Հայտնվելու ենք 1990-ականների վիճակում, երբ պարբերաբար պայթեցվում էր Հայաստան մտնող գազամուղը. Վտանգում են էներգետիկ ու տնտեսական անվտանգությունը

Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելով՝ իշխանություններն ուղղակի հարվածի տակ են դնում նաև երկրի էներգետիկ ու տնտեսական անվտանգությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկող մայրուղային գազատարի մի հատված անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը, Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում՝ ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Էական չէ՝ խոսքը քանի կիլոմետրանոց հատվածի մասին է։ Այդ հատվածի անվտանգությունն այլևս որևէ ձևով երաշխավորված չի կարող լինել։

Դրանից հետո, թե իշխանություններն ինչպե՞ս են պատկերացնում Հայաստանի անխափան գազամատակարարումը, կառավարությունում առայժմ լռում են։

Հաշվի առնելով այն շտապողականությունը, որը ցուցաբերում են իշխանությունները Տավուշի գուղերը հանձնելու հարցում, թվում էր, թե հիմա ամբողջ թափով պիտի լծված լինեին շրջանցող գազատար կառուցելու աշխատանքներին, որպեսզի հասցնեին հնարավորինս կարճ ժամկետում այլընտրանք ապահովել։ Սակայն դատելով նրանից, որ այդ ուղղությամբ տեսանելի ոչինչ չի արվում, մնում է ենթադրել, որ այդպիսի նպատակներ նույնիսկ չունեն։

Առնվազն «Գազպրոմ Արմենիայից» հավաստիացրել են, որ նման հարց իրենց հետ չի քննարկվել։

Ստացվում է, որ Հայաստանը սնուցող գազատարի «անվտանգությունը» պատրաստվում են տարածքների հետ հանձնել Ադրբեջանին։

Թե սա ինչ է նշանակում, դժվար չէ պատկերացնել։ Ադրբեջանը ևս մեկ լծակ է ստանում Հայաստանի վրա ազդելու համար։

Ցանկացած պահի Հայաստանը կարող է զրկվել գազամատակարարումից։

Սա շատ նման է արցախյան իրավիճակին, երբ Արցախը սնուցող գազատարը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին. Ադրբեջանը փական տեղադրեց գազատարի վրա ու փակեց Արցախի գազամատակարարումը՝ կաթվածահար անելով տնտեսությունը, ինչպես նաև հասարակական կյանքի մյուս բոլոր կենսական համակարգերը։

Այսքանից հետո ինչո՞վ են վստահ իշխանությունները, որ նույնը չի կրկնվի Հայաստանի դեպքում։

Նման հարց այլ երկրների պարագայում գուցե և չառաջանար։ Բայց խոսքը մի երկրի մասին է, որի նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է։

Տկարամտություն է Ադրբեջանին նման լծակ տալը։ Դա երկրի տնտեսական անվտանգությանն առնչվող լուրջ վտանգներ է պարունակում՝ երաշխավորելով գազմատակարարման պարբերական խափանումները, ինչո՞ւ չէ, նաև ընդհանրապես դադարեցումը։ Չեն հասկանում, որ իրենց կողմից առաջ տարվող խաղաղության օրակարգով, որով Ադրբեջանի հետ բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հույսեր են փայփայում, երբեք էլ խաղաղություն չի լինելու։

Ի՞նչ է լինելու, երբ ինչ-որ պահի լարվածությունը կրկին թեժանա։ Միամտություն է կարծել, որ Ադրբեջանը բարի կամք է ցուցաբերելու ու թողնի, որպեսզի գազն անխափան մտնի Հայաստան։

Հայտնվելու ենք 1990-ականների վիճակում, երբ պարբերաբար պայթեցվում էր Հայաստան մտնող գազամուղը, շաբաթներով ու ամիսներով երկիր գազ չէր մտնում, էներգետիկ համակարգն ու ամբողջ տնտեսությունը ճգնաժամի մեջ էին։

Ոչ միայն գազ, այլև էլեկտրաէներգիա չկար։ Էներգետիկ ճգնաժամը կաթվածահար էր արել ողջ տնտեսությունը, օրվա մեջ մարդիկ հազիվ մի քանի ժամ հոսանք էին ստանում՝ կենսական տարրական խնդիրները մի կերպ լուծելու համար։

Մեծ ջանքեր ու երկար ժամանակ պահանջվեց, մինչև հաջողվեց լուծել գազատարի անվտանգության խնդիրը։

Հիմա, երբ Հայաստանը սնուցող մայրուղային գազատարն իշխանությունները պատրաստվում են հանձնել Ադրբեջանին ու այլընտրանքային հնարավորություն չեն ստեղծում, ո՞վ է երաշխավորելու, որ այս խնդիրները նորից չեն կրկնվելու։ Թե՞ դրանով հիմքեր են ստեղծում ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու համար։

Վաղուց են կարծես երազում դրա մասին։ Հավանաբար պատահական չէին այն հայտարարությունները, որ պատրաստ են Ադրբեջանից գազ ստանալ։

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել՝ երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո։

Խորհրդային ժամանակներում մենք մեր գազը ստանում էինք Ադրբեջանից՝ երեք հսկայական խողովակաշարերի միջոցով, և այժմ կարող ենք վերականգնել դրանք, եթե այլևս քաղաքական խնդիրներ չլինեն մեր երկրների միջև:

Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և մենք կարող ենք համագործակցել ու դիվերսիֆիկացնել մեր էներգահամակարգերը, ինչպես այն ժամանակներում»,- այս մասին անցած տարվա վերջին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարում էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Հիմա եկել է իրենց վաղեմի երազանքն իրականացնելու ժամանակը։ Հավանաբար մտադիր են ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով և իրենց կարճ խելքով՝ լուծել Ռուսաստանից էներգետիկ կախվածության խնդիրը։

Երևի մտածում են՝ Ադրբեջանից էներգետիկ կախվածությունն ավելի ձեռնտու է։

Հայաստանը սնուցող գազատարի մի հատվածն Ադրբեջանին հանձնելով, հավանաբար պատրաստվում են այդ նույն գազատարով ադրբեջանական գազը բերել ու տնտեսություն «զարգացնել»։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահը ևս ակնկարկել է, որ հարաբերությունների կարգավորումից հետո, հետագայում Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ։

Այդպես էլ չհասկացան, որ անգամ քաղաքական ու անվտանգային բոլոր վտանգներն ու ռիսկերը մի կողմ դնելու պարագայում, ադրբեջանական գազը չի կարող այլընտրանք լինել ռուսականին։ Այլապես հիմա վաղուց Վրաստանը նստած կլիներ միայն ադրբեջանական գազի վրա։ Այնինչ՝ շատ ավելի թանկ գնով, քան հիմա Հայաստանն է ստանում, ռուսական գազ է գնում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս