞ն մեղքն է, որ չենք ուզում այդքան միամիտ չլինել: Ու մենք վերադարձանք 1920 թ.: Սա բացարձակ նույն իրավիճակն է: Ինչո՞ւ մենք այս զառանցանքը չենք կարողանում փոխել մեր գլխի մեջ, որտեղի՞ց է գալիս այդ ֆանտազիան:
Կալֆայան.- Գիտեք, այս հարցի վերաբերյալ ես մի կարծիք ունեմ, որը շատերին դուր չի գա: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանության վերնախավում շատերը կան, ովքեր այլևս չեն հավատում Հայաստանի ապագային: Պրոբլեմն առաջին հերթին այդտեղից է գալիս: Սա մի չարիք է, որից պետք է ազատվել, քանի որ, եթե վերնախավերն այլևս չեն հավատում Հայաստանի ապագային, նրանք չեն կարող ժողովրդին համոզել դրա մեջ: Սփյուռքի գոյությունն աջակցում է այս երևույթին: Յուրաքանչյուր հայաստանցի մտածում է անելանելիության դեպքում արտագաղթելու մասին, որ կարելի է միշտ էլ գնալ, ուրիշ երկրում ապրել: Մարդիկ տոտալ հրաժարվում են հայրենասիրությունից և չեն հասկանում սեփական հայրենիք, պետություն ունենալու կարևորությունը: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ եթե մենք կորցնենք մեր հայրենիքը, կկորցնենք Սփյուռքում հայ մնալու հնարավորությունը, կձուլվենք, որովհետև չենք ունենա գաղափարախոսություն: Ես իսկապես կարծում եմ, որ Հայաստանում մենք ունենք գաղափարախոսական խնդիր: Եվ քարոզչությամբ զբաղվող վերոհիշյալ կազմակերպությունները չեն օգնում լուծել այս խնդիրը:
Խաչիկյան.- Համաձայն եմ Ձեզ հետ լիովին: Դուք արդեն պատասխանեցիք միջանցքին, Խաղաղության խաչմերուկին վերաբերող հարցին: Դուք գիտեք՝ սա հիմա մի նոր քարոզչական նախագիծ է, որի մասին շատ ենք լսում: Որտեղի՞ց է գալիս Խաղաղության խաչմերուկի գաղափարը: Արդյո՞ք նա ծառայելու է Հայաստանի կամ նրա հարևանների, կամ Արևմուտքի շահերին:
Կալֆայան.– Տեսե՛ք, ես քիչ առաջ դրա մասին խոսեցի: Սա այն պրոյեկտն է, որը նկարագրել է Պետդեպի փոխքարտուղար Օ’Բրայենը: Դրա նպատակն է՝ բացել Արևելք-Արևմուտք կոմունիկացիաները: Այլևս չի խոսվում Հյուսիս-Հարավ կոմունիկացիաների մասին: Ինչպես ես գրել էի «Armenian mirror» պարբերականում հրապարակված իմ հոդվածում, այս պրոյեկտն արդեն տապալվել է, քանի որ առանց Իրանի ու Ռուսաստանի՝ այն գոյություն ունենալ չի կարող: Խաղաղության խաչմերուկի նախագիծն ընդգրկում էր նաև Հյուսիս-Հարավ առանցքը, սակայն ԱՄՆ-ի շահերին դեմ էր Ռուսաստանի ու Իրանի՝ այս նախագծին մասնակցությունը, և այն տապալվեց: Հիմա լեյտմոտիվն Արևելք-Արևմուտք կոմունիկացիաներն են:
Խաչիկյան.- Ո՞րն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի նպատակը:
Կալֆայան.- Կարծում եմ՝ դա համապատասխանում է եվրոպացիների ու ամերիկացիների վարած քաղաքականության ուղղությանը՝ շատ աղմկել ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ Հայաստանի բնակչությանը համոզելու համար, որ իրենք այստեղ են, և Հայաստանը հանգիստ կարող է հեռանալ Ռուսաստանից: Եվ սրանով գործընթացը սահմանափակվում է, քանի որ ոչ ոք չխոսեց Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորության մասին: Եվ, ի դեպ, ոչ ոք Արևմուտքից չի հորդորում, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:
Խաչիկյան.- Բայց տեղի քարոզիչներն արդեն 6 տարի մեզ ասում են՝ այն վայրկյանին, երբ դուք դուրս կգաք Ռուսաստանի հետ ձեր դաշինքից, դուք կարող եք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: 6 տարի է՝ մենք դա լսում ենք իրենցից: Եվ նրանք շատ լավ ֆինանսավորվում են:
Կալֆայան.– Բայց դա անհեթեթություն է, բացարձակ սուտ: Արևմուտքի կողմից չկա որևէ հայտարարություն այս ուղղությամբ: Ավելին, Պենտագոնի ուղեղային կենտրոնները Հայաստանին բացահայտ ձևով ասում են՝ լավ մտածե՛ք, թե դուք ինչ եք անելու, քանի որ եթե դուք դուրս գաք ՀԱՊԿ-ից, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Արևմուտքը չեն փոխարինելու ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:
Խաչիկյան.- Այո՛, ես խոսեցի «ՌԵՆԴ» կորպորացիայի հետազոտողների հետ, և նրանք շատ ազնիվ էին, ու ես դա շատ հարգում եմ: Նրանք գոնե ստեր չեն պատմում, բայց իմ պատասխանը նրանց հետևյալն է՝ ուրեմն այս դեպքում մի՛ ֆինանսավորեք մեր երկրում տեղի ունեցող քարոզչության պրոպագանդան, որը մեզ ուղիղ հակառակն է ասում: Ուրեմն պետք է դադարեցնել այդ մարդկանց ֆինանսավորումը:
Կալֆայան.– Թե ինչու են նրանք շարունակում ֆինանսավորել այս քարոզչության արշավը, շատ պարզ է: Դա թույլ է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս երկար մնա իշխանության, որովհետև նա այն մարդն է, որ Արևմուտքին թույլ է տալիս իրագործել իրենց պրոյեկտը, որն է՝ որ Հայաստանն ամեն գնով խաղաղության պայմանագիր ստորագրի Ադրբեջանի հետ ու ստեղծի այդ առևտրային միջանցքը Կենտրոնական Ասիայի ու Միջերկրական ծովի միջև: Այս անձը նրանց երաշխիքն է, որ այս պրոյեկտը կհասցվի ավարտին, անգամ, եթե դրա համար անհրաժեշտ լինի զոհաբերել Ղարաբաղը և անգամ՝ Հայաստանը:
Եթե այս անձը շարունակի իր քաղաքականությունը, նրա վերաբերյալ հարցեր պետք է առաջանան: Ես չգիտեմ՝ Դուք արդյո՞ք կարդացել եք օրեր առաջ հրապարակված՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որում բացակայում է դիվանագիտական լեզուն: Նա ուղիղ տալիս է այն անձի անունը, ով պատասխանատու է ամեն ինչի համար, որը մեզ հետ կատարվում է արդեն մի քանի տարի: Եվ նա ասում է՝ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը պետք է դադարեցնի սատարել այս անձին: Հայաստանի հասարակությանը պետք է ուղիղ ասել՝ այդ անձը միակը չէ, ով պատասխանատվություն է կրում: Բոլոր այն մարդիկ, որոնք շարունակում են նրան քաղաքական աջակցություն ցուցաբերել, նրանք էլ են կրում պատասխանատվություն, և հատկապես՝ բոլոր ՔՊ-ական պատգամավորները: Նրանք նույն չափով պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար, որքան այս անձը:
Խաչիկյան.- Դուք ինչպե՞ս եք կարծում՝ այս մարդիկ հասկանո՞ւմ են, որ իրենք ձախողել են, որ սա պարտություն է, և, որ իրենց տված բոլոր խոստումները սուտ դուրս եկան: Ես փորձում եմ պատկերացնել: Դուք գնում եք Պրահա, Ղարաբաղն այնտեղ ճանաչում Ադրբեջանի մաս, բայց Ձեզ պետք է գոնե ինչ-որ բան խոստացած լինեին նախագահ Մակրոնը կամ մեկ այլ մարդ: Պետք է ասեին՝ Ղարաբաղի փոխարենք՝ ձեզ սա ենք առաջարկում: Նա ի՞նչ է ստացել այնտեղ, ո՞րն է այդ մեկ բանը: Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, բայց ի՞նչ ստացանք նրա փոխարեն: Եվ հիմա նա պետք է հասկանա, որ ձախողել է ամեն ինչ: Բայց արդյո՞ք նա հիմա փորձելու է շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դուք նախորդ անգամ ասացիք, որ ինքնասպանություն կլիներ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը:
Կալֆայան.– Այո՛:
Խաչիկյան.- Ամերիկացի փորձագետները նույն բանն են ասում: Արդյո՞ք հիմա նրանք փորձելու են փոխել քաղաքականությունն ու շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Արդյո՞ք նրանք կհասկանան, որ իրենց խաբեցին:
Կալֆայան. -Ես կարծում եմ՝ ինչպես Դուք, ես, ուրիշ քաղաքական մեկնաբաններ փորձում ենք Հայաստանի ղեկավարությանը հասկացնել, թե ինչ ուղղությամբ նրանք պետք է գնան: Կարծում եմ՝ այն 3 անձինք, որոնք հիմա գտնվում են իշխանության ղեկին, այն աստիճանի անադեկվատ, չափազանց հեռուն գնացող հայտարարություններ են արել Ռուսաստանի դեմ, որ Ռուսաստանի համար հիմա դժվար կլինի այդ ամենից հետո իրենց հետ գործ ունենալ: Ակնհայտ է, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն: Ինձ համար դժվար է տեսնել, թե մենք ինչպես կարող ենք վերականգնել կամ շտկել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Սա պարադոքս է, բայց այս խմբի ղեկավարն ավելի զուսպ է, քան նրա երկու օգնականները: Իրենց մեջ ինչ-որ տարօրինակ խաղ է տեղի ունենում: Նրանց ղեկավարն ավելի զուսպ է խոսում, ինչը բացատրվում է նրանով, որ նա փորձում է վերականգնել հարաբերությունները 2 սուվերեն պետությունների միջև: Նա միշտ ասել է, որ ինքը փորձում է դուրս գալ վասալական հարաբերություններից, բայց դա անում է շատ անշնորհք, փնթի ձևով: Հնարավորություն կա նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, բայց ոչ այն քաղաքականության հետ զուգահեռ, որը 100%-ով արևմտամետ է: Սա դիվանագիտություն չէ:
Խաչիկյան.- Այս հակառուսական արշավը մինչև ո՞ւր է գնալու, մեզ ո՞ւր է հասցնելու: Վերջին անգամ մենք խոսում էինք «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին: Հիմա խոսում են Գյումրիի ռուսական ռազմաբազայի ու մեր սահմաններին տեղակայված ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին: Դուք կարծում եք՝ նրանք այդքան հեռուն կգնա՞ն, և ինչպիսի՞ն կլինեն դրա հետևանքները:
Կալֆայան.– Մենք լիրիկական բաների մասին ենք խոսում: Մինչև հիմա ես չեմ տեսել ռուսական ռազմաբազայի փակումը պահանջող պաշտոնական հայտարարություն: Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, կարծում եմ՝այդ հարցն առայժմ օրակարգում չկա: Գուցե քարոզիչները դրա մասին խոսում են, բայց ես չեմ կարծում, որ դա իրական հնարավորություն է:
Խաչիկյան.- Համաձայն եմ: Վերջին անգամ մենք խոսում ենք Եվրոպայից Հայաստանին տրամադրվող օգնության մասին, և Դուք ասացիք՝ եթե ուզում եք գնահատել Հայաստանին տրվող օգնության հնարավորությունը, հետևեք, թե ինչպես է Ֆրանսիայի պառլամենտում քննարկվում Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ: Արդյո՞ք Ֆրանսիայի պառլամենտն ընդունել է, որ պետք է շարունակել այնտեղ Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնություն և մատակարարել զինատեսակներ: Վերջին անգամ խոսք է գնացել 5 միլիարդ եվրո և 61 միլիարդ դոլար գումարի մասին: Ու հիմա գումարը հասել է մոտ 300 միլիարդի:
Կալֆայան.- ԵՄ-ն 2022թ. փետրվարից 88 միլիարդ եվրո օգնություն է տրամադրել Ուկրաինային, ԱՄՆ-ը՝ 113 միլիարդ: Այս պահին ամերիկյան օգնությունը չի ընդունվել Կոնգրեսում: Այն առայժմ արգելափակված է հանրապետականների կողմից: Եվ այդ պատճառով Դոնալդ Թրամփը նոր, 60 միլիարդանոց փաթեթի համար պայման է դրել՝ ասելով՝ եթե ինքը լիներ իշխանության, այդ օգնությունը կլիներ՝ որպես վարկ, այլ ոչ թե՝ չփոխհատուցվող օգնություն: Այսինքն՝ սա պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ փոփոխություններ կարող են լինել ԱՄՆ Կոնգրեսում այս փաթեթի քննարկման ընթացքում: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի օգնությանն Ուկրաինային, այն շատ մինիմալ է, հասնում է մոտ 3.7 միլիարդ եվրոյի, իսկ ԵՄ խողովակներով ստացվող օգնությանը Ֆրանսիան ավելի շատ գումար է տրամադրում: Ինչ վերաբերում է Հայաստանին տրամադրվող օգնությանը, մինչ այսօր Ֆրանսիան շատ քիչ բան է տվել Հայաստանին: Եվ ինչպես տեսնում ենք, զենքը, որի կարիքն ունի Հայաստանը, կոնվենցիոնալ զսպման զինատեսակներն են: Միակ զինատեսակները, որ մեզ այսօր կարող են արդյունավետ պաշտպանել, հեռահար հրթիռներն են, որոնք կարող են Ադրբեջանում թիրախներ խոցել, բայց դրանց տրամադրման մասին խոսք չի գնում: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դեմ կլինեն, որ Ֆրանսիան այդպիսի զինատեսակներ տրամադրի Հայաստանին:
Խաչիկյան.- Ի դեպ, օրեր առաջ նախագահ Մակրոնը հայտարարել էր, որ ինքը քննարկում է ֆրանսիական զինուժի՝ Ուկրաինայում տեղակայման հնարավորությունը, ասել, որ գուցե 2000 ֆրանսիացի զինվոր կուղարկի Ուկրաինա: Դրանից հետո խոսվել է այն մասին, որ լեհերը, Բալթյան երկրները նրանց կմիանան: Դա մեզ ո՞ւր կտանի, քանի որ կար ռուսների պատասխանը: Մի ռուս քաղաքական գործիչ կար, ով շատ լավ ֆրանսերեն խոսում էր, ի պատասխան ֆրանսիացի լրագրողի հարցի՝ ի՞նչ կանեք այդ դեպքում, ասաց՝ մենք նրանց կսպանենք: Սա մեզ ո՞ւր կտանի, եթե հաշվի առնենք, որ Պուտինն էլ ասել է՝ մենք ունենք միջուկային զենք, ու եթե մենք այդ զենքն ունենք, ուրեմն այն մի օր կարող է օգտագործվել: Արդյո՞ք նախագահ Մակրոնը կամ Եվրոպան փոխել են իրենց կարծիքն իրավիճակի վերաբերյալ, թե՞ մենք կտեսնենք ավելի հուժկու էսկալացիա, որն աշխարհը կտանի դեպի միջուկային պատերազմ:
Կալֆայան.– Այդ դեպքն արդեն անցյալում է և արդեն մոռացված: Նախագահ Մակրոնի դեկլարացիայից հետո նրա այդ հայտարարությունը հերքվել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների պետությունների մեծամասնության կողմից: Այսինքն՝ դա ուղղակի մի փոքրիկ բլեֆ էր: Բայց այդ հայտարարությունը պետք է դիտարկել Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Ֆրանսիայի հասարակական կարծիքի կոնտեքստում: Նախագահ Մակրոնը ներքին քաղաքական կյանքում հիմա շատ վատ իրավիճակում է գտնվում: Մեծամասնություն չունի Պառլամենտում, չի կարողանում շարունակել իր բարեփոխումները, նրա վարկանիշը շատ ցածր է, հասարակությունում մեծ դժգոհություններ կան, և նա մեծ պարտություն կկրի առաջիկա համաեվրոպական ընտրություններում: Նրա համար պարզապես ուզում էին ստեղծել ռազմական ղեկավարի կերպար: Այդ ագրեսիվ հայտարարությունների 2-րդ պատճառն այն էր, որ Ֆրանսիան դուրս մղվեց որոշ աֆրիկյան ֆրանկոֆոն երկրներից: Դա իրականում Ֆրանսիայի դուրսմղումն էր իր ավանդական ազդեցության գոտիներից: Եվ Ռուսաստանի Վագները զբաղեցրեց ֆրանսիական զինվորների տեղը: Դա բավականին վրդովեցրել է ֆրանսիական ռազմական ուժերին: Այսինքն՝ Մակրոնի այդ հայտարարությունները պետք է հասկանալ այդ կոնտեքստում:
Խաչիկյան.- Հասկանալի է: Այսինքն՝ եթե ամփոփենք, Բրյուսելյան հանդիպումը հայերի նոր կապիտուլյացիան էր: Մեզ որևէ երաշխիք չտվեցին, որևէ խոսք չի գնում ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամ դառնալու, վիզաների ազատականացման մասին: Այսինքն՝ բոլոր խոստումները սուտ դուրս եկան: Հիմա խոսք է գնում Հայաստանի հյուսիս-արևելքի 4 գյուղերին պատկանող տարածքների մասին: Այս խմբի ղեկավարն առաջարկում է դրանք զիջել Ադրբեջանին, բայց եթե մենք դրանք հանձնենք Ադրբեջանին, հնարավոր է, որ մենք խուսափենք պատերազմից, իսկ եթե չզիջենք, հաստատ պատերազմ լինելու է: Հայաստանի բնակչությունը շփոթահար է, քանի որ մենք երբեք նախկինում չենք լսել, որ երկրի ղեկավարը կարող է նման կերպ խոսել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նա այսպիսի հայտարարություն անում, ո՞րն է լինելու սրա հետևանքը: Եթե մենք զիջենք 4 գյուղ, ապա՝ ևս 4-ը, հետո Ադրբեջանը բարձրացնելու է Սյունիքի միջանցքի հարցը: Արդյո՞ք եթե մենք շարունակենք զիջել տարածքները, կարող ենք մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Ինչո՞ւ է մեր ղեկավարը նման հայտարարություններ անում:
Կալֆայան.– Նա փորձում է փախչել իրականությունից: Նրա նպատակն է՝ այնպես անել, որ չթվա, թե ինքը պարտություն կրեց: Դրա համար պետք է ասի՝ պետք է ցանկացած գնով ձգտել խաղաղության: Իսկ դա նշանակում է՝ ենթարկվել Ադրբեջանի բոլոր պահանջներին: Նրա փաստարկն այն է, որ այդ 4 գյուղը Խորհրդային Հայաստանի մաս չէին կազմում: Սակայն խորհրդային ժամանակներում այս երկու հանրապետությունների միջև կոնֆլիկտ չկար: Եվ ինչպես նշում են որոշ հայ վերլուծաբանններ, 4 գյուղերը զիջելու դեպքում տեղի է ունենալու նույն բանը, ինչ տեղի ունեցավ գաղութատիրական ժամանակաշրջանում Հորդանանում, երբ գաղութացվեցին Հորդանանի որոշ հատվածներ, իսկ դրանից հետո փակվեցին ճանապարհները:
Այսինքն՝ Ադրբեջանը, ստանալով այդ 4 գյուղերը, վերահսկողություն կստանա շատ ավելի մեծ տարածքի վրա, քանի որ որոշ ճանապարհներ այլևս հասանելի չեն լինի Հայաստանի համար: Իրականության մեջ այս 4 գյուղի գրավմամբ Ադրբեջանը ստանալու է շատ ավելի մեծ տարածք: Հենց այս կերպ Իսրայելը գաղութացրեց Հորդանան գետի արևմտյան ափը: Այնտեղ բոլոր ճանապարհները հիմա Իսրայելի վերահսկողության տակ են: Սա տարածքների զավթման հանրահայտ մեթոդ է: Եվ ես կարծում եմ, որ Ձեր հարցի պատասխանը գտնվում է այն հայտարարության մեջ, որ այս խմբի ղեկավարն արեց օրեր առաջ, երբ ասաց՝ երբ ճանաչենք Սովետական Հայաստանի տարածքը, Ադրբեջանը կճանաչի մեր տարածքային ամբողջականությունը:
Այսինքն՝ նա մեկ անգամ ևս հանդես է գալիս թույլի դիրքերից: Նա կարծում է, որ եթե մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կճանաչի մերը, ինչը բացարձակ սխալ է, քանի որ Ադրբեջանն անգամ իր սահմանադրությամբ չի սահմանափակում իր տարածքը Սովետական Հայաստանի սահմաններով: 1991թ. ընդունված Ադրբեջանի սահմանադրությունը մերժում է ողջ խորհրդային ժառանգությունը: Այն հռչակում է Ադրբեջանի Հանրապետությունը՝ առանց հաշվի առնելու այն սահմանները, որոնք նշվել են խորհրդային ժամանակներում: Սա միակողմանի խաղ է: Հայաստանի կառավարությունը պաշտպանում է մի խաղաղության պայմանագիր, որը մենք երբեք չենք ունենա, որովհետև այն հիմնվում է մի բազայի վրա, որն Ադրբեջանի համար գոյություն չունի: Ադրբեջանի համար Հայաստան գոյություն չունի, այն իրենց է պատկանում։
Խաչիկյան.- Ի դեպ, արդեն կան Հայաստանի՝ 300-1000 քկմ տարածքներ, որոնք օկուպացված են Ադրբեջանի կողմից: Մենք հանձնեցինք Ղարաբաղը: Մեզ խոստացան, որ դրանից հետո մենք խաղաղ կապրենք, բայց տեսանք, որ դա էլ չիրագործվեց: Չգիտեմ՝ գիտե՞ք, թե՞ ոչ, բայց եվրոպացի դիտորդները խուսափել են նշված գյուղեր գնալ ուղիղ ճանապարհով, շրջանցել են այն՝ ասելով՝ սա Ադրբեջանի տարածք է: Ի դեպ, Google-ի քարտեզների վրա այս գյուղերն արդեն ունեն ադրբեջանական անուններ:
Կալֆայան.- Այո՛, և այս ամենն ուրիշների պատասխանատվությունը չէ: Սա հենց մեր պատասխանատվությունն է, մեղավորը մենք ենք: Անգամ այն փաստը, որ հայոց պետության ղեկավարն անում է այսպիսի հայտարարություններ, իր ժողովրդից պահանջում է գնալ այսպիսի զիջումների, թուլության խոստովանություն է, և սա ավելի մեծ վստահություն կհաղորդի Ադրբեջանին, որ նա էլ ավելին պահանջի: Մենք հիմա քննարկում ենք բաներ, որոնք անգամ պետք չէ քննարկել: Սա այն նույն տրամաբանությունն է, որով պահանջում են, որ մենք հետ կանչենք Ադրբեջանի դեմ մեր բոլոր միջազգային հայցերը: Անգամ դրա բարձրաձայնումը թուլացնում է մեր դիրքերը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում՝ այդ գործերով վճիռներ հրապարակելուց առաջ: Սա տոտալ սաբոտաժ է: Կամ արվում է դիտավորյալ, կամ կապված է անմեղսունակության հետ, ես չգիտեմ:
Խաչիկյան.– Այո՛, հարցը դրանում է: Սա ինձ հիշեցնում է Մյունխենի 1938թ. կոնֆերանսը, երբ խաղաղություն էին աղերսում Հիտլերից Չեմբեռլենն ու Ֆրանսիայի վարչապետ Դելեդիեն:
Կալֆայան.– Այո՛…
Խաչիկյան.- Տեսությունն այն էր, թե եթե մենք զիջենք Չեխոսլովակիան, Հիտլերը կանգ կառնի: Իրականում նա, իհարկե, կանգ չառավ, շարունակեց դեպի Լեհաստան, Սկանդինավյան երկրներ:
Վերջին հարցս ատոմակայանի մասին է: Դուք նշեցիք, որ ամերիկյան հայտարարության մեջ խոսվում է մեր ատոմակայանը փակելու մասին, և իրենց մտադրությունն այն է, որ այն փոխարինեն ավելի փոքր ատոմակայանով: Ինչո՞ւ են ամերիկացիները դա ասում, ո՞րն է նրանց շահը մեր ատոմակայանը փակելու մեջ:
Կալֆայան.– Մեծամորի ատոմակայանը փակելու նախագիծը հիմնականում եվրոպացիների պահանջն է, ովքեր, արդեն մոտ 30 տարի է՝ պահանջում են փակել այն: Սա եվրոպական օրակարգ է: Եվ նրանք չեն ուզում, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցի, անգամ, եթե Ֆրանսիան վերջերս ձև արեց, որ հետաքրքրված է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մեջ: Այս ամենն արվում է ռուսների նյարդերի վրա խաղալու համար, քանի որ ռուսներն արդեն երկար ժամանակ պատրաստ են Հայաստանում նոր ատոմակայան կառուցել: Ամերիկացիները պարզ չեն ասում, որ ուզում են Հայաստանում նոր ատոմակայան կառուցեն: Նրանք ասում են, որ պատրաստ են ուսումնասիրել նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը:
Վտանգավորն այն է, որ սրանք սոսկ օդից վերցրած խոստումներ են: Այսինքն՝ Հայաստանին փորձում են հասկացնել՝ լավ կլինի, որ նա փակի իր ատոմակայանը, և այդ ժամանակ կքննարկվի նոր ատոմակայանի կառուցման հարցը: Ատոմակայանի հարցը կարող է լուրջ պրոբլեմ լինել, քանի որ, այո՛, ժամանակն անցնում է, ու այն «ծերանում է», բայց ատոմակայանը փակելու պահանջը ևս մեկ միջոց է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու համար: Ես բացատրեմ: Ճիշտ է ասել, որ այսօր չեն կարող ռմբակոծել Հայաստանի այդ հատվածը՝ հենց այդ ատոմակայանի ներկայությամբ պայմանավորված: Ատոմակայանի շահագործումը դադարեցնելուց, այն փակելուց հետո հակառակորդն ավելի քիչ վերապահումներ կարող է ունենալ Հայաստանի վրա հարձակվելու համար: Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը: Սա հիշեցնում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը: Այնտեղ կա միջազգային կոնսենսուս, ներառյալ՝ ռուսներն ու ուկրաինացիները, որ ձեռք չտան այդ տարածաշրջանին: Եվ եթե մենք երբևիցե փակենք Մեծամորի ատոմակայանը, այդ կոնսենսուսի կարիքը չի լինի:
Խաչիկյան.- Այո, կամ պետք է կայծակնային արագությամբ գրավել այդ տարածքը:
Կալֆայան.- Այո՛, դա պետք է շատ արագ անել:
Խաչիկյան.- Ո՞րն է ելքը մեր ժողովրդի համար: Մեր ժողովուրդը մոլորված է, հուսահատված, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն: Եվ Դուք շատ ճիշտ եք ասում, որ մի մասը մտածում է միայն արտագաղթելու մասին: Ո՞րն է ելքը:
Կալֆայան.– Ես չեմ կարծում, որ հիմա պետք է հրաշք լուծումներ փնտրել: Մի բան է պետք անել՝ վերադառնալ մեր ռուս և արևմտյան դաշնակիցների միջև հարաբերությունների հաստատման ու պահպանման հավասարակշռմանը: Պետք է վերջ տալ ընդդեմ Ռուսաստանի՝ Արևմուտքի խաղում մանրադրամի դեր խաղալուն: Պետք է վերադառնալ չեզոքության քաղաքականությանը, որը ես անվանում եմ դրական չեզոքություն, որովհետև մեր շահը պահանջում է համագործակցություն և Արևմուտքի, և մեր պատմական ու ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ, և, իհարկե, Իրանի հետ՝ նույնպես, որի հետ մենք ևս ունենք պատմական ու ռազմավարական հարաբերություններ: Այս խմբի ղեկավարը, սակայն, ասում է՝ համատեղելի չէ Արևմուտքի և Իրանի հետ հարաբերությունները միաժամանակ զարգացնելը: Բայց ամենաառաջնահերթն այն է, որ անհրաժեշտ է վերադառնալ ազգային միասնությանը, որովհետև այլ կերպ մենք չենք կարողանալու այս իրավիճակից դուրս գալ: Այսօր Հայաստանում քաղաքական խաղերն էլ ավելի են թուլացնում ու մասնատում երկիրը: Եվ, ի վերջո, մենք մեր թուլություններից որևէ մեկը չենք թաքցնում մեր թշնամուց: Այսպիսով՝ պետք է վերադառնալ ազգային միասնության քաղաքականությանը:
Ազգային միասնություն՝ նշանակում է կազմալուծել Ազգային ժողովը, և կամ նոր ընտրություններ անցկացնել, կամ ձևավորել ազգային միասնության կառավարություն, որպեսզի լուծում գտնենք դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց առջև կանգնած է Հայաստանը: Եվ երրորդ, ամենաբնական անհրաժեշտությունն այն է, որ այս խմբի ղեկավարն ու նրա մերձավոր կլանը պետք է ընդունի, որ պետք է հանձնի իշխանությունը: Ցավոք սրտի, ինչպես դուք ասացիք, այս կլանը գիտի, որ ինքը ձախողվել է, և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունը պահելու համար: Կամ նրանք պետք է գիտակցեն, որ պետք է գնալ ազգային միասնության կառավարություն ձևավորելու ճանապարհով, կամ նրանց պետք է փոխարինել:
Խաչիկյան.- Շնորհակալ եմ, Րաֆֆի, Ձեր ժամանակի համար: Մեզ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ զրուցել այսօր: Շնորհակալ եմ:
Րաֆֆի.- Ես էլ եմ շնորհակալ: